Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը. Մաս 3

1272

Մաս 1 Մաս 2

«Պատմության կեղծարարներին պետք է կախել,

ինչպես կեղծ դրամ կտրողներին»:

Սերվանտես

Հայոց նորագույն պատմության կեղծման հանցավոր փաստի վրա ուշադրություն հրավիրելու եւ այն դասագրքերում շուտափույթ շտկելու համար շարունակաբար ներկայացնում ենք Աշոտ Սարգսյանի՝ «Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը, 1988-1998 թթ., Երեւան, 2015) աշխատությունը։ Այն վերաբերում է մասնավորապես ԵՊՀ հրատարակած «Հայոց պատմություն» դասագրքին (Երեւան 2012)։

(Շեղատառերով քաղվածքները հիշյալ դասագրքից են՝ փակագծերում համապատասխան էջերի նշմամբ):

 1. «Եթե 1920-1950-ական թվականներին Արցախյան ընդվզումներն առանձին անհատների դժգոհության արտահայտություն էին, ապա 1960-1970-ական թվականների պայքարն արդեն թեւակոխեց նոր հանգրվան՝ զանգվածային ընդվզումների շրջանը։ Ադրբեջանական բռնադատումների դեմ արցախահայության ձեւավորվող ազատագրական շարժման գլուխ կանգնեցին նվիրյալ հայորդիներ։ Պայքարի ղեկավար ճանաչվեց նշանավոր գրող, պատմաբան ու հրապարակախոս, Արցախի գրողների միության ղեկավար Բագրատ Ուլուբաբյանը։ Նա իր համախոհների հետ կազմակերպում էր գաղտնի ժողովներ, համախմբում մարզի մտավորականությանը, Մոսկվա՝ բարձրագույն ատյաններ էր ուղարկում բողոքագրեր։ Բ. Ուլուբաբյանի կազմած եւ մեծ աղմուկ հանած մի նամակի տակ հեղինակի անվան կողքին իրենց ստորագրություններն էին դրել մարզի ուրիշ 12 գործիչներ …» (էջ 606-607)։

Եթե ներկայացվում է 1920-ից մինչեւ 1988 թ.Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու խնդիրը Մոսկվայի առջեւ բարձրացնելու նախապատմությունը, ենթադրելի է (եւ պարտադիր), որ հեղինակը շատ թե քիչ ուսումնասիրած պետք է լինի հարցը։ Ստացվում է, որ այդ ուսումնասիրությունից պարզել է, որ նմանօրինակ առաջին փաստը տեղի է ունեցել 1965 թ. Բագրատ Ուլուբաբյանի նախաձեռնությամբ։ Մինչդեռ, ինչպես 1920-1950- ական թվականներին, այնպես էլ մինչեւ 1965 թվականը, եղել են նմանօրինակ եւ ավելի կարեւոր այլ փաստեր։ Ընդ որում՝դա պարզելու համար պետք չէր արխիվներ փորփրել, այլ ընդամանը պետք էր թերթել (կամ կարդացած լինել) ամենահայտնի մի 2-3 գիրք։ Անգամ պարտադիր էլ չէ, որ այս ամենի մասին տեղեկություններն իմանային մասնագիտական գրականությունից։ Ժամանակին հասարակության մեջ լայնորեն տարածված լինելով, տարիքի եւ մասնագիտության բերումով՝ դասագրքի հեղինակները դրանք կարող էին պարզապես հիշել։

Եւ այսպես՝

Ա) Ոչ պաշտոնական տեղեկություններ կան արձանագրված, որ 1936 թվականին, երբ նախապատրաստվում էր ԽՍՀՄ Սահմանադրության ընդունումը, ըստ որի՝ Անդրֆեդերացիան պիտի տրոհվեր երեք հանրապետությունների, «ներքին հողերի»՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի վարչական տարածքի մեջ ներառելու հարց է բարձրացրել ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։

Բ)1945 թվականին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու խնդրով, տնտեսական բնույթի մանրամասն հիմնավորումներով Ստալինին նամակ է հղել ՀԿԿ ԿԿ-ի մեկ այլ առաջին քարտուղար՝ Գրիգոր Հարությունյանը (այդ նամակից ընդարձակ քաղվածք կա նույնիսկ դպրոցական դասագրքում (տե՛ս Հայոց պետմություն, նորագույն շրջան, 9-րդ դասարանի համար, «Մանմար» հրատ., Երեւան, 2014 թ. էջ 121)։ Կամ նույն նամակում, կամ երկրորդ անգամ, նա նույն հարցը Մոսկվայի առջեւ բարձրացրել է պատերազմից հետո Սփյուռքից կազմակերպված ներգաղթյալներինՂարաբաղում բնակեցնելու հիմնավորմամբ։

