‘Հայաստանը գնալով վեր է ածվում մայրաքաղաք պետության. Էդմոն Մարուքյան’

2108

Ազգային ժողովի պատգամավոր՝ Վանաձոր քաղաքից ընտրված Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքում անդրադարձել «Էրեբունի-Երևան»-ի վրա ծախսվող ահռելի գումարներին: Նա գրում է.

Հայաստանը գնալով վեր է ածվում մայրաքաղաք պետության:

Այս օրերին վանաձորցու հայացքով ու տեսանկյունից հետևում էի «Էրեբունի-Երևան»-ի տոնակատարությանը և այնպիսի տպավորություն ստացա, որ մեր մյուս քաղաքներն ու գյուղերն այնքան լավ վիճակում են, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ նման ճոխություն` այն էլ ամեն տարի: Հայաստանում առանց այդ էլ պետական միջոցներն անարդար են բաշխված և ինչքան շատ ենք խոսում ապակենտրոնացման մասին, այնքան ավելի շատ է ամեն բան կենտրոնացվում: «Էրեբունի-Երևան» տոնակատարության կամ Երևանի վրա անընդհատ ծախսվող այլ գումարները` տնտեսելով կարելի է ամեն տարի մի քաղաք բարեկարգել:

 Օրինակ` այս տարի կարելի էր դա սկսել Գյումրի քաղաքի ինչ-որ հատված բարեկարգելով, այնուհետև Վանաձոր և մեր մյուս հյուսիսային և հարավային քաղաքները: Բոլորս էլ հասկանում ենք, որ Երևանը ավելի շատ փող է հավաքում, բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է միջամտի և հավասարապես բաշխի երկրի ռեսուրսները, որպեսզի համաչափ տարածքային զարգացում լինի: Սա նույնն է, որ ընտանիքում ամուսինն աշխատի և չաշխատող կնոջ ու երեխաների համար ոչինչ չգնի, այլ ամբողջ գումարն իր վրա ծախսի` պատճառաբանելով, որ ընտանիքում միայն ինքն է աշխատում, մինչդեռ կինն էլ երեխաներին է խնամում և այլ տնային գործառույթներ իրականացնում:

Կարծում եմ, այսպես եթե շարունակվի, մենք կունենանք մի պետություն, որը մայրաքաղաք է` անունն էլ Երևան:

Նախորդ հոդվածը‘Բեռնար Շալանդ. «Ես փորձարկումներ, փոփոխություններ եմ նախատեսել»’
Հաջորդ հոդվածը‘Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը կկարողանա իր թիմի առաջիկա խաղերում լինել գլխավոր մարզչի պաշտոնում’