‘Համ բրիգադիր է, համ պատգամավոր. Մամուլ’

1497

Երեկ «Հայկական ժամանակի» թղթակիցը Երևանի Փակ շուկայի մոտ (շուտով՝ «Yerevan City») նկատել է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ով անձամբ է ղեկավարելիս եղել ճարտարապետական այդ կառույցի շինարարական աշխատանքները, բանվորներին ինստրուկտաժ անելով: «ՀԺ» թղթակցի հարցին՝ ի՞նչ նպատակով եք էստեղ, եկել եք շինաշխատանքները ղեկավարելո՞ւ, Ալեքսանյանը խուսափողական պատասխան է տվել: «Չէ, այ ցավդ տանեմ, մարդ պտի տենայի: Փողոցի վրա հանդիպել ես, ի՞նչ ես ուզում ինձնից»,- ասել է գործարար պատգամավորը: «Փակ շուկայի հետ կապ չունեք, փաստորեն»,- դիտարկել է թղթակիցը: «Չէ, չէ: Ուղղակի պրոսպեկտ մարդ պտի տենայի, եկել եմ»,- հայտնել է բրիգադիր-պատգամավորը:

\"\"

Իսկ այդ նույն ժամին մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը քննարկում էր Փակ շուկայի հարցը՝ կազմելով եզրակացություն՝ ապամոնտաժել շինության նորակառույց ծավալի երկաթբետոնե հիմնական հատվածը: «Խորհուրդը տվել է մասնագիտական եզրակացություն, որը ենթադրում է իրականացնել նախագծով նախատեսված Փակ շուկայի ետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման, ինչպես նաև նորակառույց ծավալի երկաթբետոնե հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքները՝ նախագծով ներկայացված և խորհրդի կողմից որոշված ընդունելի ծավալով: Խորհրդի եզրակացության համաձայն, այս աշխատանքների ավարտից հետո կմշակվի շուկայի վերականգնման նախագիծը՝ շինության տեխնիկական վիճակի մասին նոր եզրակացության հիման վրա և այն սահմանված կարգով կներկայացվի ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը մի շարք ԶԼՄ-ներ ներկայացրին որպես մշակույթի նախարարության որոշում:

Սակայն, ուշադրություն դարձրեք, նախարարությունը դեռ պետք է հաստատի խորհրդի եզրակացությունը, ինչին, մեղմ ասած, կասկածում ենք: Նույնիսկ կարող ենք գրազ գալ, որ Սամվել Ալեքսանյանի ծրագրերն իրար չեն խառնի ո՛չ նախարարությունը, ո՛չ էլ պատկան այլ կառույցներ: Այս պնդման հիմքն այն է, որ չնայած օրեր առաջ մշակույթի նախարարությունը հայտարարեց, որ Փակ շուկայում իրականացվող շինարարությունն ապօրինի է, չնայած Երևանի քաղաքապետարանն ընդամենը վարչական տույժ կիրառեց՝ սեփականատիրոջը տուգանելով 2 միլիոն 700 հազար դրամով, այնուամենայնիվ, Սամվել Ալեքսանյանը երեկ ղեկավարում էր անարգել ընթացող շինարարությունը:

Ի դեպ երեկ մի ուշագրավ իրադարձություն էլ է տեղի ունեցել: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նույն Սամվել Ալեքսանյանին «չպատկանող» Երևան Սիթիին տուգանել է 900 հազար դրամով: Գիտե՞ք ինչի համար: Որովհետև սուպերմարկետների այդ ցանցում վաճառվող էլեկտրատեխնիկան ու խաղալիքները չունեն հայերեն մակնշում: Այլ կերպ ասած, ըստ ՏՍՊՊՀ-ի՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքի ներկրման բացարձակ մոնոպոլիստը ուրիշ որևէ խախտում չի կատարում: Հասկանո՞ւմ եք: Նա ստվերում չի գործում, չի խաթարում տնտեսական մրցակցությունը, չի ավերում հուշարձան շենքը, պատգամավոր լինելով բիզնեսով չի զբաղվում, չի ղեկավարում ընտրակեղծիքների գործընթացը…: Նրա ամենամեծ խախտումն առանց հայերեն մակնշման էլեկրտաթեյնիկներ վաճառելն է և ընդամենը: Մեզ մնում է միայն կռահել՝ Սամվել Ալեքսանյանն է ձեռ առնում տարբեր նախարարություններին ու պետական կառույցներին, թե վերջիններս են ձեռ առնում բոլորիս:

Նախորդ հոդվածը‘«Ստյաուան» հաղթեց «Չելսիին»’
Հաջորդ հոդվածը‘Կախված «Ժառանգության» հետընտրական պահվածքից. Մամուլ’