‘Հայաստանը դառնալու է աշխարհի ամենալավ երկիրը, և դու այդ երկրի երջանիկ քաղաքացին. Մամուլ ‘

1090

«Դեկտեմբերի վերջին, որպես կանոն, լրատվամիջոցները սկսում են անցնող տարին ամփոփել, ի մի բերել բոլոր կարևոր իրադարձությունները, որ տեղի են ունեցել այդ տարվա ընթացքում և ազդել տվյալ երկրի քաղաքացիների. կենսակերպի, հոգեբանության, զգացմունքների, վրա, ցնցել, տխրեցրել կամ ուրախացրել նրանց: Արդեն մեկ շաբաթ է` անցնող 2012 թվականն ամփոփում են համաշխարհային լրատվամիջոցները, իրենց երկրներում և աշխարհում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները ի մի են բերում մեկը` նկարներով, մյուսը վիճակագրությամբ և այլն: Բոլոր այդ ամփոփիչ հրապարակումներում բալանսն ապահովված է 2012 թվականին ինչպես առանձին երկրներում, այնպես էլ աշխարհում կատարվել են թե վատ, թե լավ բաներ, մի երկրում իշխանություն է փոխվել, մեկ այլ երկրում իշխանությունն է հաղթել, մի երկրում աշխատավորները բազմահազարանոց միտինգ են արել, և իրենց պահանջը կատարվել է, մեկ այլ երկրում գիտության ոլորտում կարեւոր ձեռքբերում է գրանցվել և այլն, և այսպես շարունակ: Հայաստանը, սակայն, միակ երկիրն է, որտեղ տարին ամփոփելիս բալանս չի լինում ապահովել, կենսամակարդակի անկում, արտագաղթի աճ, քաղաքական, հասարակական, հոգևոր խորը դեպրեսիա, հուսալքություն: Հայաստանում 2012 թվականին չի կատարվել մի իրադարձություն, որը չտեղավորվի նշված ձևակերպումներից որևէ մեկի մեջ կամ ավելի խորացրած չլինի դրանք: Ինչպես նաև Հայաստանում 2012 թվականին չի եղել մի իրադարձություն, որն այդ ամենը ներշնչի: Մենք ձեռնպահ ենք մնում մեր երկրում անցնող տարվա իրադարձությունները իրար գլխի հավաքելուց և մեր ընթերցողին ներկայացնելուց միմիայն հերթական անգամ սթրեսի մեջ չգցելու համար: Ավելի լավ է շրջանցենք դա, թույլ տանք, որ այս տարին ավարտվի` իր հետ տանելով մեզ հուսալքող ամեն ինչ: Խոստանանք ինքներս մեզ հաջորդ 2013 թվականը սկսել միմիայն լավատեսությամբ, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա սեփական ազդեցությունը մեծացնելու, մեր և մյուսների կյանքը փոխելու, ապագան կերտելու, հուսալքությունն ու դեպրեսիան իսպառ վերացնելու, գործելու և ոչ տրտնջալու վճռականությամբ: Դա հնարավոր է, պետք է միայն հավատալ: Սիրելի ընթերցող, շնորհավոր Ամանորն ու Սուրբ Ծնունդը, հավատա Հայաստանը դառնալու է աշխարհի ամենալավ երկիրը, և դու այդ երկրի երջանիկ քաղաքացին», գրում է «Հայկական ժամանակը» իր այս տարվա վերջին համարում:

Նախորդ հոդվածը‘Կարմիր Խաչի Մխիկի դատավոր փեսայի նկատմամբ վարույթ են հարուցել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Անձնագրերի և վիզաների վարչության պետը լավ ցուցակներ է խոստանում. Մամոուլ’