‘Հայաստանից արտագաղթում են նաև սիրիահայերը’

852

Անցած ամիսներին Հայաստանից այլ երկրներ է հեռացել շուրջ 1.000 սիրիահայ:

Հայաստանի սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանի գնահատմամբ, հիմնական պատճառը համակարգային խնդիրներն են, որոնք դժվարացրել են սիրիահայերի կյանքը Հայաստանում:

«Նախ՝ սիրիահայի եւ Հայաստանի սոցիալական միջավայրը, մշակութային դաշտը, տնտեսական դաշտը բավական տարբեր են, եւ նրանց պատկերացումները Հայաստանի հնարավորությունների վերաբերյալ շատ ժամանակ տարբերվում են իրական հնարավորություններից։ Կարող եմ ասել, որ Սփյուռքի նախարարությունը եւ ընդհանրապես Հայաստանի իշխանությունները անում են ամեն ինչ, որպեսզի հեշտացնեն նրանց կյանքը Հայաստանում, բայց կան օբյեկտիվ խնդիրներ՝ օրինակ մասնագիտացումների հետ կապված, աշխատավարձի չափերի հետ կապված, որոնք դժվարացնում են սիրիահայերի կյանքը», — մեջբերում է Դավիթ Կարապետյանի խոսքերը «Ազատություն» ռադիոկայանը։

Այս տարվա կեսից, երբ Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում թեժացավ հակամարտությունը կառավարության ու ընդդիմության միջեւ, շուրջ 6.000 սիրիահայեր լքեցին այդ երկիրը` ապաստան գտնելով Հայաստանում: Նրանցից, փաստորեն, 1000-ը հեռացել է այլ երկրներ:

Կարապետյանը նշում է, որ սփյուռքի նախարարությունը փորձում է անել հնարավորը, որպեսզի Հայաստան եկած սիրիահայերը, աշխատանք գտնելով, կարողանան հաստատվել հայրենիքում: Այս նպատակով էլ իրենք տարբեր գերատեսչությունների հետ միասին հանդիպումներ են կազմակերպում սիրիահայերի մասնակցությամբ: Նման հանդիպում տեղի է ունեցել երեկ, որին հրավիրվել էին Հայաստան տեղափոխված այն սիրիահայ գործարարները, ովքեր մտադիր են թեթեւ արդյունաբերության ու սպասարկման ոլորտում նոր գործ ձեռնարկել: Նրանք Հայաստանում գործող թեթեւ արդյունաբերության ոլորտի ղեկավարների հետ քննարկեցին բիզնես սկսելու իրենց հնարավորությունները, ծանոթացան հայաստանյան բիզնես դաշտին:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ժամանել է Թուրքիա’
Հաջորդ հոդվածը‘Ազատ դեմոկրատները հանդիպել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ’