‘Հայաստանը կրկին խոշոր վարկ է վերցնում. Այս անգամ՝ 125 մլն դոլար ԱՄՀ-ից’

1145

Արժույթի միջազգային հիմնադրամը և Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) 38-ամսյա ծրագրի հայտի շուրջ, որը սատարելու է կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) 2014-2017 թթ. ֆինանսատնտեսական ծրագիրը: Համաձայնությունը հիմնվում է նաև նախորդ տարվա սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին քաղաքականության շուրջ Երևանում կայացած քննարկումների վրա:

Ինչպես նշվում է ԱՄՀ Երևանի ներկայացուցչությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաղորդագրությունում, ծրագրի շրջանակում Հայաստանը կկարողանա ԱՄՀ-ից ներգրավել մինչև 82.21 միլիոն ՓՀԻ (մոտավորապես 125 միլիոն ԱՄՆ դոլար) չափով վարկ՝ ելնելով կիսամյակային վեց ստուգումների արդյունքներից:

Ծրագիրը նախատեսվում է ԱՄՀ գործադիր խորհրդի քննարկմանը ներկայացնել 2014 թվականի մարտին: Առաջարկվող ծրագիրը հաջորդելու է ԱՄՀ-ի աջակցությամբ «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» համաձայնագրերի շրջանակում իրականացված եռամյա ծրագրի բարեհաջող ավարտին. այն ավարտվել է 2013 թ. հուլիսին: Նշված երկու համաձայնագրերի շրջանակում տրամադրվել է 266.80 միլիոն ՓՀԻ (մոտավորապես 410 միլիոն ԱՄՆ դոլար): «Անցյալ տարվա հուլիսին ավարտված՝ ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի նպատակները հիմնականում իրագործվել են: Դրանց թվում էին՝ հարկաբյուջետային և արտաքին կայունության վերականգնումը, ֆինանսական կայունության պահպանումը, տնտեսական աճի վերականգնումը և աղքատության կրճատումը», — հայտարարել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը: Նրա ասելով՝ հիմնական ձեռքբերումներից էին՝ 2009 թ. 14 տոկոս անկումից հետո տնտեսական աճի վերահաստատումը, բյուջեի և արտաքին ընթացիկ հաշվի պակասուրդների զգալի կոնսոլիդացման ապահովումը և մի շարք ոլորտներում կառուցվածքային բարեփոխումների խորացումը:

Սակայն, նրա ասելով, կայունության պահպանմանը, խոցելիությունների մեղմմանն առնչվող մարտահրավերները պահպանվում են: «Գնաճն ու տնտեսական աճը շարունակում են մնալ տատանողական. 2013 թ. տնտեսական աճը զգալիորեն դանդաղեց, արտաքին հաշվի պակասուրդի ու դոլարայնության բարձր մակարդակը պահպանվում են, ըստ այդմ՝ Հայաստանը խոցելի է ցնցումների նկատմամբ: Պահպանվում են նաև աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշները և անհրաժեշտ է խորացնել բարեփոխումները` տնտեսական աճը սատարելու և ամրապնդելու, ինչպես նաև շարունակելու Հայաստանի վերափոխումը դինամիկ և զարգացող շուկայական տնտեսության ուղղությամբ: Հաշվի առնելով նշված մարտահրավերները՝ իշխանություններն ԱՄՀ-ի նոր ծրագրի հայտ են ներկայացրել: Հիմնական նպատակներն են`կայուն պետական ֆինանսների ապահովումն և աճի խթանմանն ու աղքատության կրճատմանն ուղղված ծախսերի համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծումը, դրամավարկային և ֆինանսական հատվածի քաղաքականության շարունակումը, որն ամրապնդում է դիմակայելու ունակությունն ու բուֆերները, մրցակցության, մրցունակության և տարածաշրջանային ինտեգրման խթանումը և ըստ այդմ էլ՝ ներդրումների, արտահանման և տնտեսական աճի ավելացումը», — ասել է Հորթոնը:

Հիշեցնենք, որ ԱՄՀ գործադիր խորհուրդը 2013 թվականի հուլիսի 1-ին հավանություն էր տվել Հայաստանին 84 մլն դոլարի (55 մլն SDR) հերթական (յոթերորդ և վերջին) տրանշի տրամադրմանը, ասվում է կազմակերպության կայքում: Հաշվի առնելով յոթերորդ տրանշը` ԱՄՀ փոխառությունների ընդհանուր գումարը, պայմանավորվածություններին համապատասխան, կազմել է 407,2 մլն դոլար (266,8 մլն SDR). Հայաստանի համար ԱՄՀ EFF/ECF եռամյա ծրագիրը, որի ընդհանուր ծավալը 266,8 մլն SDR է, հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել էր 2010 թվականի հունիսին, և այն ժամանակ տրամադրվել էր 36.2 մլն SDR (շուրջ 53,6 млн դոլար) գումարի առաջին տրանշը:

Նախորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Հարցերի լուծումը պետք է տեսնել իշխանության փոփոխության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանի որդու՝ Շահենի դեմ ռազմագիտության ուսուցիչը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն’