‘ՀԱՄԱՍ-ը խզում է հարաբերությունները Թեհրանի և Դամասկոսի հետ’

1017

Պաղեստինյան իսլամական ՀԱՄԱՍ կազմակերպությունը հայտարարել է, որ խզում է հարաբերությունները վերջին երկու տասնամյակների ընթացքում իր գլխավոր դաշնակիցների՝ Սիրիայի և Իրանի հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ինչպես հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները, ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հալեդ Մաշալը սիրիական և իրանական մամուլում գրոհի է ենթարկվել այն բանի համար, որ որոշել է Դամասկոսից դուրս բերել կազմակերպության կենտրոնակայանը: Սիրիական պետական հեռուստատեսությունը Մաշալին «դավաճան» է անվանել, իսկ իրանական մամուլը գրել է, որ նա «սիոնիզմի գործակալ» է:

ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից Ահմեդ Յուսեֆը հայտարարել է, թե նման մեղադրանքներից հետո «բոլոր կամուրջներն այլևս այրված են», և նախկին դաշնակիցների հետ հարաբերությունները չեն կարող վերականգնվել:

Պաղեստինյան խմբավորումը, որը վերահսկում է Գազայի հատվածը, հայտարարում է, որ աջակցում է Սիրիայի սուննի ապստամբներին: Տարածաշրջանի դիտորդները նշում են, որ Իրանի և ՀԱՄԱՍ-ի միջև խզումը Մերձավոր Արևելքում սուննիների և շիաների միջև դավանաբանական հակասությունների խորացման արտահայտությունն է:

Նախորդ հոդվածը‘Քարվաճառում խմելու ջրի մագիստրալի խողովակներն արդեն տեղադրվել են ‘
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը վաճառեց ԱԳՆ-ի շենքը «Տանգո»-ին ‘