‘Հայաստանի եզդիական կազմակերպությունները Հայաստանի ԱԳՆ-ին կոչ են արել ՄԱԿ-ում բարձրացնել Իրաքի եզդիներին աջակցության հարցը ‘

993

Հայաստանի եզդիական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության դեսպան  Զոհրապ Մնացականյանին` Իրաքի եզդիների ծան վիճակի առնչությամբ:

Նամակում, մասնավորապես, ասվում է, որ Իրաքում ծայրահեղ իսլամիստական և ահաբեկչական խմբավորումների գործողությունների արդյունքում ստեղծվել է մարդկային աղետի իրավիճակ, որի զոհերի և տուժածների մեծ մասը իրաքաբնակ էթնիկ և կրոնական փոքրամասնություններն են, իսկ նրանց շարքում՝ եզդիները: «Համաձայն ՄԱԿ-ի հուլիսի 9-ի տեղեկատվության, ավելի քան 850,000 մարդ է Իրաքում տեղահանվել վերջին մեկ ամսվա ընթացքում, որոնցից 200,000ը՝ միայն վերջին մեկ շաբաթում: Հենց հիմա Իրաքի հյուսիսում՝ Սինջար լեռան վրա փաստացի շրջափակման մեջ են գտնվում ավելի քան 20,000 եզդիներ, որոնք չունենալով սնունդ և խմելու ջուր, մահվան եզրին են:

Տեղահանումներն ընթանում են սպանդով և մարդկության դեմ բազմատեսակ հանցանքներով՝ կանանց առևանգում և վաճառք ստրուկների շուկաներում, բռնաբարություններ, երեխաների զանգվածային ջարդ և այլն: Իրաքում իրավիճակն օրհասական է և պահանջում է միջազգային հանրության կողմից ոչ միայն մարդասիրական պարենային և առողջապահական օգնություն, այլև մարդասիրական ռազմական միջամտություն: Որպես ռազմական միջամտության լիազորություն տվող կառույց՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է լիազորել խաղաղարար զորքերի մուտքն Իրաք՝ փաստացի ցեղասպանությունը կասեցնելու նպատակով: Որպես ցեղասպանության արհավիրքը սեփական ժողովրդի մաշկի վրա կրող պետության ներկայացուցիչ, ինչպես նաև եզդի փոքրամասնություն ունեցող պետության ներկայացուցիչ, և որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, խնդրում ենք, որ՝ Հայաստանը ՄԱԿ-Ի Գլխավոր Ասամբլեայում բարձրաձայնի Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչպես նաև հորդորի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ ընդունել մարդասիրական ռազմական միջամտություն լիազորելու բանաձև», — ասվում է նամակում, որի տակ ստորագրել են «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը, «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունը, «Եզդիների ազգային միություն» հասարակական կազմակերպությունը, «Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը:

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» չեմպիոնական հանդերձարանը. Խամեսից մինչև Կասիլյաս (լուսանկարային շարք)’
Հաջորդ հոդվածը‘Շահեն Հարությունյանին ոստիկանության բաժանմունքում վստահեցրել են, թե հայրը մահացել է’