Հայաստանի հավաքականը պարտվեց ուկրաինացիներին՝ 0։3 (տեսանյութ)

415

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երրորդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականը Լեհաստանի Լոձ քաղաքում մրցեց Ուկրաինայի հավաքականի հետ եւ պարտություն կրեց 0։3 հաշվով։

Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց։ Ընդմիջումից հետո Ուկրաինան զգալի տարածքային առավելությունը (70 տոկոս) կարողացավ վերածել 3 գոլի։

55-րդ րոպեին կրկնակի փոփոխություն կատարեց Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Ռուսական «Ռոստովի» 30-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանին փոխարինեց լեհական «Պոգոնի» 22-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, դանիական «Ռանդերսի» 26-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանին փոխարինեց բելգիական «Բրյուգեի» 29-ամյա հարձակվող Սարգիս Ադամյանը։

Դրանից հետո ուկրաինացիներին հաջողվեց բացել խաղի հաշիվը։ 61-րդ րոպեին աչքի ընկավ իտալական «Ատալանտայի» 29-ամյա կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին, որին արդյունավետ փոխանցում կատարեց Կիեւի «Դինամոյի» 30-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կարավաեւը։

Մի քանի րոպե անց Հայաստանի հավաքականը կարող էր վերականգնել հավասարությունը։ Սարգիս Ադամյանի սուր փոխանցումից հետո ուկրաինացիների պաշտպանը մոտ էր ինքնագոլի, սակայն դարպասաձողից հետ եկած գնդակին հասավ Դոնեցկի «Շախտյորի» 37-ամյա դարպասապահ Անդրեյ Պյատովը։

Ուկրաինայի երկրորդ գոլը 77-րդ րոպեին խփեց Ալեքսանդր Կարավաեւը։ 84-րդ րոպեին Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը գրավեց Լիվերպուլի «Էվերտոնի» 23-ամյա պաշտպան Վիտալի Միկոլենկոն։

Ուկրաինան երկրորդ հաղթանակը տարավ երկու խաղում եւ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 3 խաղում 3 միավորով երրորդն է։ Երկրորդ տեղում է Շոտլանդիան, որը 1 խաղից հետո ունի 3 միավոր եւ հունիսի 11-ին կհյուրընկալվի հետնապահ Իռլանդիային (2 պարտություն)։

Հունիսի 14-ին Երեւանում Հայաստանի թիմը կընդունի շոտլանդացիներին, որոնց երկրորդ տուրում պարտվել է 0։2 հաշվով։

Ազգերի լիգա․ լիգա, առաջին խումբ, երրորդ տուր

Ուկրաինա — Հայաստան՝ 3։0 (տեսանյութ)

Ռուսլան Մալինովսկի, 61, Ալեքսանդր Կարավաեւ, 77, Վիտալի Միկոլենկո, 84

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Ստյոպա Մկրտչյան, Հրայր Մկոյան, Տարոն Ոսկանյան, Ժորդի Արարատ Մոնրոյ, Արտակ Դաշյան (Էդգար Մալաքյան, 80), Սոլոմոն Ուդո, Կամո Հովհաննիսյան, Խորեն Բայրամյան (Վահան Բիչախչյան, 55), Տիգրան Բարսեղյան (Հովհաննես Հարությունյան, 66), Էդգար Բաբայան (Սարգիս Ադամյան, 55)։

Նախորդ հոդվածըATP-250․ Կարեն Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակիչում
Հաջորդ հոդվածըԻսպանիան հաղթեց Չեխիային, Պորտուգալիան առանց Ռոնալդուի պարտվեց (տեսանյութ)