‘Համատարած ողբ, կամ` ինչպես «փրկել» Հայաստանը…’

2351

Այո, ընկերնե՛ր: Աշխարհը ամբողջ

Ողբում է հիմա աղետը հայոց,

Չի կարողանում մեր վշտից քնի,

Ուզում է մի կերպ, մի բանով օգնի…

Եղիշե Չարենց

«Ազգային երազ»

 

Այո, ընկերնե՛ր, տեղ հասանք: Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը, իսկ իրականում` արյան ու բռնության գնով հաստատված իշխանության պահպանման տենչը, մեզ բոլորիս հասցրեց մի հանգրվանի, ինչն ամենավատ երազում անգամ չէինք կարող երեւակայել:

Վարչախումբն իսկապե՛ս ջանաց եւ, ցավոք, հասավ նրան, որ մեր պետականությունն ամրացնելու, տնտեսությունը զարգացնելու, արտաքին քաղաքականության մեջ որեւէ հավասարակշիռ դերակատարում ստանձնելու ամենախղճուկ փորձերն անգամ` կրկին ու կրկին հանգեն «Հայկական հարցին», որում, ինչպես միշտ, «հին թղթե շերեփն ունենալու» հանգամանքն ենք արձանագրում: Կամ` մեր ֆիզիկական անվտանգության պահպանության խնդիրն այսօ՛ր էլ թիվ մեկ մարտահրավերը դիտարկում` ինչպես «Ուրվագծի» տաղավարում ոչ անհայտ Խոսրով Հարությունյանը ձեւակերպեց…

Հիմա սրա ֆոնին պնդել, թե իշխանական քարոզչամեքենան ու Բաղրամյան 26-ի սազանդարներն այս էլեմենտար բանը չեն հասկանում՝ մեղք կգործենք: Բոլորն էլ հրաշալի հասկանում են, որ եթե իշխանությանդ համար պարտական ես ոչ թե ժողովրդի քվեին, այլ մարտի մեկի արյանն ու անօրինակ կեղծիքներին, ստիպված ես շնորհակալություն հայտնել հենց իշխանությունը զավթած փոքր խմբակին, ով քեզ օգնեց աներեր մնալ ժողովրդական ընդվզմանը դեմ հանդիման:

Երեխան էլ գիտե, որ չնայած իրենց կողմից Հայաստանում եւ Հայաստանի՛ համար հայտարարված նպատակներին ու արժեքներին` եթե նույն եվրոպացիների լուռ համաձայնությամբ եւ օրհնությամբ ես բարձրանում դեպի «Պառնաս», ինչ-որ պահի ստիպված ես լինելու նրա՛նց կոնկրետ գին վճարել, եւ միշտ չէ՛, որ այն կարող է համարժեք լինել ազգային շահերիդ ու երազանքներին:

Ոզնուն էլ պարզ է, որ եթե Ազատության հրապարակի արյունը դեռ չմաքրված` շնորհակալությանդ կերկեր խոսքն ես ուղղում հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչին, ուրեմն՝ պարտավոր ես նրա՛ շահն էլ զանց չառնել: Մանավանդ` ուրիշինն առաջ տանելու հաշվին: Դեռ քո շահը մեկդի ձգենք:

Վերջապես` երբ նույնիսկ քո «սազանդարներն» են ամրագրում, որ, դիցուք` նույն Եվրոպան բազում չլուծված խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, որ նրանք այս ու այն հակամարտությունն ունեն, բայց շարունակում ես «միաժամանակ երկու աթոռներին նստած՝ սիրախաղ անել», հասկանալի է, որ քեզ էլ, երկիրն էլ միաժամանակ բոլորի հոշոտմանն ես հանձնում…

