‘Հայաստանը պաշտպանում է Ջիանի Ինֆանտինոյի թեկնածությունը’

1252

Օրերս Շվեյցարիայում կայացած ՈւԵՖԱ-ի անդամ երկրների ֆուտբոլային գերատեսչությունների նախագահների և գործադիր տնօրենների հանդիպման ժամանակ քննարկվել է ՖԻՖԱ-ի նախագահի կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրված ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոյի ընտրական ծրագիրը («Մանիֆեստը»):

Լսելով և քննարկելով ծրագիրը, հանդիպման ընթացքում ՈւԵՖԱ-ի անդամ երկրների ֆուտբոլային գերատեսչությունները որոշել են իրենց դիրքորոշումները հրապարակել ներքին կանոնակարգային սկզբունքներին համապատասխան:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոյի ընտրական ծրագիրը («Մանիֆեստը») ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին: Ընտրական ծրագիրը, որում ամփոփված են ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու Ջիանի Ինֆանտինոյի գործողությունների ծրագրային դրույթները ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, ֆուտբոլային բազմատեսակ շահերից բխող նոր քայլ է համաշխարհային ֆուտբոլում, նաև Եվրոպական ֆուտբոլի զարգացման ճանապարհին: «Մանիֆեստը» նոր մտածողությամբ և աշխարհընկալման նոր մոտեցումներ ընդգրկող ճանապարհային յուրօրինակ քարտեզ է, որն ուրվագծում է համաշխարհային ֆուտբոլի բոլոր հնարավոր տեսլականները, ներառում է սկզբունքային դրույթներ ֆուտբոլային սպասվող մարտահրավերներին դիմակայելու տեսակետից:

ՀՖՖ պաշտոնական կայքը հաղորդում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, գնահատելով ներկայացված ծրագրի կարևորությունը ֆուտբոլի զարգացման տեսանկյունից, իր պաշտպանությունն է հայտնում Ջիանի Ինֆանտինոյի թեկնածությանը ՖԻՖԱ-ի նախագահի կայանալիք ընտրություններում և կսատարի վերջինիս՝ ընտրվելու պարագայում իր ծրագրային դրույթներն իրականացնելու գործում:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Երբ նոր թիմ ունենամ, այդ մասին անձամբ կհայտարարեմ»’
Հաջորդ հոդվածը‘«Australian Open». Կիսաեզրափակչում՝ Ֆեդերեր-Ջոկովիչ (տեսանյութ)’