‘Համաշխարհային հայկական կոնգրեսը պաշտոնապես բողոքի նամակ է հանձնել ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանին’

1128

Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարությամբ էր հանդես եկել ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Դոգու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացրած որոշման դեմ և դիմում էր հղել Շվեյցարիայի կառավարությանը՝ հորդորելով բողոքարկել Դատարանի որոշումը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Համաշխարհային հայկական կոնգրեսի մամուլի ծառայությունից, մարտի 7-ին Կոնգրեսի պատվիրակությունը, առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ, նամակը պաշտոնապես հանձնել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերին:

Հայաստանյան կողմը իր շնորհակալությունն է հայտնել այդ հարցում Շվեյցարիայի կառավարության արդար ու անկողմնակալ դիրքորոշման համար`  ափսոսանք հայտնելով, ու եվրոպական Բարձր ատյանը, հակառակ որդեգրած իր սկզբունքներին ու մոտեցումներին, կայացրել է կանխակալ որոշում:  Դեսպանն իր հերթին նշել է, որ Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարարությունը նույնպես գտնում է անհրաժեշտ բողոքարկելու որոշումը, և մոտ օրերս Կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի: Պարոն Գասսերը խոստացել է հնարավորինս շուտ նամակը փոխանցել Շվեյցարիայի կառավարություն:

Հանդիպման ընթացքում խոսվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնության մասին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Երևանում հրավիրել Ցեղասպանությունը ճանաչած պետությունների խորհրդարանների ներկայացուցիչների միջազգային ֆորում, ինչը դրական է ընդունվել դեսպանի կողմից:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2013 թ. դեկտեմբերին բավարարել է Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ գործունեություն ծավալող Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի:

Նախորդ հոդվածը‘Շալանդ. Համոզված եմ, որ Հայաստանի հավաքականը կարող է լուծել բարդ խնդիրներ’
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. ԱՄՆ-ը չի ճանաչի Ղրիմի հանրաքվեի արդյունքները’