‘Հայազն. Հրատապ է երկրում ապօրինաբար իշխող ապազգային վարչախմբի հեռացումը’

1302

Հայաստանի ինքնիշխանությունը մերթ Բրյուսելին, մերթ Մոսկվային զոհաբերող, ժողովրդին թալանող, նրա հարստությունը վատնող և օտարող, իր նյութապաշտությամբ և օտարամոլությամբ սեփական երկիրը թուլացնող, ազգային նորանոր սպառնալիքների պատճառ հանդիսացող անօրինական վարչախումբը և նրա ղեկավար Սերժ Սարգսյանը ենթակա են անհետաձգելի իշխանազրկման:

Դրա փոխարեն ժողովրդի վստահությունը վայելող, ազգային նպատակներում հաստատակամ և վճռական կառավարության ձևավորումը «Հայազն» կուսակցության հիմնական և առաջնահերթ նպատակներից է:

«Հայազնը» երբեք չի շեղվել ազգային ինքնիշխանության գերակայության, երկրի ինքնիշխանությունը սահմանափակող որևէ վերպետական կազմավորմանը չանդամակցելու իր սկզբունքային ծրագրային դիրքորոշումից:

Դեկտեմբերի 2-ին «Հայազնի» բազմաթիվ անդամներ մասնակցել են, Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի օրը, հանուն Հայաստանի ինքնիշխանության, մասնավորապես` Եվրասիական համագործակցությանը և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ կազմակերպված ցույցին:

Օտար և տեղական լրատվամիջոցների առանձին մեկնաբանությունները, թե իբր ցույցի մասնակիցները կողմ էին եվրոպական ինտեգրացիային և դեմ Սերժ Սարգսյանի հրաժարականին, որ այն կազմակերպված էր բացառապես Պուտինի դեմ` արևմտյան կամ իշխանական դրդմամբ` իրականությանը չեն համապատասխանում:

Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ «Հայազն» կուսակցությունը ազգային ինքնիշխանության համար նույնքան վտանգավոր է համարում, կտրականապես և «մաքսայինին» հավասար մերժում է Եվրոմիության հետ ասոցացվելը: Ինչպես նաև, «Հայազն» կուսակցությունը խիստ հրատապ է համարում երկրում ապօրինաբար իշխող ապազգային վարչախմբի հեռացումը:

«Հայազն» կուսակցության վարչություն

Նախորդ հոդվածը‘Պատգամավոր. «Պարտադիր կուտակայինը ոչ պոպուլյար, ոչ գրագետ գործիք է»’
Հաջորդ հոդվածը‘ԴԱՀԿ-ի Միհրանը շեֆ է աշխատում Հրայր Թովմասյանի մոտ ‘