Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան (Ալիք Մեդիա)

1108

Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» վերնագրով ժողովածուի (Երեւան, 2023 թ.) հրապարակումից քիչ անց լույս է տեսել մի այլ ստվարածավալ գիրք՝ Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի. ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» (Երեւան, 2023 թ.)։ Այս երկրորդը, ինչպես դժվար չէ հասկանալ վերնագրից, նպատակ ունի ցույց տալու, թե ինչ է արել Սերժ Սարգսյանը այդ «բանակցային առաջնագծում», Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանի համար կարեւորագույն արտաքին քաղաքական խնդիրներից մեկում։

Նախապես` մի քանի ներածական դիտարկում։

Հեղինակը պատմաբան է, պատմական գիտությունների թեկնածու։ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին երկու տարի եղել է նրա մամուլի քարտուղարը, ապա որպես նրա քաղաքական թիմի անդամ՝ ԱԺ պատգամավոր։

Առաջաբանում ասում է, որ ինքը հուշագրություն է գրում՝ «քաղաքական նշանակալի իրադարձությունների վերաբերյալ ականատեսի իմ հիշողությունն ու շատ դեպքերում բացառիկ տեղեկությունները փոխանցելու գալիք սերունդներին»։ Եվ դա համարում է կարեւոր պատմական սկզբնաղբյուր. «պատմական կարեւոր իրադարձությունները ուսումնասիրելիս մասնագետների առաջին հայացքն ուղղվում է հենց նման աղբյուրների՝ այդ դեպքերի մասնակիցների կամ ականատեսների հուշագրություններին ու վկայություններին», ուստիեւ իր գրածը «ոչ թե պատմություն է, այլ պատմության համար է» (էջ 15-17)։

Ֆարմանյանը նաեւ դժգոհում է, որ մեր պատմությունը կեղծվել եւ կեղծվում է. «Պատմության համակարգված խեղաթյուրումն ու ուրացումը խորթ չէին հայաստանյան քաղաքական մշակույթին։ Այն մեր քաղաքական կյանքի երկվորյակն է, ու դա գիտեի ե՛ւ որպես պատմաբան, ե՛ւ որպես քաղաքականությամբ զբաղվող մարդ… երբ ուրանում են պատմությունը, դա այլ բան է. փչացած հիշողությունը ամենամեծ չարիքն է, որն ունակ է գիլյոտին դառնալ յուրաքանչյուր ժողովրդի գլխին» (էջ 14-15)։ Ընդհանուր առմամբ ճիշտ եւ այդքան խիստ այս արձանագրում-դատապարտումից հետո, սակայն, նա գեթ հակիրճ չի մասնավորեցնում, թե մեր պատմության հատկապես ո՛ր շրջանը երբ եւ ում կողմից է կեղծվել եւ ուրացվել՝ «գիլյոտին դառնալով ժողովրդի գլխին»։

Այս ամենը միայն նրա համար է, որ ընթերցողը համարի, թե պատմությունը կեղծելու թշնամի է հեղինակն ի սկզբանե, եւ ինքն անաչառ կերպով միայն ճշմարտությունը պետք է ասի՝ հենված փաստերին ու փաստաթղթերին։

Եթե մեզանում խոսվել է պատմության «համակարգված խեղաթյուրման եւ ուրացման» մասին, ապա դա վերաբերել է վերջին 35-ամյա շրջանին՝ սկսած 1988-ից։ Առաջին անգամ այս թեման հրապարակային լայն քննարկման առարկա դարձավ, երբ 2012-ին հրատարակվեց «Հայոց պատմություն» դասագիրքը բուհերի համար՝ տիտղոսաթերթում որպես դրա պատասխանատուներ դրոշմված «ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, Երեւանի պետական համալսարան, Հայոց պատմության ամբիոն»։ Գրվեցին տասնյակ հոդվածներ, հրապարակվեց նաեւ մի առանձին գիրք (Ա. Սարգսյան, Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը. 1988-1998 թթ., Երեւան, 2015)։ Ո՛չ նշյալ պատասխանատուների, ո՛չ դասագրքի տվյալ մասի հեղինակի կողմից ոչ մի պատասխան կամ բացատրություն չեղավ։

