‘Համոն փողը չի տվել. Ընտրություններ-2013 ‘

1373

Վերջապես պարզ դարձավ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների վերջնական ցանկը՝ գործերը ներկայացրած 15 հոգուց մնաց 8-ը։ Այս երկու թվերն արժանի են մեկնաբանության։ Մատից վերլուծություն ծծող ինքնահռչակ քաղաքագետներն ու վերլուծագանգերը համերաշխ լռելու են այս երկու թվերի գրեթե կրկնակի տարբերության ոչ սովորական երեւույթի մասին։ Ինչո՞ւ այդ 7 հոգին դիմեցին, եթե գիտեին (չէին կարող չիմանալ), որ չեն կարողանալու գրանցվել (փողը ճարել)։

Պատճառը շատ հետեքրքիր է։

Սերժ Սարգսյանն առաջադրումների այս սցենարը (իրենց բացի՝ 13 հոգի) գծել էր այն դեպքի համար, եթե թեկնածուներ առաջադրվեին Հայ ազգայն կոնգրեսից Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանը, կամ՝ նրանցից որեւէ մեկը։ Իրական հակառակորդի դեմ պայքարելու դեպքի համար է, որ 13 դրածո թեկնածու էր նախատեսվել, նախապատրաստվել։ Սրանց գործը պետք է լիներ մեկը՝ իրենց հատկացված եթերաժամերին բոլորը հարձակվեին մեկի՝ (Սերժ Սարգսյանի հակառակորդի) վրա։ Ճիշտ այնպես, ինչպես 2008-ին բոլոր 7 թեկնածուներն աշխատում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ։ Երբ ոչ միայն տեսականորեն, այլ նաեւ գործնականում Սերժ Սարգսյանի համար վտանգավոր առաջադրումները 100% դարձան անհնար, ահա դրանից հետո միայն սցենարը փոխվեց։ Երբ արդեն չկա իրական վտանգ ներկայացնող հակառակորդ, ընդամենը պետք է մի թեթեւ ընտրության «ֆասադ» ստեղծել դրսի եւ ներսի համար։ Իսկ դրա համար 6 քաղաքական խեղկատակ դրածոն էլ բավական է։ Ուստիեւ մյուսները (7 հոգի) ետ կանչվեցին։ Կամ՝ նրանց համար «Համոն փողը չտվեց»։

Հ. Գ. Երբեւէ մենք հաստատ կիմանանք, կպատկերացնենք էս իշխանության արած-չարածը մանրամասնորեն։ Բայց երբեւէ կկարողանա՞նք պատկերացնել այս հինգ տարում նրանց ապրած վախի ու սարսափի ամբողջ ծավալն ու խորությունը տարբեր, այդ թվում ՝նաեւ այս դրվագում:

Արտաշես Ավագյան

 

 

Նախորդ հոդվածը‘Դիտորդական առաքելություն կիրականացնի նաև «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» կազմակերպությունը’
Հաջորդ հոդվածը‘ Փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը’