‘Հայաստանին ու Ուկրաինային ստորացնում եք, որ ի՞նչ անեք…’

1992

«Չկարողացաք անել ՝ ինչպես հարկն է, եւ ահա, գրո՛ղը տանի, էլի՛ պատմության  մեջ «արիք»»…

                                                         Բրեժնեւի թեւավոր խոսքերից

Վերջին օրերին թերեւս նույնիսկ համաշխարհային մասշտաբով մի լրատվամիջոց չկա, որն իր ուշադրությունը կենտրոնացրած չլինի Վիլնյուսում ընթացող «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի ուղղությամբ:

Իհարկե, եվրոպական առաջնորդները հույս ունեին Վիլնյուսում բոլորովին այլ օրակարգի անդրադառնալ՝ Ասոցացման համաձայնագիր կնքելով ոչ միայն Հայաստանի, այլեւ Ուկրաինայի հետ: Բայց արի տես՝ միշտ չէ, որ ամեն բան կամեցածիդ պես է ավարտվում. դեռ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյա՛նը հայտնեց Մաքսային միությանն անդամակցելու իր որոշման մասին, իսկ գագաթնաժողովի մեկնարկից մեկ շաբաթ առաջ էլ Յանուկո՛վիչը հրաժարվեց փաստաթղթի նախապատրաստման գործընթացից:

Թե ինչ լացուկոծ էին դրել եվրոպական գործիչները՝ գոնե Հայաստանի հետ կապված, հարկ չկա վերարծարծել: «Մեծից փոքր» այնքան էին ազդվել Կրեմլի՝ Հայաստանի վրա բանեցրած ճնշումներից, որ քիչ էր մնում իրենց հովանավորյալ Սարգսյանին հրավիրեին Բրյուսել՝  մարմնական եւ հոգեկան ռեաբիլիտացիա անցկացնելու հումանիստական մղումներով: Բայց այ դրան զուգահեռ՝ սեփական սխալների եւ մեր ժողովրդի վրա տարիներ շարունակ Կրեմլից ոչ պակաս «շառավղով թքելու» մասին՝ նույն Բարոզուն, Ֆյուլեն, Ռոմպոյն ու մյուսներն ակնա՛րկ անգամ չարին:

Ոչի՛նչ, որ հիմա ինտերնետային տարածքում կիսալուրեր են պտտվում ԵՄ գաղտնի մի զեկույցի վերաբերյալ, որում  ոչ միայն անարգանքի սյունին են գամվում տեղի, այդ թվում՝ Հայաստանում իրենց իսկ դեսպանները, այլեւ սեփական անգործության հանգամանքը:

Բայց այդ մասին, ինչպես արդեն նկատեցինք, գաղտնի՝ իրենք իրենցով: Հայկական լեռնաշխարհը երբեւէ չհաղթահարած բոցմաններն այդ ե՞րբ են իրենց նեղություն տվել գոնե մի պարզ ներողություն խնդրել մեզնից, որ հիմա՛ խնդրեին…Միայն հանուն այդ համաձայնագրի՝ նրանք պատրաստ էին մոռանալ ե՛ւ մարտի 1-ի արյունը, ե՛ւ բռնությունն ու կեղծիքը, ե՛ւ քաղբանտարկյալներին, ե՛ւ ամեն քայլափոխի նվաստացվող ու վարկաբեկվող իրենց իսկ արժեքները: Միայն թե ռուսներն այս տարածաշրջանում ամոթով մնային…սա՛ էր ողջ կռիվը, ոչ թե Հայաստանի՝ իրապե՛ս ժողովրդավար-զարգացած լինելու տեսլականը…

Իսկ առայժմ վիլնյուսյան գագաթնաժողովն է ընթանում, որից առաջ  Լիտվայի նախագահը լրագրողներին խնդրում է Հայաստանի անու՛նն անգամ չարտաբերել իր ներկայությամբ, իսկ Ուկրաինայի նախագահին մեղադրում է թուլակամության եւ տղամարդկության պակա՛սի մեջ:

Տարօրինակ է, չէ՞. եվրոպացիներն իրենց գործընկերներին մեղադրում են մի բառապաշարով, որը կարծես թե Մաքսային միության տարածքում է հարգի: Եւ  եթե այդպես է՝ կեցցե՛, ուրեմն, Պուտինը: Նա ոչ միայն բավական կամք ու տղամարդկություն ունեցավ նախկին փոքր եղբայրներին իր ուղեծիր վերադարձնելու, այլեւ հենց Եվրոպայի՛ն նվաստացնելու համար: Ինչպես ժամանակին հայտնի Նիկիտա Խրուշչովն էր ասում՝ Ռուսաստանն ու Արեւմուտքը մեն միայն մի՛ խնդիր ունեն՝ հողային. հարկ է միայն հասկանալ, թե ով ում է առաջինը թաղելու…

