‘Հայաստանի ինտերնետի օգտատերերի 76%-ը գտնվում է Երևանում. Հետազոտություն’

1466

Ինտերնետի ներթափանցելիությունը Հայաստանում, ըստ 2012 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի մարտը կատարված հետազոտության, կազմում է 56.9 %: Այս մասին են վկայում հետազոտության արդյունքները, որոնք անց են կացվել «Նոյ ֆիրմա» կոոպերատիվի կողմից, «Ինտերնետ-հանրություն» ՀԿ պատվերով: Հետազոտության արդյունքները ներկայացվել են սույն թվականի հոկտեմբերի 8-ին, INET Armenia կոնֆերանսում:

Հաշվետվության համաձայն՝  Երևանում այս ցուցանիշը կազմել է 60.5 %, իսկ մարզերում` 48 %: Ընդ որում՝ երկրում օգտատերերի 76 %-ը գտնվում է մայրաքաղաքում, իսկ 24 %-ը` մարզերում:

Մայրաքաղաքում, ինտերնետի թափանցելիության ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Կենտրոն վարչական շրջանում` 74 % և Դավիթաշենում` 68.3 %: Այնուհետև հաջորդում են Արաբկիրը` 67,7 %, Աջափնյակը` 67 %, Նորք — Մարաշը` 61.9 %, Քանաքեռ — Զեյթունը` 60.2 %, Շենգավիթը` 59,7 %, Նոր Նորքը` 55.5 %, Ավանը` 53.2 %, Մալաթիա-Սեբաստիան` 51.2 %, Էրեբունին` 45.7 %, Նուբարաշենը` 41.2 %:

Ընդհանուր առմամբ՝ երկրում ամենաբարձր տարածաշրջանային ցուցանիշները նշվել են Երևանին մոտ մարզերում, այդ թվում, Կոտայքում` 58.6 %, Արարատում` 53.1 %, Արմավիրում`51.9 %: Այնուհետև հաջորդում են Լոռին` 49.2 %, Սյունիքը` 48.2 %, Գեղարքունիքը` 46.3 %, Վայոց Ձորը` 42.1 %, Տավուշը` 40.7 %, Արագածոտնը`39 %: Ինտերնետի ամենացածր թափանցելիության մակարդակն արձանագրվել է Շիրակի մարզում` 38.1 %:

Աղբյուրի համաձայն՝ ամենամեծ թվով Ինտերնետի օգտատերերն են 31-ից 45 տարեկան անձինք` 33.8 %: Տարիքային այս հատվածում թափանցելիության մակարդակը կազմում է 67.1 %: Երկրորդ տեղում են 46-60 տարեկանները` 22,8 % (թափանցելիության մակարդակը` 53.5 %): Երրորդ տեղում են 23-30 տարեկանները` 20,4 % (թափանցելիությունը` 60 %): Այնուհետև հաջորդում են 18-ից 22 տարեկան անձինք` 12.5 % ( թափանցելիությունը` 52.2 %): Վերջին տեղում են 61-ից բարձր տարիք ունեցողները` 5.8 % (թափանցելիությունը` 41.1 %) և մինչև 18 տարեկանները` 4.6 % (թափանցելիությունը` 43.8 %):

Ինտերնետ օգտատերերի 56.5%-ը կազմում են տղամարդիկ, իսկ 43.5 %-ը` կանայք: Ընդ որում՝ ինտերնետից օգտվում է Հայաստանի տղամարդկանց 59.8 %-ը և կանանց ընդհանուր թվի 53.5%-ը:

Ինչպես հետևում է հարցվողների պատասխաններից, ինտերնետի օգտատերերի մեծ մասն ունի բարձրագույն տեխնիկական կրթության` 33.1 % (թափանցելիությունը` 77.2 % ), որոնց հաջորդում են հումանիտար բարձրագույն կրթություն ունեցող անձինք` 26.8 % (թափանցելիությունը` 64.7 %): Երրորդ տեղում են միջնակարգ կրթությամբ անձինք` 19.4 % ( 47.5 % թափանցելիություն): Վերջին տեղում են միջնակարգ մասնագիտական կրթությամբ անձինք`12 % (թափանցելիությունը` 28.7 %):

Սակայն 635 հարցվածներ տարբեր պատճառներով չեն օգտվում ինտերնետից: Նրանցից  26.9 %-ը չունի համակարգիչ, 23.9 %-ը նշել է, որ ինտերնետի գինը շատ բարձր է կամ ընդհանրապես մատչելի չէ: Հարցվածների 12 %-ը ժամանակ չունի ինտերնետի համար, 11.8%-ը ինտերնետի կարիքը չունի, 10.7%-ը չունի սմարթֆոն կամ շարժական հեռախոս, 10.2% չի օգտվում ինտերնետից կապի հասանելիության բացակայության պատճառով, իսկ 4.4 %-ը չգիտի ինչպես օգտվել ինտերնետից:

Հետազոտությունը կատարվել է մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում և Հայաստանի 10 մարզերում: Հարցվածներից 1474 հոգի հանդիսացել են ինտերնետի օգտատերեր:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘«Եվա՛, հանցագո՛րծ». Դատը հետաձգվեց ‘