Գ) 1961-ին ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար Հակոբ Զարոբյանի կողմից նույն հարցը բարձրացվել է ԽՍՀՄ ղեկավար Ն. Խրուշչովի առջեւ՝ նրա հայաստանյան այցի ժամանակ։

Դ) Մի քանի հազար ստորագրություններով Մոսկվա նման մի նամակ է հղվել դեռ 1962 թվականին։ Այս նամակը իր՝ 1965 թ. ավարտած արժեքավոր աշխատությանը որպես վերջաբան է կցել 1918-1920 թթ. Լեռնային Ղարաբաղի ռազմական կոմիսար Հարություն Թումյանը (տե՛ս «Հ. Թումյան, Դեպքերը Լեռնային Ղարաբաղում 1917-1920 թթ.», Երեւան, 2008, էջ 312-318)։

Ե) Հիշատակություններ կան Մոսկվա հղված այսօրինակ նամակների մասին 1963 թ. Ստեփանակերտի ավտոբազայի աշխատողների կողմից։

Զ) 2500 ստորագրություններով մի այլ նամակ է հղվել Մոսկվա 1964 թվականին (Տե՛ս Զ. Մսըրլեան, Հայկական հարցի մասին, Բեյրութ 1978, էջ 168-169)։

Ամենեւին չուրանալով ժամանակին Ղարաբաղը Հայաստանին միացնելու խնդիրը Մոսկվայի առջեւ բարձրացնելու հարցում Բ. Ուլուբաբյանի վաստակը՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է միայն նրա նախաձեռնած այս նամակն առանձնացվում՝ դրան ամբողջ երկու էջ շարադրանք նվիրելով, ու այն ներկայացվում որպես Ղարաբաղի հարցով Մոսկվա դիմելու այդօրինակ նախաձեռնությունների սկիզբ, առաջին փաստ։ Վերագրել սա դասագրքի հեղինակի, դրա խմբագրի ու այլ պատասխանատուների չիմացությանը՝ անհնար է, քանզի, ինչպես ասացինք, խոսքը վերաբերում է այնպիսի փաստերի, որոնք շատերը գիտեն կամ անգամ հիշում են առանց նաեւ համապատասխան գրականության օգնության։ Ու եթե դասագիրքն ստեղծողների համար բացառում ենք չիմացության, տգիտության վարկածը, անխուսափելիորեն հանգում ենք նրանց կողմից դիտավորյալ կատարված կեղծիքի, պատմական փաստերի անտեսման, ուրացման խայտառակ մի փաստի արձանագրման։

Ակնհայտորեն ճղճիմ շարժառիթների մասին չարժե անգամ ենթադրություններ անել։ Սակայն պետք է անպայման արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվա դիմելու բոլոր փաստերի հիշատակման բնական եզրակացությունը կլիներ այն կարեւոր արձանագրումը, որ հայ ժողովուրդը, նաեւ ի դեմս իր խորհրդային ղեկավարության, երբեւէ չի համակերպվել հայաբնակ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելումտքի հետ։ Սա կարեւոր իրողություն է, իրողություն, որը, սակայն տվյալ դասագրքում անհնար է արձանագրել, քանի որ դրա հեղինակները կեղծել, անտեսել են նման եզրահանգման համար եղած պատմական փաստերը։ Եթե դասագրքի հեղինակներն այսպես են վարվել Ղարաբաղյան շարժմանը նախորդած «չեզոք մի շրջանի» իրադարձությունների հետ, պատկերացնել կարելի է, թե ինչ ավերածություններ պիտի գործեին 1988-1990 թվականների Շարժման եւ մինչեւ 1998 թ. Հայոց համազգային շարժման հակահայդատական շրջանների համար։

2. «1988 թ. փետրվարի 26-ին ԽՄԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար Մ. Գորբաչովը հատուկ կոչով դիմեց Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին՝ հորդորելով դադարեցնել ցույցերն ու հանրահավաքները՝ խոստանալով առաջիկայում լուծել բարձրացված հարցերը։ Հայ ժողովուրդը մեկ անգամ եւս հավատաց կենտրոնական իշխանություններին եւ դադարեցրեց հանրահավաքներն ու գործադուլները»(էջ 716)։

