Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը. Մաս 1

1538

Հայոց նորագույն պատմության կեղծման մասին նյութերի վերահրապարակման մեր ծրագրով խոստացած շարքից՝ շարունակաբար ներկայացնում ենք Աշոտ Սարգսյանի՝  « Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը, 1988-1998 թթ., Երեւան, 2015) աշխատությունը։

Առաջաբան

«Պատմության կեղծարարներին պետք է կախել,

ինչպես կեղծ դրամ կտրողներին»:

Սերվանտես

Սույն աշխատանքը վերաբերում է Հայաստանի պատմության նորագույն շրջանի մի տասնամյակի՝ 1988-1998 թթ.պատմության կեղծմանը՝ դրա հեղինակներին ու պատվիրատուներին բնութագրող քստմնելի մի արարքի, որը, սակայն, նաեւ չափազանց վտանգավոր է մեր ներկայի ու ապագայի կտրվածքով ։

Երբ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, դա այլ բան չէ, քան պատմությունը, պատմական իրողությունները կեղծել եւ ուրանալ։ Եւ երբ դատապարտում ենք այդ վարքագիծը, ըստ էության՝ դատապարտում ենք պատմության այդ դրվագի ուրացումն ու կեղծումը։ Եթե որոշ երկրներում քրեականացվել է Հայոց ցեղասպանության ժխտումը, դա էլ այլ բան չէ, քան՝ որ պատիժ է սահմանվել պատմության նույն այդ դրվագի կեղծման, ուրացման համար։Այսինքն՝ անգամ օտարների կողմից քո պատմության կեղծումը պատժելի հանցագործություն է։

Եթե օտարի կողմից որեւէ ժողովրդի պատմությունը կեղծելը դատապարտելի հանցագործություն է, ապա սեփական պատմությունը կեղծելն այլ բան չէ, քան ոճիր սեփական ժողովրդի նկատմամբ։ Եւ, հետեւանքների առումով, ոչ մի նշանակություն չունի՝ խոսքը վերաբերում է պատմության ամենաողբերգակա՞ն, ամենահերոսակա՞ն էջերին, թե՞ պարզապես խաղաղ մի շրջանի իրողությունների։ Շատ դժվար է ասել՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի այսօրվա եւ վաղվա համար գործնական տեսակետից ո՞րն է ավելի կարեւոր եւ կենսական՝ օտարի կողմից 100 տարի առաջվա մեր պատմությունը կեղծե՞լը, թե՞ մեր իսկ ձեռքով այսօրվա (վերջին 20-25 տարվա) իրողությունները եղծելն ու ուրանալը։

***

Աչքի առաջ կունենանք1988-1998 թվականների պատմության, այսպես ասենք, պաշտոնական տարբերակը՝ 2012 թ. Երեւանի պետական համալսարանի կողմից հրապարակված «Հայոց պատմությունը», որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված է որպես դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար (Հայոց պատմություն, դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, Երեւան, ԵՊՀ հրատարակչություն, 2012)։ Դրանով է ուսուցանվում բարձրագույն կրթություն ստացող այսօրվա սերունդը։ Պաշտոնական ենք կոչում, քանզի այն հաստատված է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից, դասագրքի համար պատասխանատու են այդ շրջանի շարադրանքի հեղինակ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Հայոց պատմության ամբիոնը, գրքի խմբագիր Հրաչիկ Սիմոնյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն իր նախարարով եւ ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը։

Պաշտոնական են նաեւ դպրոցական դասագրքերը, որոնք նույնպես հաստատված են կրթության եւ գիտության նախարարության կողմից (Հայոց պատմություն, 9-րդ դասարան, «Զանգակ» հրատ., Երեւան, 2014  թ., Հայոց պատմություն, նորագույն շրջան, 9-րդ դասարանի համար, «Մանմար» հրատ., Երեւան, 2014 թ.)։ Դրանցում էլ վիճակը նույնն է։ Մենք կհետեւենք ԵՊՀ հրատարակած բուհական դասագրքին, որի տրամադրած նյութը լիուլի բացահայտում է պատմության կեղծման իշխանական պատվերը, ցուցադրում դրա ուղղվածությունն ու նպատակը։ Դպրոցական դասագրքերից կանդրադառնանք միայն առանձին փաստերի, որոնք օգնում են առավել ցայտուն ցուցադրելու կատարված կեղծիքների՝ մի կենտրոնից հանձնարարված լինելը եւ քաղաքական նպատակները։