Ֆարմանյանն այդ իշխանության մաս էր իր նշած կարեւոր պաշտոններում։ Ավելին՝ նա նաեւ դասավանդում էր նույն ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում, որտեղ ծնվել էր այդ դասագիրքը, եւ ինքն էլ, բնականաբար, դասավանդել է հենց այդ կեղծված պատմության դասագրքով։ Այսինքն, ե՛ւ որպես իշխանության մաս, ե՛ւ որպես ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, ինքը նույնպես պատասխանատու էր այդ կեղծիքների, ուրացումների ու դրանց տարածման համար։

Հիմա դառնանք նրա նոր հրատարակված գրքին։

Գիրքը, իհարկե, հուշագրություն չէ։ Քիչ տեղեր կան, երբ հեղինակը ներկայանում է որպես իրադարձությունների մասնակից կամ կարելի է ենթադրել, որ նա ներկա ու մասնակից է եղել դրանց։ Շարադրանքի մեծ մասը կապ չունի հեղինակի մասնակից կամ ականատես լինելու հանգամանքի հետ։ Իսկ այդ մեծ մասը շատ տեղերում կարիք ունի աղբյուրների հղման, հիմքերի, փաստաթղթերի մատնանշման։ Մինչդեռ նման բան գոյություն չունի։

Այնպես չէ, որ Սամվել Ֆարմանյանը` գեթ որպես պատմաբան, չգիտի դրա անհրաժեշտության մասին։ Հենց դրա համար էլ գրքի Առաջաբանում մի քանի անգամ շեշտում է, որ ներկայացրածը հուշագրություն է, եւ որ այդ ժանրը հեղինակին որոշակի ազատություններ է տալիս։ Այո, բայց ոչ ամեն տեսակի ազատություն, մասնավորապես՝ ո՛չ անհիմն գնահատականների, փաստերի խեղաթյուրման, իրողությունների անտեսման, ուրացման ու կեղծման, ինչի դեմ այդքան խիստ արտահայտվում է հեղինակը նույն էջերում։

Հիմա` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ «բանակցային առաջնագծում» նախաձեռնած կամ հետապնդած խնդիրների մասին։

Դրանք երեքն են եղել.Ա) Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում.
Բ) Լեռնային Ղարաբաղի խնդիր.
Գ) ԵՄ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում եվրոպական ինտեգրում։

Եվ որովհետեւ սրանցից առաջինի մասին է Ֆարմանյանի գիրքը, դրան անդրադառնանք մի քիչ ավելի հանգամանորեն։

Անկախ այն բանից՝ պատմություն ես շարադրում, հուշեր, խոհեր թե մտորումներ, երբ որոշակի մի հարցի մասին է դա, նախ` պետք է օբյեկտիվ, չխեղաթյուրված, չկեղծված ու հստակ լինի դրա ՀԻՄՔԸ։ Ըստ հեղինակի՝ ելակետային ի՞նչ իրավիճակ է ունեցել Սերժ Սարգսյանը հայ-թուրքական կարգավորման հարցում որպես հիմք.

«Աղետալին այն է, որ ո՛չ մեր քաղաքական ու հասարակագիտական միտքը, ո՛չ մամուլն ու մտավորականությունը, եւ ո՛չ նույնիսկ պետական կյանքի կազմակերպիչները, կղզիացած բացառությունները չհաշված, անկախության ողջ ընթացքում քաղաքական ընդհանուր աղմուկի մեջ այդպես էլ չէին համարձակվել հանրությանը մատուցել այն մերկ ճշմարտությունը, որ քանի դեռ Թուրքիայի եւ մյուս հարեւանների հետ մեր հարաբերությունները կարգավորված չեն, Հայոց նորանկախ պետության գոյությունը մնալու է չերաշխավորված» (էջ 44)։

