‘Հայաստանի արտաքին պարտքը տարեվերջին կազմել է 3.9 մլրդ դոլար ‘

785

2013 թվականին Հայաստանի պետբյուջեի եկամտային մասը կատարվել է 9.8%-ով: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ խորհրդարանին ներկայացնելով 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը:

Նա նշել է, որ բյուջեի եկամուտները 2013-ին կազմել են 1.071 տրլն դրամ: Եկամուտների 93.4%-ը կամ 1.001 տրլն դրամը կազմել են հարկերի և տուրքերի գծով մուտքերը, նախորդ տարվա համեմատ աճելով 14% կամ 123 մլրդ դրամով: Հարկերի և պետական տուրքերի ծրագիրը կատարվել է 100%-ով, նշել է նա: Բյուջեի նշված եկամուտների 974 մլրդ դրամը կազմել են հարկային մուտքերը, 27 մլրդ դրամը` պետական տուրքերի գծով մուտքերը: Հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ին 2013-ին կազմել է 23.5%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 1.5 տոկոսային կետով աճ: Դրամաշնորհների գծով մուտքերը կրճատվել են 5.4 մլրդ դրամով կամ 28.9%-ով:

2013 թվականի բյուջեի ծախսերը կազմել են 1.258 մլրդ դրամ, բյուջեի ծախսային մասը կատարվել է 90.8%-ով: Նա հատուկ ընդգծել է, որ խոսքը գնում է նախատեսված վճարների մասին և իր կողմից հնչեցված ցուցանիշը չի նշանակում, որ բոլոր ծրագրերն էլ մասնակիորեն են կատարվել:

Հայաստանի արտաքին պարտքը տարեվերջին կազմել է 3.9 մլրդ դոլար: Ընդ որում, անցյալ տարի արտաքին պարտքի սպասարկմանն է ուղղվել 46.7 մլրդ դրամ, մարմանը` 246.4 մլրդ դրամ, որի 146 մլրդ դրամն ուղղվել է 2009 թվականին Ռուսաստանից ստացված ստաբիլիզացիոն վարկի մարմանը:

Նախորդ հոդվածը‘«Առավոտ»-ը հրապարակել է Լիսկայի դատվածությունների փաստաթղթեր’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոն. Գագաթնաժողով՝ թեժ կետերում սեռական բռնությունները դադարեցնելու մասին’