Այս անգամ կանդրադառնանք դասագրքերի՝ Հայաստանի պատմության1988-1998 թթ. ընդգրկող տասնամյակին։ Չենք անդրադառնա վերջին՝գործող ռեժիմի շրջանին (մինչեւ 2011թ.). դա առանձին նյութ է՝ ավելի խայտառակ կեղծիքներով։ Պատահական չէ, որ երբ բուհական դասագիրքը լույս աշխարհ եկավ, այդ կեղծիքներն անմիջապես նկատեցին անգամ լրագրողները։ Մամուլում տասնյակ շատ բուռն անդրադարձներ եղան հենց այդ շրջանի պատմության, մասնավորապես՝ 2008 թվականի փետրվարյան հանրահավաքների, Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ կապված աղաղակող ու զայրացուցիչ կեղծիքներին։ Չեղավ մի լրատվամիջոց, որ, անդրադառնալով թեմային, չնշեր իրողությունների խեղաթյուրման խայտառակ փաստեր ու չդատապարտեր դրա հեղինակներին։ Ընդհուպ՝ պահանջվեց, եւ առաջին հերթին՝ Մարտի 1-ի զոհերի ծնողների կողմից, ետ կանչել դասագիրքը եւ արգելել դրանով դասավանդումը։

Նյութի եւ ասելիքի թելադրանքով մի քանի դեպքում «ծանոթագրությունների» տեսքով ժամանակագրական փոքր շեղումներ կանենք խնդրո առարկա տասնամյակից։ Բնականաբար, չենք անդրադառնա ամբողջ շարադրանքին. սա գրախոսություն չէ։ Մի կողմ կթողնենք փաստական սխալները եւ, որպես արհամարհելի նյութ, մերկապարանոց, ցածրորակ հերյուրանքները՝ քաղված 90-ականների ընդդիմադիր, մասնավորապես՝ հայդատական դեղին մամուլից։ Կներկայացնեք հիմնականում իրադարձությունների գիտակցված անտեսման, իրողությունների ուրացման, կեղծիքների ու խեղաթյուրման առավել  բնորոշ փաստերի այն շարքը, որը ցույց է տալիս այդ ամենի քաղաքական շարժառիթը, ուղղվածությունը, հետապնդած նպատակը։

Հրապարակի վրա չկա 1988 թվականով սկսվող տասնամյա շրջանի մասին շատ թե քիչ համակարգված եւ անկողմնակալ, լայն ընթերցողին մատչելի ամբողջական մի շարադրանք։ Ուստիեւ, ասելիքը դյուրընկալելի եւ կեղծման պատկերն առավել ակնառու դարձնելու համար անհրաժեշտ է, որ ընթերցողը, որպես համեմատության եզր, գեթ «չոր փաստերի» տեսքով ծանոթ լինի այդ շրջանի անառարկելի իրողություններին ու անվիճելի քաղաքական արդյունքներին։ Քանզի խոսքը ոչ միայն պատմության գործող դասագրքերում որոշակի փաստերի է վերաբերում, որոնք հիշատակվում են, բայց կեղծված կամ աղավաղված։ Խոսքը վերաբերում է նաեւ փաստերի, իրողությունների նպատակադիր, միտումնավոր շրջանցմանը, անտեսմանը, ուրացմանը, ինչը նույնպես կեղծիքի մի տեսակ է։ Անհրաժեշտ համարեցինք նաեւ ներածական մի մաս՝ ցուցադրելու համար այն իրողությունը, որ ժողովրդի ճշմարիտ, հավաստի պատմությունը հնագույն ժամանակներից ի վեր ազգի գոյատեւման եւ զարգացման կարեւորագույն մի գործիք է համարվել եւ այդպիսին է այսօր։ Ըստ այդմ՝ ներկայացվող աշխատանքը բաժանվում է հինգ մասի՝ հետեւյալ վերնագրերով.

