‘Հայաստանը 37 մլն դոլարի վարկային համաձայնագիր է ստորագրել Ասիական զարգացման բանկի հետ’

953

Սեպտեմբերի 5-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ստորագրվել է «Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միաժամանակ ստորագրվել է նաև  Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման Ծրագրի համաձայնագիրը՝ Ասիական զարգացման բանկի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության միջև:

Ասիական զարգացման բանկն «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» վարկային ծրագրի նպատակների համար նախատեսում է Հայաստանի Հանրապետությանը (Վարկառու) տրամադրել շուրջ 37 մլն ԱՄՆ դոլար վարկային միոջոցներ (25 տարի մարման ժամկետով, ներառյալ 5 տարի արտոնյալ ժամկետով, տոկոսադրույքը` տարեկան 2%): Ծրագիրն իրականացվելու է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից: Վարկային ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետության էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել վերահսկման և տվյալների ձեռքբերման SCADA և էներգիայի կառավարման համակարգերը, ինչպես նաև վերակառուցել 220 կՎ «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանները: Համակարգում արդեն իսկ ներդրված SCADA համակարգը լիարժեք գործող ու արդյունավետ դարձնելու նպատակով նախատեսվում է լրացուցիչ տեղադրել շուրջ 200 կմ օպտիկամանրաթելքային մալուխ, զգալիորեն ավելացնել SCADA համակարգից օգտվողների քանակը, արդիականացնել գոյություն ունեցող ծրագրային փաթեթը և ստեղծել հարևան երկրների SCADA համակարգերի հետ  տվյալների միջսերվերային փոխանակման հնարավորություն:

Նախորդ տարիների ընթացքում «Շինուհայր» 220 կՎ ենթակայանը մասնակիորեն վերակառուցվել է, ենթակայանում փոխարինվել են 220 կՎ լարման առաջնային սարքավորումները: Տվյալ ծրագրի շրջանակներում կփոխարինվեն երկրորդային շղթաները, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի հնացած սարքվածքները, որոնք այլևս չեն բավարարում հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի հաղորդման պահանջները: «Ագարակ-2» ենթակայանում, որն անմիջականորեն կապված է իրանական 

230 կՎ լարման ցանցի հետ, նախատեսվում է տեղադրել լրացուցիչ 220/110 կՎ ավտոտրանսֆորմատոր, որն էներգահամակարգի տվյալ հատվածում կապ կստեղծի 220 և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի միջև և հնարավորություն կտա
110 կՎ «Ագարակ-1» ենթակայանից սնվող սպառողներին ապահովել էլեկտրաէներգիայի պահուստային սնուցմամբ:

Նախատեսվում է ծրագիրն ավարտել 2019 թվականին:

Նախորդ հոդվածը‘Վրաստանը հայկական ձմերուկի հիմնական գնորդն է’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականն արդեն Դանիայում է’