Բայց ինչպես ասում են` դեռ սա՛ էլ վերջ չէ: Երբ այս ամենին զուգահեռ` ոչ միայն որեւէ ներքին բարեփոխում չես սկսում երկրում, որ հանրային սիրտը մխիթարես ու երկխոսություն սկսես քո՛ իսկ հայրենակիցների հետ` նախ եւ առաջ Հայաստանի՛ն «ասոցացվելով», երբ ետընթաց ես գրանցում միաժամանակ  բոլո՛ր ոլորտներում, երբ աղքատությունն ու արտագաղթն արդեն պետականությա՛ն հիմքերն են սասանում, երբ ոստիկաննե՛րդ են մարդկանց  ծեծում ու բանտերը հագեցնում քաղբանտարկյալներով, դատավաճիռը ստորագրվա՛ծ է: Այդ դեպքում իշխանությունն ընդհանրապե՛ս իր համար խուսանավման կամ փրկության տեղ չի թողնում, եւ ազգային օրակարգն էլ սկսվում ու ավարտվում է մեն մի հարցով` ազատագրո՛ւմ նման անպիտան ու բոլոր առումներով վտանգավոր իշխանութունից:

Մեր փոխարեն, սակայն, վիճակ գցողները սրանց կաղ ձիու վրա չափից մեծ խաղագումարներ են դրել` հրաժարվելու համար: Այդ պատճառո՛վ են հիմա տնքում ու ողբում: Նաեւ` իրար ձեռքից խլում-խլխլում «տարածաշրջանի ամենացանկալի փեսացուի դերակատարումն ստանձնածին»: Եւ այնքան են ոչ ադեկվատ դառնում բարձրացրած աղմուկում, որ մեկ` դեպի Եվրոպա մեր մուտքն են արգելափակում, մեկ` դեպի Եվրոպա հետագիծը չջնջված համարում, մեկ խոսում են Մաքսային միության եւ ԵՄ անհամատեղելիությունից, մեկ էլ հանկարծ ինչ-որ նոր հնարավորություններ ու բարձր պատուհաններ են մատնանշում, որով կարելի է Մաքսային միությունը շալակած էլ ներս ընկնել Եվրոպա: Շուտով նույնիսկ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների մակարդակո՛վ կհավաքվեն Երեւանում, որպեսզի «մխիթարեն» Կրեմլից ճնշվածին, նրան ասոցացվելու նոր ուղիներ որոնեն եւ, իհարկե, մոռացության տան բանտում գտնվող Տիգրան Առաքելյանին ու հալածվող ակտիվիստներին, որոնց «հանկարծ նկատելու ճանապարհին» Եվրոպան այս վերջին օրերին «մի քանի քայլ առաջընթաց էր գրանցել», ինչպես «մենք»` նախագահական, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման ընտրություններին…

Մի խոքով` կատարյալ աբսուրդ: Մանավանդ` երբ կոլերովներն ու մյուսներն էլ այնտեղ են պատմում` թե ռուսներն իրե՛նց հերթին  ինչեր են խոստանում. է՛լ կատարյալ անվտանգություն, է՛լ մեր պատուհանով ԼՂՀ ներգրավում՝ դեպի զարգացման լայն ու լուսավոր ուղիներ, է՛լ 180 դոլարանոց գազ ու ներդրումներ, է՛լ խաղաղություն Մերձավոր Արեւելքում, մասնավորապես` մեզ համար կարեւոր Սիրիայում, է՛լ ներողություններ` Կալինինգրադի մարզի հետ մեզ, իբր, նույնացնելու միքտը սխալ հասկանալու համար…

Աշխարհն, այսինքն, իրո՛ք որ մեր վշտից քուն-դադար չունի, եւ ով հասցնում` ուզում է անպայման մի բանով օգնած լինել այս բազմաչարչար ժողովրդին:

Հարցը, սակայն, համառորեն նո՛ւյնն է. դուք բոլորդ ո՞ւմ նկատի ունեք` Հայաստան ասելով: Ո՞ր Հայաստանին եք կամենում օգնել` նրան «ասոցացնելով կամ անվտանգելով»: Իսկ ամենակարեւորը` ինչպե՞ս, եթե ձեռքներիդ շարունակում եք Բաղրամյան 26-ի հին ու անպիտան գործիքակազմը խնամքով պահպանել՝ հաշվի չառնելով այս հողի վրա ապրող ժողովրդին…

 

Գոհար Սիմոնյան

 

Նախորդ հոդվածը‘ՖԱԹՀ-ը մահապարտների գրոհ է նախապատրաստում’
Հաջորդ հոդվածը‘Խաչիկյանի գործով եւս մեկ վկա է մահացել’