ՄԱՍ 1-ին. Ներածական կամ՝ ինչու կործանվեց աշխարհակալ Ասորեստանը

ՄԱՍ 2-րդ. 1988-1990 թթ. փաստական իրողություններն ու քաղաքական արդյունքները, «Ղարաբաղ» կոմիտե

ՄԱՍ 3-րդ. 1988-1990 թթ. պատմության ուրացում եւ եղծում

ՄԱՍ 4-րդ. 1990-1998 թթ. փաստական իրողություններն ու քաղաքական արդյունքները

ՄԱՍ 5-րդ. 1990-1998 թթ. պատմության ուրացում եւ եղծում ։

Մեր շարադրանքում թավ շեղատառերով բուհական դասագրքից  ուղղակի կամ վերապատմած մեջբերումներն են, փակագծերում՝ համապատասխան էջը։ Փաստաթղթերի հղումների մեջ աշխատել ենք զուսպ մնալ՝ շարադրանքը չծանրաբեռնելու նպատակով։

Ներածական կամ՝ ինչու կործանվեց աշխարհակալ Ասորեստանը

Ժողովուրդները,ազգային ինքնագիտակցության ինչ-որ աստիճանից սկսած, երբեմն ավելի նախաձախնդիր են դառնում իրենց անցյալի, պատմության, քան ներկայի նկատմամբ, ինչն արտացոլվում է ոչ միայն քաղաքական ու պատմագիտական մտքի հուշարձաններում, այլեւ նույնիսկ ժողովրդական բանահյուսության մեջ։ Սեփական պատմության նկատմամբ նախանձախնդրության բարձր աստիճանը հուշում է, որ այստեղ գործ ունենք  ոչ թե որպես զրույց կամ հեքիաթ անցյալն իմանալու պարզ հետաքրքրասիրության, այլ ազգի կենսունակության ապահովման շատ կարեւոր մի գործոնի ընկալման հետ՝ լինի դա գիտակացական թե բնազդական-ենթագիտակցական մակարդակում։ Եւ սա նոր ժամանակների երեւույթ չէ։ Այս գիտակցումը, շատ հին ժամանակներից ի վեր, ունեցել է նաեւ հայ քաղաքական, պատմագիտական միտքը, ինչի հստակ արձանագրումը մեր պատմագրության դեռ արշալույսին՝ 5-րդ դարում, մեզ է ավանդում Պատմահայր Մովսես Խորենացին։

Իր «Հայոց Պատմության» սկզբում Պատմահայրն այս մասին մանրակրկիտ եւ ընդարձակ բացատրություններ ունի։ Նա մի ամբողջ գլուխ է նվիրում՝ քննադատելու «մեր առաջին թագավորների եւ իշխանների անիմաստասեր բարքը», որոնք չեն ընկալել հավաստի պատմություն ունենալու կարեւորությունը եւ անհրաժեշտ չափով հոգ չեն տարել գրելու ու հիշատակելու իրենց ու իրենցից առաջ եղածների «քաջությունը եւ արիական գործերը»։ Իսկ այդ բացատրությունների պսակը, բյուրեղացած բանաձեւը նրա հայտնի խոսքն է. «Թեեւ մենք քանակով քիչ ենք, փոքրաթիվ, զորությամբ տկար եւ շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, սակայն մեր աշխարհում էլ են բազմաթիվ արիական գործեր եղել՝ գրով հիշատակվելու արժանի» («Թեպէտ եւ եմք ածու փոքր եւ զօրութեամբ տկար եւ թուով հոյժ ընդ փոքու սահմանեալ, սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհի, եւ արժանի գրոյ յիշատակի»)։ Գերխիտ այս բանաձեւումը, տվյալ թեմայով նրա Պատմության սկզբում տրված այլ գնահատականներն ու բացատրությունները (որոնց բառացի վկայակոչումը տվյալ դեպքում կծանրացներ շարադրանքը), պատմիչի ստեղծագործական աշխատանոցի ուսումնասիրությունը, կարեւորի ու երկրորդականի գնահատման նրա չափորոշիչները, քաղաքական իմաստով, ըստ էության, արձանագրում են երեք կարեւոր բան։