Սա, մեղմ ասած, կեղծիք է։ Հարեւան բոլոր ժողովուրդների հետ խաղաղ ու համերաշխ ապրելու հիմնադրույթն առանձին կետով հստակ արձանագրված է Հայոց համազգային շարժման դեռ 1988-ի օգոստոսի 19-ին հրապարակված ծրագրի մեջ որպես կարեւոր հիմնադրույթ (փաստաթուղթը տե՛ս Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը, Երեւան, 2016, էջ 15)։ Նույն քաղաքական ուժի իշխանության ողջ ընթացքում այն իր կարեւորությամբ եւ լուծման ուղղությամբ գործադրված ջանքերով Ղարաբաղյան խնդրից հետո եղել է արտաքին քաղաքական երկրորդ առանցքային, կենսական համարված հարցը (տե՛ս այդ թեմաներով ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթների երկու ժողովածուները. «Հայ-թուրքական հարաբերություններ», Երեւան, 2009, «Հայոց ցեղասպանություն», Երեւան, 2015)։

Հայ-թուրքական հարաբերությունների խնդրի հետ կապված որպես հիմք Ֆարմանյանը նշում է նաեւ հայ քաղաքական մտքի ու պատկերացումների երեք «հոսանք».

«Առաջին ուղղության համաձայն՝ «թուրքը մնացել է թուրք» եւ առիթ է փնտրում կիսատ թողած գործն ավարտին հասցնելու համար… Այս հոսանքը պետության իմաստը հանգեցնում է հակաթուրքականության ու պատմական արդարության վերականգնմանը» (էջ 45)։

(Երկրորդ հոսանքը) «պնդում է, որ թուրքն առաջվա թուրքը չէ, փոխվել է աշխարհը, փոխվել է Թուրքիան, փոխվել են այդ պետության շահերը, եւ պետք է ամեն գնով՝ հնարավոր մեծ զիջումներով նույնիսկ ձգտել կարգավորել հարաբերությունները…» (էջ 46)։

Ֆարմանյանն այս մոտեցումները դատապարտում է, համարում «անպատասխանատու, սնանկ եւ իռացիոնալ»։

Որպես ամբողջ մի գրքի հիմք ներկայացված մռայլ այս համապատկերում, ահա, հառնում է «հայաստանակենտրոն» երրորդ ուղղությունը՝ անձնավորված Սերժ Սարգսյանով, որը խնդիր դրեց՝

«…թե ինչպես, ճիշտ քարտեզագրելով մեծ խաղացողների շահերն ու երկու պետությունների իրական հնարավորությունը, հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ այդ ճանապարհին չկորցնելով սեփական հիշողությունն ու չշեղվելով սեփական շահերից… հենց այդ մտածողությունն էլ, որի փոքրաթիվ կրողներից էր նաեւ Սերժ Սարգսյանը, դառնալու էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հայաստանյան նախաձեռնության աղբյուրը» (էջ 46)։

Այսինքն՝ երրորդ այս ուղղությունը հեղինակ, հասցե, տեր ունի ի դեմս Ս. Սարգսյանի։ Առաջին երկուսն «անտեր» են. ինչ քաղաքական ուժեր կամ անհատներ են դրանք ներկայացրել՝ մնում է անհայտ։ Ինչո՞ւ։ Դատապարտման խոսք ասելուց հետո ընթերցողին չպիտի՞ ասել, թե այն ում է վերաբերում, եւ չպիտի՞ հղվեն այն փաստաթղթերը, որոնք հիմնավորում են դա։ Մանավանդ որ դա ոչ մի կերպ չի կարելի հեղինակի հուշ համարել։

Եվ եթե այս երեք ուղղություններից երրորդը «սեփականաշնորհված է» Սերժ Սարգսյանին, ընթերցողը որտե՞ղ՝ առաջինո՞ւմ, թե՞ երկրորդում պետք է փնտրի Հայոց համազգային շարժմանը, որը շուրջ տասը տարի հետեւողականորեն հետապնդել է այս խնդիրը եւ առավելագույնս մոտեցել դրա լուծմանը, ընդ որում՝ առանց տխրահռչակ «պատմաբանների հանձնաժողովի» դրույթի կամ նախապայմանի։

