‘Հայաստանին լեգիտիմ նախագահ է պետք, ոչ թե` արհեստական համախմբում ‘

1799

ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ սեպտեմբերի 7-ին կայացած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ուշագրավ հայտարարութուններ է արել, ինչի պատճառը Հունգարիայի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն էր Ադրբեջանին, որտեղ վերջինս միանգամից ներում էր ստացել եւ ազատ արձակվել: Սարգսյանը մասնավորապես, փաստացի մեղադրել է միջազգային հանրությանը մինչեւ օրս Ադրբեջանի պահվածքի հարցում որոշակի լոյալություն պահպանելու մեջ, ինչի արդյունքում Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի լկտի քայլերի է դիմում: Սարգսյանը անուղղակի մեղադրանքներ է հնչեցրել միջազգային հանրության հասցեին, տեղ տեղ խոսել կոշտ տոնով, մինչդեռ դեռեւս հարց է, թե արդյո՞ք ինքը` Սերժ Սարգսյանը գոնե հավատում է, որ մեղադրանքներ հնչեցնելը, (այն էլ` պոստֆակտում), այս պարագայում բավարար է հարցին լուծում տալու համար: Հազիվ թե Սարգսյանն` ինքը հավատա, թե դրանով կարելի է հարցեր լուծել:

Հռետորաբանությունը, սակայն, թողնենք մի կողմ: Փորձենք հասկանալ` ինչո՞ւմն է բուն խնդիրը: Խնդիրը շատ պարզ է` հայկական կողմը թերացել է այս հարցում, 1` Սաֆարովի արտահանձման մասին լուրը իմացել է վերջին պահին, 2` իմանալուց հետո որեւէ էական քայլ չի ձեռնարկել` արտահանձնումը կանխելու համար, 3` Հայաստանը սկսել է գործել պոստֆակտում: Պատկան մարմինները` ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, մեղմ ասած, թերացել են: Ու այժմ, սեփական թերացումը խոստովանելու, հրաժարականներ ներկայացնելու փոխարեն, ՀՀ իշխանությունները շոու են ցուցադրում` «դավադիր ուժերը համախմբվել են մեր դեմ, մենք էլ պետք է մի կողմ թողնենք տարաձայնություններն ու համախմբվենք դավադիր ուժերի դեմ» ոճով: Այստեղից, բնականաբար, ծագում է մյուս հարցը` իսկ ինչի՞ են պատկան մարմինները թերացել: Պարզ պատճառով, որովհետեւ նրանք իրենց բուն գործառույթները գրեթե չեն կատարում. նրանց հիմնական գործը Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելն է, ամրապնդելն է, թաքնված ընդդիմադիրներին գտնելն ու բացահայտ ընդդիմադիրներին չեզոքացնելն է, միջազգային հանրության մոտ բացառապես Սերժ Սարգսյանի իշխանությանը մաքրելն է: Հայաստանն այսօր, ըստ էության չունի ոչ ԱԱԾ, ոչ ԱԳՆ, ոչ դեսպաններ, ոչ Զինված Ուժեր, ոչ դատարաններ ու պետական այլ մարմիններ: Փոխարենը կան Սերժ Սարգսյանի անձնական ԱԱԾ, Սերժ Սարգսյանի անձնական ԱԳՆ, Սերժ Սարգսյանի անձնական դեսպաններ, Սերժ Սարգսյանի անձնական գեներալներ, Սերժ Սարգսյանի անձնական դատավորներ, Սերժ Սարգսյանի անձնական ոստիկաններ:

Սրա պատճառն էլ մեկն է` Սարգսյանի լեգիտիմության պակասը: Երբ տարիներ շարունակ քաղաքագետներն ու քաղաքական գործիչները հայտարարում էին, որ երկրի ներսում լեգիտիմության պաշարը կարեւոր պայման է դրսում հարցեր լուծելու համար, շատերը այդ պնդումներին քմծիծաղով էին վերաբերվում: Իշխանություններին թվում էր, թե լեգիտիմության մասին պնդումները հեքիաթներ են, որոնք միայն ներքին սպառման եւ դիվիդենտներ շահելու համար, իսկ դրսի հետ հարցերը կարելի է լուծել այլ ճանապարհներով ու խողովակներով: Սակայն, արդեն քանի անգամ, մենք պարբերաբար առերեսվում ենք հակառակն ապացուցող նորանոր ապացույցների հետ:

