‘Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2013 թ. գների կտրուկ փոփոխություններ չեն դիտվել’

1053

Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2013 թ. 2012 թ. համեմատ գների կտրուկ փոփոխություններ չեն դիտվել, այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը` հաղորդելով, որ հստակ վիճակագրական տվյալներ ԱԳԿՊԿ-ն կհրապարակի մոտ ժամանակներս:

Այնուամենայնիվ, Ա. Մուսայանը տեղեկացրել է, որ 2013 թ. ԱԳԿՊԿ տարածքային ստորաբաժանումներում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների 190690 պետական գրանցում` տարեկան կտրվածքով աննշան աճով: Դեռևս չճշտված տվյալներով, անցած տարում անշարժ գույքի գրավի գործարքները կրճատվել են 4,9%-ով`մինչև 8.4 հազար, հիփոթեքի գործարքները` 6,4% -ով, մինչև 23,6 հազար, իսկ անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների թիվը տարեկան հաշվարկով ավելացել է 4%-ով`մինչև 48.9 հազար:

Անդրադառնալով գերատեսչության գործունեության արդյունավետությանը`ԱԳԿՊԿ նախագահի տեղակալը նշել է, որ 2008 թվականի համեմատ կտրուկ կրճատվել է սեփականության իրավունքների գրանցման և համապատասխան տեղեկատվության տրամադրման մերժված հայտերի քանակը: «Եթե 5 տարի առաջ մերժվում էր ընդհանուր հարցումների 35-40%-ը, 2013 թ. մերժումները կազմել են ընդամենը 5%: Համապատասխանաբար, նվազել է նաև  կադաստրի որոշումների դատական բողքարկման թիվը`2008 թ. 122-ից մինչև  2013 թ. 19-ը»,-հայտարարել է Ա. Մուսայանը: Հայաստանում անշարժ գույքի գրանցման ընթացակարգերի պարզեցման առնչությամբ նա հիշեցրել է, որ Հայաստանը համապատասխան ցուցանիշով 5-րդ տեղն է զբաղեցրել «Doing Busines»-ի վարկանիշային աղյուսակում 189 երկրների շրջանում:

Նախորդ հոդվածը‘Չինաստանում արգելել են առաջ քաշել «մերկ պաշտոնյաներին»’
Հաջորդ հոդվածը