‘Հայաստանի ապահովագրական ընկերությունների աշխատողների աշխատավարձերը մեկ տարում նվազել են 12.8%’

1533

Հայաստանի ապահովագրական ընկերություններում ամսական միջին աշխատավարձը 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է 287,6 հազար դրամ ($ 696), տարեկան կտրվածքով նվազելով 12.8%:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 6 ապահովագրական ընկերություններից իրենց աշխատողների աշխատավարձերը բարձրացրել են 3-ը: Զգալի չափերով է աշխատավարձը բարձրացել ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերությունում`29,8% (2013-ի 1-ին եռամսյակի 157.5 հազարից մինչև 2014-ի 1-ին եռամսյակի 204.5 հազար դրամը): Վերջինս 15.8% ավելացրել է նաև անձնակազմի թվաքանակը, մինչև 198 աշխատակից: ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում աշխատավարձերն աճել են 24.4%, բայց 15.6% նվազել է աշխատակիցների թիվը, մինչև 243: Արմենիա Ինշուրանս ընկերությունում աշխատավարձերն աճել են 14,4%, իսկ աշխատակազմը կրճատվել է 6.5%, մինչև 72 աշխատակից:

Մնացած ընկերություններում առաջին եռամսյակում աշխատավարձերը կրճատվել են, ընդ որում, ՌԵՍՈ ընկերությունում` 38,7%, մինչև 391,9 հազար դրամ, իսկ աշխատակիցների թիվը տարեկան կտրվածքով կրճատվել է 23.4%, մինչև 98 հոգի: ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերությունում միջին աշխատավարձը նվազել է 34.6%, մինչև 232,1 հազար դրամ, իսկ աշխատակիցների թիվն ավելացել է 32,6%, մինչև 179 աշխատակից: Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունում միջին ամսական աշխատավարձը կրճատվել է 16.5%, մինչև 305.9 հազար դրամ, իսկ անձնակազմը 2014-ի ապրիլի 1 – ի դրությամբ աճել է 8.5%, մինչև 345 աշխատակից:

Ըստ աղբյուրի, 2014-ի ապրիլի 1 –ի դրությամբ Հայաստանի ապահովագրական ընկերություններում աշխատում էր 1135 մարդ, տարեկան աճը`1.6%: Ամենամեծ թվով աշխատողներն ավանդաբար ունի Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը (345), իսկ ամենաթիչը` «Արմենիա Ինշուրանս» ընկերությունը (72):

Ըստ Ռենկինգի, մեկ աշխատողին ընկնող ամենաբարձր աշխատավարձի գծով առաջատարն է ՌԵՍՈ ընկերությունը (391.9 հազար դրամ), իսկ ամենացածր միջին աշխատավարձը գրանցվել է Սիլ Ինշուրանս ընկերությունում (204.5 հազար դրամ):

Աշխատավարձին ու դրան ուղղված նմանատիպ վճարների ուղղությամբ կատարված ծախսերը տարեկան կտրվածքով նվազել են 11.4%, կազմելով 979,1 մլն դրամ կամ վարչական ընդհանուր ծախսերի 62.8%-ը: Աշխատավարձի ֆոնդի չափերով առաջատարն է Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը` 316,5 մլն դրամ, երկրորդ տեղում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը` 234,9 մլն դրամ, երրորդ տեղում է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերությունը` 124.6 մլն դրամ, որոնց հաջորդում են «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերությունը` 121.4 մլն դրամ, ՌԵՍՈ ընկերությունը` 115.2 մլն դրամ: Աշխատավարձի նվազագույն ֆոնդն արձանագրվել է Արմենիա Ինշուրանս ընկերությունում` 66.3 մլն դրամ:

Նշենք, որ տվյալները հաշվարկված են վեց ապահովագրական ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների հիման վրա, բացառությամբ Գարանտ Ինշուրանս ընկերության, որը գտնվում է Ռոսգոսստրախ Արմենիա ընկերության հետ միաձուլման վերջնական փուլում: ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 31.03.2014 դրությամբ կազմել է 413,31 դրամ / $ 1:

Նախորդ հոդվածը‘Տոտալ հոսանքահարում, կամ՝ ինչքան ուզեն՝ էնքան կթանկացնեն ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր 2. Իրանի նախագահը հետեւում է ԱԱ 2014-ի խաղերին’