‘Հայաստանի հավաքականը կրեց հերթական պարտությունը(տեսանյութ)’

1043

Լատվիայի մայրաքաղաքի «Սկոնտո» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլում մեկնարկից առաջ վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց: Այս անգամ հակառակորդը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում շատ ավելի ցածր տեղ զբաղեցնող Լատվիայի հավաքականն էր: Ցավոք, հայ ֆուտբոլիստները այս անգամ ևս պարտվեցին (2:0):

 

Ինչպես և նախապես հայտարարվել էր, Հայաստանի ընտրանին դաշտ դուրս եկավ հինգ պաշտպանով: Խաղադաշտից բացակայում էր Յուրա Մովսիսյանը, և մաքուր հարձակվող չկար: Հարվածային դիրքերում մենք տեսնում էինք Հենրիխ Մխիթարյանին, Գևորգ Ղազարյանին ու Էդգար Մանուչարյանին: Մեր ֆուտբոլիստները դեռ չէին հարմարվել իրենց նոր դիրքերին, երբ գնդակը հայտնվեց Հայաստանի հավաքականի դարպասում: 16-րդ րոպեին Վալերի Շաբալայի դիպուկ հարվածը  եղավ արդյունավետ: Այս պահին իրենց լավ չդրսևորեցին մեր պաշտպաները՝  Հարոյանը, Ոսկանյանը և Մկոյանը:

Հայաստանի հավաքականը առաջին կեսի երկրորդ հատվածում բավական հաջող խաղ ցուցադրեց: Հիանալի երեք հնարավորություն կորցրեց  Գևորգ Ղազարյանը, ով չկարողացավ իրացնել իրական գոլային պահերը: Այդպես էլ Հայաստանի հավաքականը ընդմիջման գնաց առանց դարպասը գրավելու,  թեև այնքան մոտ էր դրան:

Երկրորդ խաղակեսում տեղի ունեցած փոփոխությունները ևս ոչ մի դրական արդյունք չտվեցին: Արթուր Սարկիսովի ներկայությունը մի փոքր աշխուժացրեց հարձակումը, և ստեղծվեցին էլ ավելի իրական գոլային պահեր, սակայն արդյունքը զրոյական էր: Տխուր էր տեսնելը, թե ինչպես է  ՄԽիթարյանի հարվածից հետո գնդակը հետ մղվում ուղղահայաց դարպասաձողից, իսկ Սարկիսովը չի կարողանում գրավել բաց դարպասը: Փոխարենը դուբլ ձևակերպեց Վալերի Շաբալան:

Այսպիսով, մեր հավաքականի այս հանդիպումը իր երկրպագուներին լավատեսական ոչինչ չհաղորդեց: 

ԼԱՏՎԻԱՀԱՅԱՍՏԱՆ

2-0 (1-0)


MC

1-0՝ Վալերի Շաբալա 16՛, 2-0՝ Վալերի Շաբալա 75՛

 

ԼԱՏՎԻԱ. 12.Ալեկսանդր Կոլինկո, 2.Վիտալի Մակսիմենկո (19.Վիտալի Յագոդինսկիս, 46), 3.Նաուրիս Բուլվիտիս, 6.Վլադիսլավ Գաբով, 13.Կասպարս Գորկշս, 19.Վիտալի Յագոդինսկիս (22.Օլեգ Տիմոֆեեւ, 72), 5.Օլեգ Լայզանս (18.Ալեկսանդր Ֆերտով, 46), 7.Անդրեյ Կովալյով, 15.Արտիս Լազդինշ, 17.Արտուր Զյուզին (14.Ռիտվար Ռուգին, 76), 10.Վալերի Շաբալա (9.Յուրի Ժիգաեւ, 85), 16.Արտյոմ Ռուդնեւ (11.Էդուարդ Վիշնյակով, 46)

ՀԱՅԱՍՏԱՆ. 1.Ռոման Բերեզովսկի, 3.Վարազդատ Հարոյան, 4.Տարոն Ոսկանյան (11.Արթուր Սարկիսով, 68), 13.Կամո Հովհաննիսյան, 15.Հրայր Մկոյան, 20.Լեւոն Հայրապետյան (19.Հովհաննես Համբարձումյան, 71), 7.Արթուր Եդիգարյան (6.Կառլեն Մկրտչյան, 76), 9.Ռումյան Հովսեփյան (8.Մարկոս Պիցելի, 82), 18.Հենրիխ Մխիթարյան, 10.Գեւորգ Ղազարյան (16.Նորայր Ասլանյան, 90), 22.Էդգար Մանուչարյան (17.Զավեն Բադոյան, 63)

 

Զգուշացում՝ Անդրեյ Կովալյով 74՛ (Լ), Նաուրիս Բուլվիտիս 90՛ (Լ), Հրայր Մկոյան 59՛ (Հ), Արթուր Եդիգարյան 65՛ (Հ)
Մրցավար՝ Գեդեմինաս Մազեյկա (Լիտվա)

 

 

Նախորդ հոդվածը‘Սյունիքի մարզպետը ազատվել է պաշտոնից. Լիսկան կրկին պաշտոն կստանա՞’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիները բողոքի ցույց են անում կառավարության դիմաց ‘