Եթե կեղծիք եւ ուրացում է դրված խնդրի հիմքում, դրա վրա կառուցված որեւէ շարադրանք չի կարող հավաստի ինչ-որ բան պարունակել, ինչ ժանրով էլ գրված լինի՝ պատմության թե հուշագրության։ Այդ դեպքում անարժեք են դառնալու նաեւ, իրադարձությունների ետնաբեմում լինելով, ունեցածդ եւ հաղորդածդ տեղեկությունները, որոնք պարտադիր պետք է հարմարեցվեն կեղծված այդ հիմքին, ծառայեն իր հերոսի «հայաստանակենտրոն» լինելը ցուցադրելու գերխնդրին։

***

Ինչպես ճշգրիտ չափման միավորներ ունեն զանգվածը, երկարությունը, ժամանակը եւ այլն, գնահատման նույնպիսի ճշգրիտ չափորոշիչ ունի նաեւ քաղաքական ուժի, անհատի, երկրի ղեկավարի քաղաքական գործունեությունը։ Եվ դա նրա գործունեության, նախաձեռնությունների ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրում Սերժ Սարգսյանի նախաձեռնության եւ գործունեության քաղաքական արդյունքներն այսպիսին են.

  • Ի դեմս 2008 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված փաստաթղթերում արձանագրված «պատմաբանների հանձնաժողովի» հիշատակման, առաջին անգամ հայկական կողմից կասկածի տակ դրվեց Հայոց ցեղասպանության փաստը։ Եվ դա օբյեկտիվորեն այլ բան չէր, քան բարձրագույն մակարդակով Ցեղասպանության ուրացման խայտառակ մի ակտ, ինչը Սերժ Սարգսյանի դեմ ցասման հսկայական ալիք բորբոքեց Սփյուռքի գրեթե բոլոր գաղութներում։
  • Թուրքիան դրանով կարեւորագույն փաստարկ ստացավ դիմակայելու այն երկրներին, որոնք կնախաձեռնեին Ցեղասպանության ճանաչումը։
  • ԱՄՆ-ը, որ այդ գործընթացի կարեւոր դերակատարն էր, նույն այդ հիմքով ազատվեց Հայոց ցեղասպանության հետ կապված (Ապրիլի 24-ի առիթով) ինչ-որ բան ասելու գլխացավանքից։
  • Սնանկ դուրս եկան Հայաստանի իշխանության այն պնդումները, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այդ գործընթացում Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցը չի դնելու որպես նախապայման։
  • Լրջորեն տուժեց Հայաստանի միջազգային վարկանիշը։
  • Հայ-թուրքական հարաբերություններում ոչ միայն որեւէ դրական արդյունք չգրանցվեց, այլ նաեւ լրացուցիչ լարում մտավ այդ հարաբերություններում։

Այսինքն՝ քաղաքական արդյունքների առումով Սերժ Սարգսյանի այս նախաձեռնությունը խայտառակ ձախողում արձանագրեց՝ ոչ թե օգուտ, այլ վնաս բերելով Հայաստանին։

***

Եվ համառոտ՝ Սերժ Սարգսյանի վերոնշյալ եւս երկու արտաքին քաղաքական նախաձեռնությունների կամ հետապնդած խնդիրներում ձախողումների մասին։

Մոտ չորս տարի Սերժ Սարգսյանը բանակցում էր Եվրոպական միության հետ Ասոցացման եւ Ազատ առեւտրի համաձայնագրերի ստորագրման շուրջ։ Սրա մասին նա հատկապես ոգեւորված էր խոսում։ Դա իշխանական քարոզչության, պարծենալու հիմնական թեմաներից մեկն էր։ Այն ներկայացվում էր որպես նուրբ դիվանագիտության մի հաղթարշավ՝ երաշխավորված արդյունքով։ 2013 թվականի ամռան վերջին արդեն նույնիսկ հայտարարվել էր վերջնական տեսքի բերված փաստաթղթի նախաստորագրման օրը։

Եվ հանկարծ, նույն թվականի սեպտեմբերի 3-ին, մեկ օրում 180 աստիճան շրջադարձ կատարվեց… Նա Մոսկվայում ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստաթուղթը։ Սա «բանակցային առաջնագծում» Սերժ Սարգսյանի երրորդ կատաստրոֆիկ ձախողումն էր։