Մ. Գորբաչովի՝ «Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին» ուղղված դիմումում նման խոստում չկար։ Նա լուծում՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու իմաստով,  չէր խոստանում, այլ ընդամենը «առաջարկների եւ գաղափարների քննարկում». «Մենք կողմնակից չենք այն բանի, որ խուսափենք տարբեր գաղափարների ու առաջարկությունների բացահայտ քննարկումից, բայց դա հարկավոր է անել հանգիստ, դեմոկրատական պրոցեսի եւ օրինականության շրջանակներում»։

Կեղծիք է, թե՝ «ժողովուրդը հավատաց» կենտրոնական իշխանությանը եւ դադարեցրեց հանրահավաքները։ Ընդհակառակը՝ ժողովուրդը չհավատաց ու չվստահեց կենտրոնական իշխանությանը։ Թե ինչ եղավ իրականում, դրան ականատես ու մասնակից է եղել կես միլիոնից ավելի մարդ։ Ժողովուրդը, եւ այն էլ՝ շատ մեծ դժվարությամբ, հավատաց ոչ թե Գորբաչովին, այլ նրա բանագնացներ Զորի Բալայանին եւ Սիլվա Կապուտիկյանին, որոնք Մոսկվայից վերադառնալով Գորբաչովի հրահանգներով՝ մտածված, խաբեությամբ կարողացան ցրել հանրահավաքները։ Այս բանը հետագայում խոստովանել են հենց իրենք։ Ահա Զ. Բալայանի վկայությունը փետրվարի 27-ին, ամենամեծ հանրահավաքում իր ունեցած երկարաշունչ ելույթի մասին. «Մեկ միլիոն չորս հարյուր հազար աչքեր ինձ էին նայում: Մարդիկ հավատում էին գրողին, որը նախորդ օրը եղել էր հենց Գորբաչովի մոտ: Ես համոզեցի, որ հարկավոր է գնալ տները: Ես տեսա, թե ինչպես է դանդաղորեն ժողովուրդը թողնում հրապարակը։ Բայց ինձ համար այդ օրը դարձավ ամենասև օրը, իմ կյանքի ամենասև ժամը: Որովհետև հենց այդ օրը, հենց այդ նույն ժամին սկսվեց «Սումգայիթը»» («Ավանգարդ», 11.02.1990)։

Նույն ժամին հեռուստատեսությամբ նույն բանն էր անում Ս. Կապուտիկյանը։ Այդ ժամանակ, Զ. Բալայանի եւ Ս. Կապուտիկյանի հետ միասին՝ Կազմկոմիտեին կից «Ավագների խորհրդի» անդամ, ակադեմիկոս Ռ. Ղազարյանն էլ պատմում է, որ ավելի ուշ պարզվել է (հասկացվում է, որ դա ինչ-որ առիթով պատմել է Ս. Կապուտիկյանը), որ Մոսկվայից Երեւան ճանապարհին Զ. Բալայանը համոզել է Ս. Կապուտիկյանին «լավատեսորեն» ներկայացնել (այսինքն՝ կեղծել) Գորբաչովի հետ իրենց հանդիպման արդյունքները՝ շատ լավ հասկանալով, որ հակառակ դեպքում անհնար պիտի լիներ կատարել հանրահավաքները ցրելու՝Գորբաչովի հանձնարարությունը (տե՛ս  Ռ. Ղազարյան, Հաշվետու եմ, Եր. 2003, էջ 144)։ Այնպես որ, եթե ժողովուրդը հավատացած լիներ Գորբաչովի կոչին, հաջորդ օրը նման հսկայածավալ հանրահավաք տեղի չէր ունենա, ու դրանում Զ. Բալայանի, իսկ հեռուստատեսությամբ՝ Ս. Կապուտիկյանի ելույթների կարիքը չէր լինի։

Զորի Բալայանն ուղղակի վկայում է, որ եթե իրենք չդադարեցնեին հանրահավաքները, չէին լինի սումգայիթյան ջարդերը։ Եւ դա տրամաբանական է։ Իսկ եթե չդադարեին ահռելի թափի հասած հանրահավաքները, բնականաբար՝ բոլորովին այլ ուղղությամբ կընթանային գործընթացները։ Համաժողովրդական ահռելի ժայթքումից շփոթված եւ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում էական նահանջի քայլ կատարած Մոսկվան, ամենեւին չի բացառվում, որ գնար այնպիսի զիջումների, որոնք եթե չարձանագրեին, ապա կանխորոշեին Լեռնային Ղարաբաղի ապագան Հայաստանի կազմում։