Կասեք՝ աշխարհաքաղաքական շահերից բացի՝ նյարդերի կռիվ է, եւ ինչ-որ մեկի նյարդերը կարող են նաեւ տեղի՞ տալ: Գուցե՛: Ինչպես ասում են՝ քաղաքական գործիչն էլ միս ու արյունից կազմված մեկն է: Բայց այդ դեպքում ի՞նչ անուն տալ համարյա բոլոր եվրոպական լրատվամիջոցներում ու վերլուծաբանների խոսքում հնչող այն մտքին, թե ե՛ւ Ուկրաինան, ե՛ւ Հայաստանը ամենակոռումպացված երկրներն են, որ ժողովրդավար չեն, որ ազատ չեն, որ, թերեւս, ՄՄ արժեքներն են նրանցը, ոչ թե ազատ-եվրոպական մտածողությունը, որ ինչ-որ առումով բնական էր նրանց ընկրկումը խաղի կոնկրետ կանոններ ունեցող Եվրոպայի առջեւ, եւ այլն, եւ այլն, եւ այլն..

Չհասկացանք՝ մինչ այդ չգիտեի՞ն, որ Ուկրաինան ու Հայաստանը կոռումպացված են: Նո՞ր իմացան, որ Տիմոշենկոն բանտում է, որ նոր-նոր են Վիլնյուսում նրա բանտում լինելու եւ աղջկա ունեցվածքը պետականացնելու հարցը  բարձրացնում: Կամ՝ նո՞ր իմացան, որ Սերժ Սարգսյանը, հնարավոր է, կապ ունի ռուսական հատուկ ծառայությունների հետ, եւ կամ որ՝ գուցե նրա առջեւ Պուտինը կոմպրոմատների հսկա փաթեթ է «փռել»…

Եւ ընդհանրապես՝ ինչ աստիճանի անպատասխանատու պիտի լինեն եվրոպացի քաղաքական գործիչները, որ գագաթնաժողովի իրենց ողջույնի խոսքում չհիշատակեն անգամ Ուկրաինայի եւ Հայաստանի անունները՝ մի տեսակ իրենք իրենց հավատացնելով, որ եթե  անունները մեջտեղում չկան, ուրեմն, խնդիրներն էլ հետներն են բացակայում:

Եթե չեն հասկանում՝ հուշենք, որ սա արհամարհանք է ոչ թե իրենց կողմից 2008-ից այս կողմ փայփայված Սերժիկ Սարգսյանի, այլ հենց Հայաստանի քաղաքացու՛ նկատմամբ: Իսկ կոնկրետ ինձ՝ քաղաքացուս համար, բոլորովին կարեւոր չէ՝ վրաս թքողի դրոշին աստղե՞ր են փակցրած, թե՞ մուրճ ու մանգաղ…

Գոհար Սիմոնյան

Հ.Գ. «Հայաստանը դեռ չի հաշվարկել բոլոր ռիսկերը՝ ինչպես Մաքսային միությանն անդամագրվելու, այնպես էլ ԵՄ–ի ազատ առևտրի համաձայնագրին միանալու հետ կապված»,- «РИА Новости»–ի փոխանցմամբ՝ Վիլնյուսում ահա այսպիսի ինքնանվաստացնող եւ բոլորիս խայտառակող տեքստով է հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։ Նաեւ հավելել է, թե «մեզ համար շատ լավ կլիներ Ռուսաստանի, ԵՄ–ի և մյուս բոլորի հետ բաց սահմաններ ունենալը շարունակելը»: Չես հասկանում՝ սրանք բոլորը միասի՞ն են ցնդել, թե՞ որոշել են խոսքները մեկ արած՝ այս պետությունը կատարելապես ոչնչացնել: Պարո՛ն Ավանեսյան, բա որ չէիք հաշվարկել՝ ու՞ր էիք քթներդ չորս տարի՝ ԵՄ, իսկ սեպտեմբերի 3-ից այս կողմ՝ ՄՄ խոթում: Նստեիք՝ հաշվարկեի՛ք:

Փորձա՛նք եք լրիվ:

 

Նախորդ հոդվածը‘Ամենացածր աշխատավարձները՝ մշակույթի, հանգստի եւ զվարճանքի կազմակերպման ոլորտներում ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆինանսական բուրգի գործով դատը հետաձգվեց’