‘Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը Հունգարիայի դիվանագիտության գերակայությունն է. Հունգարիայի ԱԳ նախարար’

1081

Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը Հունգարիայի դիվանագիտության առաջնահերթությունն է: Ինչպես հաղորդում է iLur.am-ը՝ վկայակոչելով «Արմենպրես»-ին, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Յանոս Մարտոնյին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարտոնյին ասել է, որ ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուց հետո Հայաստանը կասեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, և այժմ հունգարական դիվանագիտության առաջնային նպատակը` Հայաստանի հետ հարաբերությունները վերսկսելն է:

Նախարարն ասել է նաև. «Այն, ինչ երկրի վարչապետը որոշել է, եղել է նաև կառավարության որոշումը: Կառավարության և վարչապետի որոշումները համընկնում են իրար: Այդ պատճառով կարիք չկա վիճել` արդյո՞ք «սաֆարովյան» հարցում կառավարությունն է որոշումներ կայացրել, թե՞ վարչապետը»: Պատասխանելով իր հրաժարականի մասին լրագրողների հարցին` ԱԳ նախարարը նշել է, որ իր հրաժարականի հետ կապված որևէ հարց չի քննարկվել` ավելացնելով, որ ինքը հավատարիմ է վարչապետի հրահանգներին:

Սեպտեմբերի 11-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նշել էր, որ հաստատել է կառավարության` ադրբեջանցի մարդասպանին հայրենիք արտահանձնելու վերաբերյալ որոշումը:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիևի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով և հերոսացրին:

Նախորդ հոդվածը‘«Փուչիկների» գործով ամբաստանյալը պահանջեց արագացված դատաքննություն իրականացնել’
Հաջորդ հոդվածը‘Նարեկ Սարգսյան. ԱԳՆ-ի շենքը կարող է դառնալ հյուրանոց ‘