Առաջին՝

Պատմությունը ներկայի վրա ազդող ու ապագան պայմանավորող ակտիվ քաղաքական գործոն է, ըստ էության՝ ազգային անվտանգության խնդիր։Պատմության մեջ գրվելու արժանի են, առաջին հերթին՝պատմական անհատների «արիական գործերը», ինչին, ըստ էության, հավասարեցնում են նաեւ քաղաքական իմաստնությունը, երկրի բարեկարգումն ու շենացումը, ժողովրդի նկատմամբ ցուցաբերած հոգատարությունը։ Սեփական պատմության իմացությունը կենսական անհրաժեշտություն է ազգի ու նրա քաղաքական ընտրանու համար. պատմության իմացությամբ է ձեւավորվում ազգի արժեքային համակարգը, հոգեկերտվածքը, ինքնագիտակցությունը, ազգային ինքնության եւ արժանապատվության զգացումը, ազատության ձգտումը։ Այն մեծապես ազդում է ազգի ոգու, միասնության, ուստիեւ՝ քաղաքական ակտիվ վարքագծի ձեւավորման վրա, բարձրացնում ժողովրդի կենսունակությունը, ակտիվորեն ազդում է գերագույն արժեքի՝ ազատության ձգտման նրա վարքագծի վրա։ Ստույգ պատմության իմացությամբ ազգն ազատվում է ինչպես թերարժեքության բարդույթից, այնպես էլ մեծամոլական մոլորություններից, նրա քաղաքական միտքն ու վարքագիծը դառնում են իրատեսական, իսկ գործելակերպը՝ առավելագույնս արդյունավետ։ Ահա թե ինչու, որպես ներկայի վրա ազդող ու ապագան պայմանավորող ակտիվ քաղաքական գործոն, պատմությունը, ըստ Խորենացու, պետք է լինի երկրի քաղաքական ընտրանու առաջին հոգածության առարկան՝ «թագավորական գանձերի մեջ առաջինը»։

Երկրորդ՝

Ազգաստեղծ ու ազգապահպան առաքելությունն իրականացնելու համար պատմությունը պետք է լինի, առաջին  հերթին՝ճշմարիտ ու հավաստի։ Ինչպես իրողությունները չափազանցելը, այնպես էլ դրանք նսեմացնելն ու անտեսելը, մոռացության մատնելը հավասարապես անթույլատրելի են ու կործանարար։ Մեկ անգամ չէ, որ Խորենացին իր ընթերցողին ու մեկենասին հայտնում է պատմության ճշմարտացիության ու հավաստիության հետ կապված իր մտահոգությունն ու ձգտումը։ Իսկ ձեռքի տակ եղած բազմաբնույթ աղբյուրների հետ աշխատելու նրա խոհանոցն ինքնին, անգամ պատվիրատուի կամքին հակադրվելով, լավագույնս է ցուցադրում ճշմարիտ եւ հավաստի պատմությունը գտնելու՝ Պատմահոր անմնացորդ մղումը։

