‘Հայաստանի անտառները ոչնչանում են լեռնահանքային գործունեության թափոնների տակ’

1464

Հայաստանի անտառները հայտնվել են մի շարք խնդիրների ներգործության տակ: Մի կողմից բնապահպանները փորձում են վերադասի ուշադրությունը հրավիրել ապօրինի անտառահատումների ծավալների, ինչպես նաև անտառի տեսակակազմի փոփոխության վրա: Մյուս կողմից, անբարեխիղճ լեռնահանքային ընկերություններն անտառային զանգվածներն օգտագործում են որպես թափոնների կուտակմնա վայր:

Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի կանաչների միության ղեկավար Հակոբ Սանասարյանը, հանրապետության մի շարք անտառային տարածքներ տառացիորեն թաղվել են լեռնահանքային գործունեության թափոնների տակ: Նրա ասելով, Քաջարանի և Ագարակի շրջաններում թափոնների կույտերի բարձրությունը հասնում է մի քանի մետրի: Այդպիսով, ծառերը դրանց տակ թաղված են:

Սանասարյանը հիշեցրել է, որ թափոնների մեջ պարունակվում են այնպիսի վտանգավոր տարրեր, ինչպիսին են մկնդեղը, սելենը, սնդիկն ու արճիճը: Դրանք բոլորը կործանարար են բուսական աշխարհի համար և կարող են հանգեցնել հողերի պտղատվության նվազման: Ինչպես նշել է Սանասարյանը, հանրապետության անտառային զանգվածներում արդեն կուտակվել են մի քանի միլիոն տոննա թափոններ:

Ընդ որում փորձագետը նշել է, որ այս իրավիճակի մասին տեղեկացվել են Գլխավոր դատախազությունը, Բնապահպանության նախարարությունը, ինչպես նաև երկրի ղեկավարությունը: Չնայած դրան` ոչ մի քայլ չի ձեռնարկվում անտառները ոչնչացումից փրկելու համար: Մինչդեռ լեռնահանքային ընկերություններին, որոնք ցանկանում են անտառապատ տարածքների հաշվին խնայողություն անել թափոնների փոխադրումից, այդ լռութմունը միայն ձեռնտու է:

Ավելի վաղ փորձագետները նշել էին, որ Հայաստանի, գործնականում, բոլոր շրջաններում, որտեղ կա լեռնահանքային արդյունաբերություն, տեղի է ունեցել ծանր մետաղների ներթափանցում սննդային օղակներ: Բացի այդ, ամենուրեք, որտեղ կա հետախուզվող կամ շահագործվող հանքավայր, միանշանակ, առկա է բնական ջրերի աղտոտում:

Նախորդ հոդվածը‘Սևանում ջրաճահճային թռչունների տեսակներն ավելանում են’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’