3. «1988 թ. մարտին Արցախ-Հայաստանում ավելի մեծ թափով վերսկսվեցին բողոքի բազմահազարանոց ցույցերն ու հանրահավաքները»(էջ 718)։

Եթե «Արցախ-Հայաստանում»-ը նշանակում է Արցախում եւ Հայաստանում, ապա բացարձակ չի համապատասխանում իրակնությանը եւ, ըստ երեւույթին, նպատակ ունի ինչ-որ կերպ քողարկել Զ.Բալայանի և Ս. Կապուտիկյանի վերոհիշյալ անձանց կողմից հանրահավաքների դադարեցման ավելի քան տխուր հետեւանքները։ Ոչ ճիշտ տեղեկատվությամբ հանրահավաքները ցրելուց հետո հեշտ չէր դրանք վերականգնելը։ Փերտվարի 27-ի հանրահավաքում «կազմկոմիտեն» չփորձեց հակադրվել Գորբաչովի բանագնացներին։ Բայց կասկած ունենալով, թե այդ ամենը կարող է նաև խաղ լինել, մարտի 26-ը նշանակեց հաջորդ «տեղեկատվական» հանրահավաքի օր։ Դրա նախօրեին Երեւան զորք մտցվեց, հրապարակը շրջափակվեց, փողոցներում տանկեր հայտնվեցին, արտակարգ դրության պայմաններում անհնար էր հանրահավաք հրավիրելը։ Հանրահավաքի փոխարեն՝ մարտի 26-ին Երեւանը հայտարարվեց «մեռյալ քաղաք»։ Շարժումը, հսկայական ճիգերով, փետրվարի 27-ին իր ջարդված մեջքը կարողացավ շտկել եւ հանրահավաքները մեծ դժարությամբ վերսկսել միայն մայիսին՝ մայիսմեկյան ցույցով եւ մայիսի 12-ի առաջին հանրահավաքով։

Եթե տվյալ մեջբերման մեջ «Արցախ-Հայաստանը» վերաբերում է միայն Ղարաբաղին, ապա առանց հայաստանյան հանրահավաքների՝ Արցախում դրանք չէին կարող «ավելի մեծ թափով վերսկսվել»։ Մարտ ամսվա առաջին երկու տասնօրյակներին այստեղ զբաղված էին Կենտրոնի կողմից Արցախ ուղարկված, ազգությամբ հայ, ռուսաստանաբնակ ակադեմիկոսների, գիտնականների մի խմբով (Տ. Ս. Խաչատուրով, Ն. Ս. Ենիկոլոպով, Ի. Գ. Աթաբեկով, Ա. Գ. Սարգսյան, Մ. Ա. Սարկիսով, Ռ. Ա. Սրապենյանց), ԽՍՀՄ բարձրաստիճան պաշտոնյաների մի պատվիրակությամբ՝ ԽՄԿԿ ԿԿ-ից եւ կառավարությունից, Բաքվից ժամանած նմանօրինակ մի այլ պատվիրակությամբ, որոնք, միմյանց հետեւելով, իբր, «հարցերին լուծում տալու նպատակով պիտի ավելի մոտիկից ծանոթանային իրավիճակին»։ Այդ ամենը ժամանակ շահելու միջոց էր, եւ Մոսկվան շահեց իրեն անհրաժեշտ այդ ժամանակը։

Թե ինչո՞ւ է դասագրքում արված բացահայտ այս կեղծիքը՝ դժվար է ասել. Զ. Բալայանի եւ Ս. Կապուտիկյանի մեղքը թեթեւացնելո՞ւ համար։ Բայց մի՞թե այդքան պրիմիտիվ ստով։ Ճիշտ է՝ այսօրվա ուսանողներն այն ժամանակ դեռ ծնված չէին, բայց չէ՞ որ իրականության մասին վկայող տասնյակ ու հարյուրավոր փաստեր ու փաստաթղթեր գոյություն ունեն, էլ չասած, որ դեռ կենդանի են այդ ամենին ականատես ու մասնակից հարյուր հազարավոր մարդիկ։

4. Սույն աշխատանքի 2-րդ բաժնում մենք շատ համառոտ ներկայացրինք Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի ղեկավարությամբ ծավալված համաժողովրդական շարժման հիմնական, ավելի քան տպավորիչ քաղաքական արդյունքները։ Այդ ցանկը կարելի էր նաեւ մանրամասնել ու լրացնել։ Դրանք անհերքելի իրողություններ են՝ հաստատված բազմաթիվ փաստաթղթերով։ Դրանք այն հիմնական աղյուսներն են, որոնցով կառուցվում է այդ շրջանի իրական պատմության շենքը։