Երրորդ՝

Գիտակցելով պատմության, որպես ակտիվ քաղաքական գործոնի նշանակությունը, ժողովուրդները ոչ միայն նախանձախնդիր են իրենց պատմությանը, այլ հաճախ նաեւ նախանձոտ ու ագրեսիվ՝ հարեւանների պատմության նկատմամբ, ինչն արտահայտվում է այն անտեսելու կամ նսեմացնելու գործելակերպով։ Սա եւս նոր ժամանակների երեւույթ չէ։ Հենց այս նկատառումով, Խորենացու վկայությամբ, գիր ու պատմագրություն ունեցող մեր հարեւանները կա՛մ դիտավորյալ չեն արձանագրել մեր նախնիների «արիության գործերը», նրանց կատարած ներքին «բարեկարգումները», կա՛մ նույնիսկ կեղծել, ոչնչացրել են, եթե այդպիսիք արդեն եղել են գրված, քանզի՝ «…նրանք հարկավոր եւ կարեւոր չէին համարում օտար ազգերի հեռավոր աշխարհների հին լուրերն ու նախնական զրույցներն իրենց թագավորների կամ մեհյանների մատյաններում գրել, մանավանդ որ՝ պարծանք եւ պատիվ չէր օտար ազգերի քաջությունը եւ արիական գործերը հիշատակելը» (Ա. ԺԴ. էջ 31-32)։ Իսկ առավել «անձնասեր» թագավորները, ինչպես Ասորեստանի թագավոր Նինոսը, անգամ բարբարոսության են դիմել.«Նինոսը հպարտ եւ անձնասեր մարդ լինելով, եւ կամենալով միայն իրեն ցույց տալ որպես սկիզբ աշխարհակալության, ամեն տեսակ քաջության եւ կատարելության՝ հրամայում է այրել բազմաթիվ մատյաններ եւ նախնյաց մասին զրույցներ (որ վերաբերում էին) զանազան տեղերի եւ առանձին մարդկանց քաջության գործերին, իր ժամանակ եղածներինը դադարեցնելով (գրել) եւ գրել միայն այն՝ ինչ որ իրեն է վերաբերում» (Ա. ԺԴ. էջ 32)։

Այսինքն՝ պատմությունն արհամարհելը, նվաստացնելը, արժեզրկելը, պատմական իրողություններն ուրանալը, պատմությունը կեղծելը շա՜տ հին մեթոդ է։ Այն, ըստ էության, տվյալ ժողովրդի դեմ օտարի, հակառակորդի կողմից գործադրվող թշնամական, դիվերսիոն, քայքայիչ գործողություն է՝ նրան թուլացնելու, խոցելի դարձնելու, կազմալուծելու, որպես մրցակից ընդհուպ վերացնելու նպատակով։

Գիտակցելով օտարների կողմից մեր պատմության կեղծման, անտեսման, ըստ էության՝ քաղաքական այս վտանգը՝ դրա դեմ հայ քաղաքական, պատմագիտական միտքը կռիվ է տվել 5-րդ դարից ի վեր։ Թշնամական այդ գործողությունը նոր ժամանակներում մեր դեմ գործադրել է, մասնավորապես, թուրքական եւ ադրբեջանական պատմագիտությունը, ինչը հայ պատմաբանների կողմից մշտապես, անգամ խորհրդային դժվարին տարիներին, հակահարվածի է արժանացել։ Նույն պայքարը մղվում է նաեւ այսօր։

Իսկ երբ ի՞նքդ ես եղծում, կեղծում, անտեսում, աղավաղում սեփական պատմությունդ։

Սովորաբար՝ այդպես քիչ է լինում։ Խորենացին այդպիսի մի օրինակ է մատնանշում՝ ի դեմս Ասորեստանի թագավոր Նինոսի։ Եւ խորհրդանշական այդ օրինակը պատմական իրականության ֆոնին հիանալի ցուցադրում է սեփական պատմության կեղծման տասնապատիկ, հարյուրապատիկ, մահացու վտանգավորությունը տվյալ ժողովրդի համար:

Ինչո՞ւ պատմական թատերաբեմից անհետացավ 3000 տարի առաջ մեր հարեւան աշխարհակալ Ասորեստանը։ Որովհետեւ ունեցավ Նինոսի նման «անձնասեր» թագավորներ, որոնք իրենց «անձնասիրությունը» բավարարելու համար եղծեցին, կեղծեցին, ոչնչացրին սեփական պատմությունը՝ դրանով իսկ ոչնչացման դատապարտելով սեփական երկիրն ու ժողովրդին։

Ինչո՞ւ գոյատեւեց նրան իր հզորությամբ մի քանի անգամ զիջող Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Որովհետեւ, այնուամենայնիվ, ունեցավ Վաղարշակի նման՝սեփական ստույգ պատմությանը նախանձախնդիր թագավորներ (որն, ըստ Խորենացու, առաջինը հոգ տարավ Հայոց պատմությունը ունենալու մասին եւ այն համարեց «իր գանձերի մեջ առաջինը»), Սահակ Բագրատունու նման իշխաններ (որը 5-րդ դարում պատվիրեց ամբողջական Հայոց պատմություն) ու Խորենացու նման պատմիչներ (որոնք առավելագույնս ջանացին կերտել ստույգ ու ճշմարիտ Հայոց պատմությունը։

