‘Հայաստանի հավաքական. 5 անհրաժեշտ քայլեր’

1388

«ՖՈՒՏԲՈԼ 365» ֆուտբոլային պարբերականը Հայաստանի հավաքականի հերթական պարտությունից հետո ներկայացրել է այն 5 քայլերը, որոնք անհրաժեշտ է անել՝ Հայաստանի հավաքականը փրկելու համար:

Վարդան Մինասյանի հրաժարականը

ՖՈՒՏԲՈԼ 365-ը նախկինում նշել է, որ Վարդան Մինասյանը պետք է կրկին շանս ստանա, եթե սկսի ռեալ քայլեր ձեռնարկել ԵՎՐՈ-2016-ի հավաքական ստեղծելու համար: Բայց այս խաղն եւս մեկ անգամ ցույց տվեց, որ նա այլեւս անելիք չունի: Պետք չէ մոռանալ նրա նախկին աշխատանքը, բայց այդպիսին է կյանքը եւ միշտ էլ լինում են իրավիճակներ, որ ավելորդ ես դառնում:

Մարզչի ընտրություն

Բոլորս էլ հասկանում ենք, խնդիրը միայն Վարդան Մինասյանում չէր: Թիմում կան պրոբլեմներ: Որքան էլ Մխիթարյանը «սեփական» կամքով ներողություն խնդրի, դրանով պրոբլեմները չեն վերանա, առավել եւս չեն թաքցվի: Այսօրվանից պետք է սկսվի նոր մարզչի ընտրություն: Մեզ պետք է մարզիչ, որ ղեկավարի հանդերձարանը, որը ապագայի թիմ կառուցի: Իսկ այդպիսի մարզիչ դժվար չէ գտնել: Եթե հաշվենք նախկին մարզիչներին վճարած հոնորարները (ոչ  Մինասյանին), ապա այն տատանվում է 500 հազար ԱՄՆ դոլլարի շուրջ, որը այսօր եվրոպական չափանիշներով միջին ընտրության հնարավորություն կտա:

Իսկ տեղում. հայկական ֆուտբոլում այսօր չկա մարզիչ, որ կարող է կարճ ժամանակում հարցեր լուծել: Հայազգի մարզիչներից կարելի է քննարկել Սերխիո Մարգարյանի տարբերակը: Բայց նա արդեն 70-ն անց է եւ եթե հաշվի առնենք նախկին «փորձը», նրան համոզելը անհնարին կլինի:

Միշել Տեր-Զաքարյանը իր «Նանտին» դուրս բերեց Լիգա 1, բայց դա կրկին այն մակարդակը չէ: Ֆրանսիական 2-րդ դիվիզիոնի ֆուտբոլը որեւէ զուգահեռ չունի ազգային հավաքականի մակարդակի հետ եւ մի քիչ թերահավատորեն է դիտվում նրա տարբերակը, առավել եւս եթե հաշվի առնենք, որ Տեր-Զաքարյանը չի հրաժարվի Լիգա 1-ում խաղալու գայթակղությունից:

Այլ ՅԱՆ-ով ազգանուններ փնտրել խորհուրդ չենք տա… ուզբեկստաններն, ղազախստաններն ու Ռուսաստանի սիրողական լիգաներն դա մեզ համար չեն:

Մարզչի լիակատար անկախություն

Այս ամենի քննարկումը անիմաստ է, եթե մենք չիմանանք ամենագլխավոր հարցի պատասխանը. արդյոք ՀՖՖ-ի կողմից նոր մարզիչը կստանա գործողությունների լիակատար անկախություն եւ ՀՖՖ նախագահը չի խառնվի նրա աշխատանքին: Հենց նոր մարզչի նշանակման ժամանակ  կիմանանք կրկին աշխատելու է «մարզչական տանդեմ», թե կունենանք լիովին անկախ մարզիչ եւ հավաքական:

Կոնֆլիկտների վերացում

Նշանակություն չունի Թումասյանի ազգությունը, նա պետք է շանս ստանա, ինչպպես գեւեգեոզյաններն ու բոգոսյաններն: Ստեղծենք մրցակցություն, որ չունենանք ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ, որ հետո էլ մեր ֆուտբոլիստների ինքնագնահատման աստիճանը միշտ պիկում չլինի:

Մենեջերներ

Հայկական ֆուտբոլին պետք են մենեջերներ: Մեր ամենակարեւոր խնդիրներից մեկը մարզիչներն չեն, դաշտերն չեն, այլ հենց մենեջերների բացակայությունն է: Հայկական ֆուտբոլին պետք է համակարգային մոտեցում եւ բարեփոխումներ: Դա կարեւոր է առաջին հերթին ՀՖՖ-ի, «Փյունիկի» համար:  Հենց «Փյունիկին» է պետք այլ բեւեռի ստեղծում, որ զարգացումն բնականոն լինի:

Նախորդ հոդվածը‘Արթուր Սաքունց. Մարզպետի պաշտոնանկությունը որեւէ կապ չունի քրեադատավարական պրոցեսի հետ’
Հաջորդ հոդվածը‘Լոռու մարզի բնակչուհին երեխային վաճառել է 3500 դոլարով’