Նույնպիսին է արդյունքը նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական՝ Ղարաբաղյան կարգավորման խնդրում։

Սերժ Սարգսյանը որպես ժառանգություն ստացավ կարգավորման «Մադրիդյան սկզբունքները»։ Այս սկզբունքների վրա էր կազմված «Կազանյան փաստաթուղթը» (փաստաթղթերն ամբողջությամբ կամ հիմնական դրույթներով հասանելի են համացանցում)։ Վերջինս, որ կարգավորման փուլային մի տարբերակ էր, նախատեսում էր 5 շրջանների վերադարձ Ադրբեջանին՝ Լաչինի եւ Քարվաճառի խնդիրը կապելով Արցախի կարգավիճակի հետագա որոշման հետ։ Երկրորդ կարեւոր կետն Արցախի ժամանակավոր անցումային միջանկյալ կարգավիճակն էր, երրորդը՝ Արցախի կարգավիճակի որոշման համար հանրաքվեի մասին դրույթը։

Հետեւողականորեն շարունակելով ստատուս քվոն ամեն գնով պահպանելու 1998-ից որդեգրված կործանարար քաղաքականությունը՝ Սերժ Սարգսյանն իր հաջորդին փոխանցեց հայկական կողմի համար շատ ավելի անբարենպաստ կարգավորման մի փաստաթուղթ՝ հայտնի «Լավրովյան պլան» անունով։ Այն որեւէ տեղ որպես ամբողջական փաստաթուղթ չի հրապարակվել։ Դրանով, ի հեճուկս շրջանառվող տեղեկությունների, ըստ հավաստի այլ աղբյուրների, իրականում՝

  • Ադրբեջանին էր վերադարձվում ոչ թե 5, այլ արդեն 6 շրջան,
  • հանված էր Արցախի միջանկյալ կարգավիճակի դրույթը,
  • հանված էր հանրաքվեի հարցը։

(Երբ 2018 թվականի հուլիսի 16-ին Առաջին նախագահը, այցելելով Ն. Փաշինյանին, նրան խորհուրդ էր տվել Արտաքին գործերի նախարարությունից պահանջել ղարաբաղյան կարգավորման վերջին փաստաթուղթը, նա հենց այս տարբերակն է նկատի ունեցել)։

Նման հետընթացն ավելի քան բնական էր, քանի որ դեռ 1998-ից սկիզբ էր առել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի եւ ռեսուրսների խզման մի գործընթաց, որը շարունակվում էր եւ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին խորացել էր առավելագույնս։ Իսկ նման փաստաթղթերն անպայման արտացոլում են կողմերի ուժերի այդ պահի իրական հարաբերակցությունը։

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ձախողել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ այն հասցնելով շատ ավելի ցածր նշակետի։

Երեք խայտառակ ձախողում, որոնցից ամեն մեկն առանձին բավարար պիտի լիներ քաղաքական ու մարդկային շատ թե քիչ արժանապատվություն ունեցող գործչի համար՝ հրաժարական տալու երկրի ղեկավարի պաշտոնից։

Սամվել Ֆարմանյանի ստվար՝ շուրջ 440 էջանոց գիրքը նպատակ ունի ոչ միայն ինչ-որ կերպ ծածկելու, քողարկելու խայտառակ այս ձախողումներից մեկը, այլեւ այն վերածելու յուրատեսակ «հայաստանակենտրոն մտածողության» մի հերոսապատումի։ Եվ դա անում է մի մարդ, որը գիտակցում է (իր խոսքերով), որ պատմական իրականությունը կեղծելը «ամենամեծ չարիքն է, որն ունակ է գիլյոտին դառնալ յուրաքանչյուր ժողովրդի գլխին»։

Իրոք այդպես է, եւ կապ չունի թե դա ինչ ժանրով ես անում՝ պատմության, թե գեղարվեստականացված հուշերի։

aliqmedia.am

Նախորդ հոդվածըԼուկաշենկոն առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում
Հաջորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Գյուլնազ տատը հույս ունի, որ երկնքից երեք խնձոր կընկնի