‘Հայաստանը և Եգիպտոսը քննարկել են ավիացիայի ոլորտի համագործակցության հարցեր’

789

Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ ԵԱՀ քաղաքացիական ավիացիայի նախարար Աբդելազիզ Ֆադելի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղավիացիայի ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև Երևանի և Կահիրեի միջև կանոնավոր տարանցիկ չվերթներ հաստատելու հեռանկարները:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից, դեսպան Մելքոնյանը եգիպտացի նախարարին տեղեկացրեց «Բաց երկնքի» քաղաքականությանն անցնելու Հայաստանի կառավարության որոշման մասին և հույս հայտնեց, որ այն կնպաստի երկու մայրաքաղաքներն օդային կամրջով միմյանց կապելու վաղեմի ծրագրի իրականացմանը՝ եգիպտական ավիաընկերությունների առջև լայն հնարավորություններ ստեղծելով Երևանի տարանցիկ առավելություններից օգտվելու համար։

Հիշեցնենք, որ ըստ «Արմենիա — Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունից ստացված հաղորդագրության, 2014 թվականին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղղությամբ կանոնավոր ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների թիվը հասել է 32-ի, այն ժամանակ, երբ 2013 թվականին դրանց թիվը կազմում էր 27: Բացի այդ, մի շարք ավիաընկերություններ բոլոր ուղղություններով ավելացրեցին իրենց չվերթների հաճախականությունը, ինչը հանգեցրեց է ավիատոմսերի գների իջեցման: 2014 թվականի առաջին ամսվա արդյունքներով «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների հոսքը տարեկան կտրվածքով ավելացել է 15%: 2014 թվականի հունվարին իրականացվել է 1492 չվերթ, իսկ 2013 թվականի հունվարին չվերթների թիվը կազմել է 1344: «Air Armenia» ավիաընկերությունը 2014 թվականի հունվարին տեղափոխել է 16,066 ուղևոր, ընդ որում երկու ինքնաթիռով, իսկ 2013 թվականի հունվարին «Արմավիա»-ն իր յոթ ինքնաթիռներով տեղափոխել էր 18,224 ուղևոր:

2013 թվականի հոկտեմբեր 23-ին ՀՀ կառավարությունը հաստատեց հանրապետությունում օդային փոխադրումների մրցունակությունը և կայունությունն ապահովելու ծրագրի հայեցակարգը: «Բաց երկնքի» քաղաքականության ներդրումն իրենից ներկայացում է հանրապետությունում գոյություն ունեցող օդային փոխադրումների ոլորտի էական փոփոխություն: «Ըստ փորձագետների, Հայաստանը պետք է գնա ազատականացման ճանապարհով, ինչը կարող է խթանել ՀՆԱ աճը, ստեղծելով նոր աշխատատեղեր, ուղևորափոխադրումները դարձնելով ավելի հարմարավետ, գները` ավելի ցածր», — ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:  

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Այսօր Երևանում կգրանցվի ջերմաստիճանային ռեկորդ’
Հաջորդ հոդվածը‘«Россия 24»-ի ուղիղ եթերում «սխալ» պատգամավոր է հայտնվել (տեսանյութ)’