‘Հայաստանի հավաքականը մեկնել է Իտալիա. Բուքմեյքերները հավատում են ապենինցիների հաղթանակին’

1211

Միջազգային բուքմեյքերական գրասենյակներն իտալացիների հետ Վարդան Մինասյանի սաների առաջիկա խաղում նախապատվություն են տալիս Չեզարե Պրանդելիի սաներին: Հայաստանի ֆուտբոլի հավաքականն արդեն չարտերային չվերթով մեկնել է Նեապոլ, որտեղ հոկտեմբերի 15-ին, ժամը 23:45-ին,Սան Պաոլո մարզադաշտում տեղի կունենա ընտրական փուլի վերջին հանդիպումն Իտալիայի հավաքականի հետ: Ժամը 20:00-ին հավաքականը մարզում կանցկացնի Սան Պաոլո մարզադաշտում, իսկ մարզումից առաջ կկայանա գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:

Toto բուքմեյքերական գրասենյակը Հայաստանի հավաքականի հաղթանակի հնարավորությունը գնահատում է 7.0 գործակցով, ոչ ոքին գնահատվում է 5,1, իտալացիների հաղթանակը` 1,35 գործակցով: BWIN, Bet at Home, Titanbet, Williamhill միջազգային բուքմեյքերական գրասենյակները նշել են, համապատասխանաբար, 1,30 — 5.0 և 11.0 գործակիցները:

Հայաստանի ազգային հավաքականը Նեապոլ է մեկնել հետևյալ կազմով. դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի, Գևորգ Կասպարով, պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Վալերի Ալեքսանյան, Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան, Լևոն Հայրապետյան, Արթուր Ավագյան; կիսապաշտպաններ` Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան, Դավիթ Մանոյան, Գևորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի, Արաս Օզբիլիս, Էդգար Մալաքյան, Արտակ Դաշյան; հարձակվողներ` Յուրա Մովսիսյան, Արթուր Սարկիսով:

Ուրբաթ օրը հայ ֆուտբոլիստները Երևանում 2:1 հաշվով հաղթեցին Բուլղարիայի հավաքականին: Մեկնաբանելով Բուլղարիայի հետ հանդիպումը` Վարդան Մինասյանն ընդգծել է, որ իր տղաներն Իտալիային հաղթելու հնարավորություն ունեն:

Հայաստանի հավաքականը 12 միավորով չորրորդ տեղում է ընտրական խմբում: Իտալիայի հավաքականը հավաքել է 21 միավոր, Բուլղարիայինը` 13, Դանիայինը` 13, Չեխիայի հավաքականը` 12, Մալթայինը` 3 միավոր: Այդպիսով Հայաստանի հավաքականը պահպանում է հաջորդ փուլին մասնակցելու հնարավորությունը, ինչի համար պետք է առնվազն հաղթի իտալացիներին արտագնա խաղում:

 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն կքննարկի խորհրդարանական էթիկայի հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչպես կբարձրանան պաշտոնյաների աշխատավարձերը ‘