Քաղաքական անհերքելի այդ արդյունքների հետքն անգամ դժվար է գտնել Հայաստանի ողջ բարձրագույն եւ միջնակարգ կրթության համար պետականորեն նախատեսված ու հանձնարարված դասագրքերի համապատասխան բաժիններում։ Հայոց պատմության այն էջը, ինչով հայ ժողովուրդն իրավացիորեն կարող էր պարծենալ, սերունդներ դաստիարակել, նաեւ ներկայանալ ժամանակակից աշխարհին՝ դրանով նաեւ միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի վարկանիշը, անտեսվել, եղծվել, ուրացվել է։

Պատմությունը ոչ միայն իրադարձություններ, այլև, առաջին հերթին՝ նաեւ մարդիկ են՝ իրադարձությունների դերակատարներ։ Եթե ժողովուրդը պատմության դերակատար է, ապա՝ քաղաքական, ռազմական եւ այլ անհատների, առաջնորդների միջոցով ու շնորհիվ։ Բուհական դասագրքում Ղարաբաղյան հարցին (մինչեւ 1988 թ.) եւ Շարժմանը (1988-1990թթ.) վերաբերող շարադրանքում (էջ 704-738), որպես իրադարձությունների դերակատարներ՝ հիշատակվում են ավելի քան յոթ տասնյակ անուններ, որ չպիտի զլանանք թվարկել. Բագրատ Ուլուբաբյան, Սերգեյ Շաքարյան, Լազր Գասպարյան, Գրիգոր Ստեփանյան, Արամ Բաբայան, Արսեն Մելքումյան, Գուրգեն Գաբրիելյան, Բոգդան Ջանյան, Միքայել Կորգանյան, Արկադի Մանուչարյան, Ալբերտ Սեյրանյան, Մաքսիմ Ավանիսյան, Սերգեյ Գրիգորյան, Անտոն Քոչինյան, Սերո Խանզադյան, Աշոտ Հովհաննիսյան, Արտաշես Շահինյան, Նիկոլայ Կարապետյան, Հրանտ Եպիսկոպոսյան, Սուրեն Բաղդասարյան, Զորի Բալայան, Աբել Աղանբեգյան, Արկադի Կարապետյան, Վազգեն Բալայան, Իգոր Մուրադյան, Վաչե Սարուխանյան, Համլետ Գրիգորյան, Վարդան Հակոբյան, Ռոբերտ Քոչարյան, Գուրգեն Գաբրիելյան, Հրաչյա Բեգլարյան, Մաքսիմ Միրզոյան, Վասիլի Աթաջանյան, Մուրադ Պետրոսյան, Ռոլես Աղաջանյան, Արկադի Կարապետյան, Բորիս Առուշանյան, Սերժ Սարգսյան, Սիլվա Կապուտիկյան, Վիկտոր Համբարձումյան, Սերգեյ Համբարձումյան, Վ. Պետրոսյան, Բորիս Շչերբին, Յուրի Բատալին, Լեւ Վորոնին, Իվան Սիլաեւ, Մարգարետ Թետչեր, Անդրեյ Սախարով, Գալինա Ստարովոյտովա, Միխայիլ Դուդին, Անդրեյ Նույկին, Վիկտոր Շեյնիս, Լեոնիդ Բարկին, Անդրեյ Զուբով, Յուրի Աֆանասեւ, Անատոլի Պրիստվակին, Բուլատ Օկուջավա, Տանյա Լիխանովա, Անատոլի Սոբչակ, Ա. Դենիսով, Քերոլայն Քոքս, Վազգեն Ա. Կաթողիկոս, Ցվետանա Պասկալեւա, Արկադի Վոլսկի, Գեորգի Պետրոսյան, Սոս Սարգսյան, Վաչագան Գրիգորյան, Սեմյոն Բաբայան, Ռոստոմ Շուքուրով, Սուրաբ Շուրաֆուտդինով, Թաթուլ Կրպեյան, Սիմոն Աչիկգյոզյան, Արթուր Կարապետյան, Վալերի Նազարյան, Զարզանդ Դանիելյան, Անատոլի Լուկյանով, Սերգեյ Բաբուրին, Ամանգելդի Իմանով, Եվգենի Պրիմակով, Ռոխլին։