Մի քիչ կտրուկ ու չափազանցվա՞ծ են թվում այսօրինակ պնդումները։

Համենայնդեպս, մարդկության պատմության սկզբից եւ մինչեւ նորագույն ժամանակներ չի եղել օտարի կողմից որեւէ ժողովրդի՝ որպես հանրություն վերացման, ոչնչացման քաղաքական խնդիր։ Ցեղասպանությունը նոր եւ նորագույն ժամանակների երեւույթ է։ Բայց հին ժամանակներից ի վեր բազմաթիվ ազգեր ու ժողովուրդներ, նաեւ մեզ հարեւան ու շատ ավելի հզոր ազգեր, վերացել են պատմական ասպարեզից։ Վերացել են ինքնասպանությամբ, իսկ այդ ինքնասպանության գործիքներից մեկը ստույգ պատմության՝ որպես ազգային գոյատեւման գործոնի կարեւորության չգիտակցումն է կամ  նրանց իշխանավորների կողմից դա սեփական «անձնասիրությանը» ծառայեցնել-զոհաբերելը։ Եւ եթե ժամանակին պետականություններ ունեցած բազմաթիվ հզոր ազգերի վերացման գործոններն անգամ մեկից ավելի են եղել, ապա դրանց մեջ սեփական պատմության անտեսումն ու կեղծումը առաջնայիններից մեկն է՝ հաստատ։

Այսինքն թե՝ եթե օտարների, չարակամների կողմից, հանուն իրենց շահերի, պատմությանդ կեղծումը վտանգ է քո ազգային գոյության համար, ապա սեփական իշխանությանդ կողմից, «անձնասիրությունից» դրդված՝ նույն բանն անելը հարյուրապատիկ ավելի մեծ՝ մահացու վտանգ է։ Դա բարոյազրկում է, հուսալքում, այլասերում, սպանում ազգը։ Դրանով, գիտակցված թե չգիտակցված, սեփական ժողովրդիդ ես զրկում կենսունակությունից, դրանով ազգասպանություն ես իրականացնում նրա նկատմամբ, նրան դատապարտում ոչնչացման։ Ուստիեւ, որպես ծանրագույն հանցանք՝ դա ոչ թե նույնիսկ դավաճանություն է, այլ իրական ոճրագործություն։

Ահա թե ինչու է պատմության կեղծարարների նկատմամբ այդքան խիստ Սերվանտեսի դատավճիռը։

***

Ինչպես դեռ 1500 տարի առաջ սովորեցնում է պատմահայր Խորենացին, պատմության մեջ նախ արձանագրելի են «արիության գործերը», այսօրվա տերմինով՝ քաղաքական արդյունքների հանգեցնող քաջագործությունները, ինչով եւ չափվում է տվյալ պատմաշրջանի համար պատասխանատու դրանց հեղինակների պատմական կշիռը։ Արդի պատմագիտության ու քաղաքագիտության տարրական կանոնը, 1500 տարի անց, նույն բանն է ասում՝ լինի անհատ, քաղաքական ուժ կամ իշխանություն, նրա քաղաքական պատասխանատվությանը վերաբերող պատմաշրջանի գնահատման համար այլ հիմք չի կարող լինել, քան նույն՝ գրանցած քաղաքական արդյունքները։

Այս ներածությամբ ու այս դիտանկյունից էլ հաջորդ չորս մասերում անդրադառնալու ենք Հայաստանի նորագույն պատմության կարեւորագույն մի տասնամյակի՝ 1988-1998 թվականների իրողություններին ու դրանց կեղծմանը։

Իլուր

28 Հունիսի

2018

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ»՝ 0։5, Սալահը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄեսին 16 տարում առաջին անգամ գոլ չի խփում առաջնության առաջին 4 խաղերում