‘Հայաստանի իշխանությունները շարունակում են ջայլամային քաղաքականությունը. «168 ժամ»’

1344

Ներկայացնում ենք «168 ժամ» թերթի «Խորտակվենք միասին» վերտառությամբ հոդվածը՝ կրճատումներով:

Ռուսաստանը փաստացի պատերազմ է հայտարարել Ուկրաինային, ռուսական զորքը ժամ առ ժամ ավելանում է Ղրիմում, և ցանկացած պահի Պուտինը կարող է կիրառել Դաշնային խորհրդի կողմից իրեն տրված իրավունքը՝ Ղրիմում ռազմական գործողություններ սկսելու մասին: Միջազգային հանրությունը փորձում է պատերազմի սպառնալիքը կանխել առայժմ դիվանագիտական ճանապարհով՝ այդ թվում սպառնալով ոչ միայն ռազմական աջակցություն ցույց տալ Ուկրաինային, այլ նաև քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ: Չնայած դեռևս որևէ կոնկրետ պատժամիջոց չի կիրառվել, սակայն ռուսական տնտեսությունն արդեն իսկ արձագանքել է տեղի ունեցող գործընթացներին. երեկ ռուսական ռուբլին շարունակել է արժեզրկվել, արժեզրկվել են նաև ռուսական խոշորագույն կորպորացիաների («Գազպրոմ», «Սբերբանկ», «Ռոսնեֆտ» և այն) բաժնետոմսերը, արժեթղթերի շուկայի խաղացողները խուճապի մեջ են:

Սրանք ընդամենն առաջին աշխատանքային օրվա արդյունքներն են: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա Ռուսաստանի տնտեսության հետ, եթե, Աստված մի արասցե, Ղրիմում ռազմական գործություններ սկսվեն. այդ գործողությունների յուրաքանչյուր օրն էլ ավելի կմոտեցնի ռուսական տնտեսության կոլապսը: Այս իրադարձությունները Հայաստանի վրա կարող են կործանարար հետևանքներ ունենալ` ինչպես քաղաքական, այնպես էլ` տնտեսական առումով:

Մինչ աշխարհի երկրների մեծամասնությունը դատապարտում է ինքնիշխան Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի ակտը (անգամ Չինաստանը, շատերի համար անսպասելիորեն, երեկ հանդես եկավ նման հայտարարությամբ), Հայաստանը շարունակում է ջայլամային քաղաքականությունը՝ բառի բուն իմաստով: Պաշտոնական Երևանը մինչև օրս որևէ դիրքորոշում չի հայտնել ոչ միայն Ուկրաինայի նոր իշխանությունների վերաբերյալ (չհաշված, իհարկե, իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը, որ ինքն Ուկրաինայի լեգիտիմ նապագահ է ճանաչում Վիկտոր Յանուկովիչին), այլ նաև այդ երկրի դեմ Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիայի առնչությամբ:

Պակաս մտահոգիչ չեն Հայաստանի վրա այս իրադարձությունների ազդեցության տնտեսական վտանգները: Առավելագույն չափով կախված լինելով Ռուսաստանից (արտաքին առևտուր, ՌԴ-ից ուղարկվող տրանսֆերտներ, Հայաստանում ռուսական ձեռնարկությունների դոմինանտություն և այլն), Հայաստանն ուղղակիորեն կարող է զգալ Ռուսաստանի տնտեսության անկման, ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառման ազդեցությունը:

Ի՞նչ է անում ՀՀ իշխանությունն այս պայմաններում: Ըստ էության` ոչինչ: Եթե անգամ որևէ բան էլ անում է, ապա միայն Մաքսային միությանն անդամակցելու քայլերն ավելի արագացնելու ուղղությամբ: Այն դեպքում, երբ անգամ Մաքսային միության համահիմնադիր Ղազախստանի ու դրա անդամ Բելառուսի քաղաքական շրջանակներում այս օրերին քննարկում են ՄՄ-ից դուրս գալու հնարավորությունը: Հայաստանը, սակայն, համառորեն շարունակում է ինքնազոհաբերվել՝ խորտակվող Ռուսաստանի հետ նույն ճակատագրին արժանանալու համար:

Հետաքրքիրն այն է, որ դրանով զբաղվող Հայաստանի իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչներն իրենց քաղաքական կարիերան կերտել են խորտակվող նավից ժամանակին «թռնելով»՝ դա հիմնավորելով ամենատարբեր պատճառներով: Փաստորեն, սեփական փրկության համար «թռնելն» արդարացված է, սակայն, երբ խոսքը պետության մասին է, կարելի է թողնել, որ այն խորտակվի մինչև վերջ:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը ցանկանում է ՎՊ պաշտոնյաներին զրկել կարծիք հայտնելու իրավունքից. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը’40 հատ «պոլի փայտ» ԱԽՔ-ի համար. Ինքնապաշտպանական նպատակո՞վ. «ՉԻ»’