‘Հայաստանը առաջընթաց է արձանագրել «Հարկերի վճարում» ցուցանիշում ‘

1181

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից վերջերս համատեղ հրապարակած «Գործարարությամբ զբաղվելը-2013» զեկույցի համաձայն Հայաստանը ընդհանուր ցուցանիշի բարելավման հետ մեկտեղ առաջընթաց է արձանագրել նաև «Հարկերի վճարումը» ցուցանիշում:

Lragir.am-ի փոխանցմամբ՝ ըստ ՊԵԿ ռազմավարական ծրագրավորման վարչության պետ Սասուն Հայրապետյանի, մասնավորապես, այդ ցուցանիշով Հայաստանը 44 կետով բարելավել է դիրքերը` 185 երկրների շարքում 152-րդ տեղից բարձրանալով 108-րդ տեղը: Ցուցանիշի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվել հարկերի և պարտադիր  վճարումների ընդհանուր թվաքանակը, վճարման մեթոդը, հաճախականությունը, հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը, հիմնական հարկային հաշվետվությունների  կազմման, ներկայացման և վճարման համար ծախսվող ժամանակը, ինչպես նաև հարկի դրույքաչափը` շահույթի նկատմամբ: «Հարկերի վճարում» ցուցանիշի գծով առաջընթացն արձանագրվել է նշված առաջին երկու` «վճարումներ» և «ժամանակ» բաղադրիչների բարելավման շնորհիվ:

Ինչ վերաբերում է մաքսային ոլորտում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին, ապա ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանի խոսքերով, թեպետ Հայաստանը 2011-12 թվականների համեմատությամբ մնացել է նույն դիրքի վրա, սակայն զեկույցում ընդգրկված այն ցուցիչները, որոնք վերաբերում են մաքսային ծառայությանը, լիովին բավարարում են  միջազգային չափանիշներին: «Օրինակ` «Doing Business»-ում առաջին տեղը զբաղեցնող Սինգապուրում մաքսային ձևակերպումների համար պահանջվում է 3 փաստաթուղթ և մեկ օր, ինչն իրականացվում է նաև մեր երկրում: Վստահեցնում եմ, որ մաքսային ցուցիչների մասով մեր բոլոր պարտավորությունները կատարված են, և չկա մեկ գործողություն, որ  չհամապատասխանի միջազգային լավագույն փորձին», — ընդգծել է Կարեն Բեգլարյանը:

Նախորդ հոդվածը‘Միքայել Մելքումյան. Մենք դեմ ենք պետբյուջեի նախագծին՝ այն տեսքով, ինչպես ներկայացված է ‘
Հաջորդ հոդվածը‘Հայ և ադրբեջանցի զինվորների մասին ֆիլմի պրեմիերան Մոսկվայում (տեսանյութ)’