‘Հայաստանից այս տարի որդեգրվել և արտասահման է տարվել 40 երեխա ‘

922

Այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից որդեգրվել և արտասահման է տարվել 40 երեխա: ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության համեմատական տվյալներով` որդեգրման միտումները տարեցտարի նվազում են: «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ հնարավորություն չկա այդ երեխաներին երկրի տարածքում մշտապես ապրող ՀՀ քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին իրենց ազգականների կողմից որդեգրելու», — «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՔԿԱԳ գործակալության պետի տեղակալ Արգամ Ստեփանյանը:

Երեխա որդեգրողները կարող են լինել չափահաս անձիք, սակայն կան հատուկ պայմաններ, որոնց պետք է համապատասխանեն: Երեխա որդեգրելու իրավունքից կարող են զրկվել այն մարդիկ, ովքեր դատարանի կողմից ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ, դատական կարգով զրկվել են ծնողական իրավունքներից կամ սահմանափակվել են դրանք, օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար հեռացվել են խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից, առողջական վիճակով պայմանավորված չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ։ «Այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք դաստիարակության համար, հաստատում է ՀՀ կառավարությունը»,-նշեց Ստեփանյանը: Որդեգրման իրավունք չունեն նաև սոցիալապես անապահով այն ընտանիքները, որոնք որդեգրման պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները և չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաև այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական և տեխնիկական սահմանված պահանջներին: Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն ունեցող անձանց ևս օրենքն արգելում է դիմել որդեգրման:

Դատարանը կարող է վերացնել երեխայի որդեգրման որոշումը՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը: Ստեփանյանը շեշտեց, որ որդեգրումից հետո որոշումը կարող է վերացվել նաև այն դեպքում, երբ որդեգրողները խուսափում են իրենց վրա դրված ծնողական պարտականությունները կատարելուց: ՔԿԱԳ գործակալության պետի տեղակալն առանձնացրեց, որ կան մի քանի պատճառներ, որոնք կարող են երեխա որդեգրած ծնողին իրավունքից զրկելու հիմք դառնալ: «Եթե ծնողները չարաշահում են ծնողական իրավունքները, դաժանաբար են վարվում որդեգրված երեխայի հետ, համարվում են քրոնիկ ալկոհոլիկներ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ տառապող հիվանդներ են: Որդեգրած ծնողը կարող է զրկվել երեխայից նաև դատարանի կողմից մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված կենսաբանական ծնողի պահանջով՝ դատարանի համապատասխան վճռի վերանայման, անգործունակ ճանաչված ծնողի գործունակության վերականգնման դեպքում»,-շեշտեց Արգամ Ստեփանյանը:

Հայաստանի Հանրապետությունում տեղական և օտարերկրյա որդեգրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ միջազգային պայմանագրերով, մասնավորապես՝ «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով, ՀՀ ընտանեկան օրենսգրքով, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ  կառավարության 2010թ. մարտի 18-ի N 269-ը որոշմամբ սահմանված որդեգրման կարգով:

Նախորդ հոդվածը‘Կանադացին իր որդու եւ վիշապի մենամարտով ցնցել է ինտերնետը (Տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի բանակի 7 գեներալներ անցել են Թուրքիա ‘