‘ Հայաստանը և Թուրքիան դատարանում. Մեկնարկում են Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով լսումները’

1069

Այսօր ՄԻԵԴ-ի մեծ պալատում կմեկնարկեն Դողու  Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով բողոքարկման լսումները: 

Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

2013թ. դեկտեմբերի 17-ին եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որով բավարարել էր Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի և դիրքորոշում էր հայտնել, ըստ որի՝ Շվեյցարիայի օրենսդրոււթյունը չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկելով՝ խախտվել է կոնվենցիայի 10-րդ՝ խոսքի ազատության իրավունքը: Սակայն բացի այդ ամենից, 2013թ. դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը դիրքորոշում էր հայտնել նաև Հայոց ցեղասպանության փաստի հետ կապված՝ Հայաստանի համար բացասական համեմատություն անելով հրեական Հոլոքոստի հետ:  Շվեյցարական կողմը օգտվել էր վճիռը բողոքարկելու իր իրավունքից, և բողոքարկման արդյունքում ՄԻԵԴ-ը կվերաքննի այս հայցը:

Իր հերթին՝ հայկական կողմը օգտվել էր որպես երրորդ կողմ ներգրավվելու իրավունքից, և 2014 թ. սեպտեմբերի 20-ի դատարանի որոշմամբ՝ Հայաստանը ներգրավվել էր որպես երրորդ կողմ: Որպես երրորդ կողմ  ներգրավված են նաև Թուրքիան և Ֆրանսիան: Թուրքիան և Հայաստանը, որպես երրորդ կողմ, այսօր՝ դատական նիստի ընթացքում, բանավոր ելույթի իրավունք կունենան: Ընդհանուր առմամբ, որպես երրորդ կողմ ներգրավված սուբյեկտների, պետությունների և կազմակերպությունների թիվը հասնում է 10-ի: Դատավորների թիվը 17-է:

Սովորաբար՝ դատարանը որոշումը հրապարակում է դատական նիստից 4-5 ամիս անց: Հետաքրքրական զուգադիպությամբ՝ դա գրեթե համընկնում է Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերի հետ: Հայաստանը դատարանում ներկայացնելու է շատ լուրջ փաստաբանական կազմ՝ միջազգային հայտնի իրավապաշտպաններ Ջեֆրի Ռոբերտսոնի և Ամալ Քլունիի գլխավորությամբ: Այսօր Ստրասբուրգում ելույթի իրավունք կունենա նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

Վերջինս երեկ կայացած մամուլի ասուլիսին ներկայացրել է գործի վերաբերյալ Հայաստանի ունեցած դիրքորոշումը և ակնկալիքները: Ըստ նրա՝ Հայաստանի խնդիրն է հասնել նրան, որ ՄԻԵԴ վճռում տեղ չգտնեն այնպիսի ձևակերպումներ, որոնցում Հայոց ցեղասպանության պատմական փաստը կդրվի կասկածի տակ կամ հնարավոր կդարձնի դրա անբարեխիղճ մեկնաբանությունները:

Նախորդ հոդվածը‘Նոյերի արձանը համալրել է Մադամ Տյուսոյի թանգարանը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Կիմ Չեն Ինը 2015 թ. մայիսին կայցելի Ռուսաստան ‘