Լեգիտիմություն ունեցող իշխանությունը` ներքին կյանքը պարբերական վերահսկողության տակ պահելու, ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, Ոստիկանությունն ու ուժային մյուս կառույցները քաղաքական հակառակորդներ պեղելու եւ վնասազերծելու գործին լծելու փոխարեն, կարողանում է պետական բոլոր մարմիններն օգտագործել բացառապես իրենց բուն գործառույթներն իրականացնելու համար: Լեգիտիմություն ունենալու դեպքում այսօր մեր ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, դատարաններն ու Զինված ուժերը ոչ թե ընդդիմադիրներ պիտի որոնեին, այլ` Հայաստանի ներսում, Հայաստանի սահմաններին, եւ Հայաստանի սահմաններից դուրս պաշտպանեին Հայաստանի քաղաքացու եւ պետականության շահերը: Սակայն, մերոնք դրա ժամանակն, ինչպես տեսնում ենք` չունեն: Առաջնահերությունները տեղերով փոխվել են, պետական հարցերի համար ոչ ժամանակ է մնացել, ոչ` ռեսուրս: Սերժ Սարգսյանը, որ նախագահ է հռչակվել առնվազն տաս քաղաքացու սպանության, Զինված Ուժերը` սեփական իշխանությունը պահելու գործում օգտագործելու, ընտրությունները կեղծելու միջոցով, պետք էր հասկանար, որ գալու է մի օր, երբ ինքը դեմ առ դեմ մենակ էր մնալու միջազգային հանրության հետ, քանի որ ինչքան էլ ՀՀԿ երիտասարդները լոլիկակոծեն «թշնամական» հյուպատոսությունների շենքերը, հրկիզեն դրոշները, դրանով իր մեջքին կանգնած ժողովրդի քանակը չի ավելանալու: Լեգիտիմությունը չի հերիքում: 2008-ի փետրվարի 19-ի կեղծված նախագահական ընտրությունների հաջորդ իսկ օրվանից Սերժ Սարգսյանը մենակ է մնացել: Սերժ Սարգսյանը մենակ է մնացել, քանի որ նրա մեջքին կանգնած չէ ժողովուրդը` ոչ նրան վերագրված ընտրողների 52.86 տոկոսը, ոչ առավելեւս նրան պաշտոնապես չընտրած քաղաքացիները, ոչ ՀՀԿ-ն, ոչ Սփյուռքը: Ոչ ոք: Լեգիտիմություն չունեցող քաղաքական գործիչը իր մեջքին միայն ունենում է մեկ բան` կեղծված ընտրությունները: Եւ դա այն խոչընդոտն է, որը կեղծ պաթոսային ելույթներով եւ հռետորաբանությամբ չես վերացնի: Համ մենք ենք հիշում եղելությունը, համ` միջազգային հանրությունը:

Մինչդեռ, պատկերացրեք, թե որքան ուժեղ կլինեին Սարգսյանի դիրքերը, եթե նա նախագահ դարձած լիներ ժողովրդի քվեարկությամբ: Այժմ ողջ այդ ժողովուրդը կանգնած կլիներ նրա կողքին, այդ ժողովուրդը կլիներ այն ամենաարդյունավետ գործիքը, որով Սարգսյանը կկարողանար հարցեր լուծել դրսում, նա այսօր հանկարծակիի եկած տոնով հոխորտալու կարիք չէր ունենա, ՀՀ ԱԱԾ-ն եւ ԱԳՆ-ն Սաֆարովի արտահանձնման մասին իրազեկված կլինեին շատ ավելի շուտ, Սաֆարովի արտահանձման գործարքին խանգարելու հնարավորությունը ավելի մեծ կլիներ, ժողովուրդն ու Սփյուռքը նրա մի կոչով ոտի կկանգնեին, ու նա կխոսար, կգործեր որպես այդ ժողովրդի ընտրված նախագահ: Ու միջազգային հանրության արձագանքն էլ այդ պարագայում այլ կլիներ: Այդ դեպքում ամենեւին էլ չէր լինի Արտաշես Գեղամյանին դաշտ նետելու անհրաժեշտությունը, որպեսզի վերջինս կերկերուն ձայնով Սարգսյանի շուրջը համախմբվելու կոչեր աներ: Սաֆարովի դեպքը հերթական անգամ հստակ արձանագրեց մի պարզ իրողություն. մեզ ոչ թե Սարգսյանի շուրջը համախմբել է պետք, այլ` լեգիտիմ նախագահ: Համախմբված ժողովուրդը ավտոմատ կերպով լեգիտիմ նախագահի ատրիբուտիկայի մեջ է մտնում:

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Ռասմուսենը մտահոգվա՞ծ է Սաֆարովի ազատ արձակմամբ’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը երդվեց’