‘Հայաստանի բռնցքամարտի եռյակից երկուսը եզրափակիչ մտան’

894

Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում ընթանում է Եվրոպայի մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների առաջնությունը, որի կիսաեզրափակիչ էին մտել Հայաստանի  երեք պատվիրակներ:

Այսօր՝ դեկտեմբերի 17-ի ցերեկային մրցահերթում ռինգ ելան Կորյուն Սողոմոնյանը (49 կգ) և Արամ Ավագյանը (56 կգ: Նրանցից առաջինը մրցեց միջազգային պատանեկան և երիտասարդական ստուգատեսներում  մրցանակներ նվաճած ռուս մրցակցի հետ: Բայց Կորյունը պակաս հեղինակություն չէ բռնցքամարտում, քանզի Եվրոպայի պատանեկան առաջնության  կրկնակի հաղթող է և երտասարդականի ոսկե մեդալակիր:

Փորձառուների պայքարն իսկապես դիտարժան էր: Երեք ռաունդներում անվիճելի առավելություն դրսևորեց  Կորյունը, իր հաշվին հաղթանակ գրանցեց, մտավ եզրափակիչ և վաղը՝ դեկտեմբերի 18-ին կպայքարի չեմպիոնության համար:

Ուժեղագույնի կոչման համար վաղը կմրցի նաև իր համար դարձյալ առնվազն արծաթե մեդալ ապահոված երևանցի Արամ Ավագյանը (56 կգ), որը ոսկե մեդալի համար կպայքարի ՌԴ պատվիրակի դեմ: Արժե նշել, որ Արամը եզրափակիչի համար պայքարում վստահ հաղթանակ տոնեց Եվրոպայի պատանիների, երիտասարդների և Սինգապուրի օլիմպիական երիտասարդական խաղերի հաղթող, ադրբեջանցի մրցակցի նկատմամբ:

Այսօր՝ երեկոյան մրցահերթում, ասպարեզ դուրս կգա Հայաստանի երրորդ պատվիրակը՝  Նարեկ Աբգարյանը (52 կգ): Նրա մրցակիցը դարձյալ Ռուսաստանի ներկայացուցիչ է, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Ահմադինեժադը չեղյալ է հայտարարել այցը Թուրքիա’
Հաջորդ հոդվածը‘Մաքսատանը մտածել էին, թե մեդալը «գռուզ» է, ու 47 000 դրամ էին պահանջել մաքսազերծման համար’