Անունների հիշատակումը շատ լավ է։ Իրադարձությունները երբեք իրենք իրենցով չեն կատարվում կամ զարգանում։ Համարենք, որ բոլորն էլ ինչ-որ գործ են արել եւ արժանի են հիշատակման, եթե նույնիսկ շատերի անուններն անգամ տեղյակ ընթերցողին ոչինչ չեն ասում։ «Ազգային» թուլության հետեւանք համարենք, որ սրանցից ոմանց, հատկապես՝ օտարներին, օրինակ՝ «մեր ազգի համար իջած հրեշտակ» Քերոլայն Քոքսին եւ «պայծառ անվան» տեր  Ցվետանա Պասկալեւային պատմության բուհական դասագրքում մեկական էջ սրտառուչ ներբող է նվիրվել (էջ 725-727)։

Բայց, ահա, հայ իրականության մեջ իր կազմակերպվածությամբ, զանգվածայնությամբ, համազգային ընդգրկմամբ ու քաղաքական արդյունքներով աննախադեպ, անգամ համաշխարհային պատմության վրա իր անսակարկելի ազդեցությունը թողած (ինչով պիտի պարծենայինք) Համաժողովրդական շարժման տարիներին նվիրված ավելի քան 30 էջանոց շարադրանքում բացակայում է նույն այդ Շարժման լոկոմոտիվը, շարժիչը, իրադարձությունների թիվ 1 դերակատարը,այս պայքարի անսակարկելի ղեկավարը՝ «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն»  («Ղարաբաղ» կոմիտեն)՝ իր 11 անդամներով։

Ավելի ճիշտ՝ հիշատակվում է, երեք անգամ, բայց ահա թե ինչպես (ստորեւ՝ ըստ հերթականության)։

5.«Աղետի գոտու վերականգնման գործում բացասական դեր խաղացին «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարները, որոնք օգնության եկածներից պահանջում էին հեռանալ Հայաստանից։ Այդ պայմաններում ԽՍՀՄ այլ հանրապետությունների շատ կազմակերպություններ դադարեցրին իրենց աշխատանքները եւ հեռացան» (էջ 724)։

«1988 թ. դեկտեմբեր – 1989 թ. հունվար ամիսներին կալանավորվեցին եւ մոսկովյան բանտերում արգելափակվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները եւ մի քանի տասնյակ երիտասարդներ Հայաստանից եւ Արցախից» (էջ 725)։

«Հայ բնակչության հետեւողական պայքարի շնորհիվ եւ ԽՍՀՄ առաջադեմ մտավորականության օժանդակությամբ 1989 թ. ամռանը ազատ արձակվեցին Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամները, որոնք նոր թափով շարունակեցին ղեկավարել Շարժումը»(էջ 728)։

Արձանագրեք երկու աբսուրդ, զավեշտալի անհեթեթություն։

Եւ այսպես, Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն առաջին անգամ հիշատակվում է միայն 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժի առիթով՝ խիստ բացասական դերակատարմամբ։ Նախընթաց նյութի ընթերցողի համար անհայտ է մնում՝ որտեղի՞ց «ծլեց» այդ Կոմիտեն, քանզի մինչ այդ ո՛չ նրա կազմավորման, ո՛չ գործունեության, ո՛չ անդամների մասին ոչինչ ասված չէ։ Ընդ որում՝ այդ Կոմիտեն այնքան ուժ ու կարողություն ուներ, որ կարողացավ Հայաստանից քշել ԽՍՀՄ այլ հանրապետություններից օգնության եկած շինարարներին՝ հակադրվելով ոչ միայն Հայաստանի իշխանությանը, որն ընդունել էր այդ շինարարներին, այլեւ Մոսկվային, որն ուղարկել էր դրանց։

Երկրորդ զավեշտը հետեւյալն է։ Այդ ինչպե՞ս է, որ նախընթաց պատմության մեջ միայն մեկ անգամ, եւ այն էլ՝ խիստ բացասական դերակատարմամբ հիշատակված նույն Կոմիտեի ազատման համար «հետեւողական պայքարի» էր դուրս եկել ոչ միայն ողջ «հայ բնակչությունը», այլեւ «ԽՍՀՄ առաջադեմ մտավորականությունը»։ Եւ վերջապես, այդ ինչպե՞ս է, որ ընդամենը մեկ անգամ, նրան վերագրված խայտառակ մի դերակատարմամբ ներկայացված Կոմիտեն 1989 թ. ամռանը բանտից ազատվելուց հետո «նոր թափով շարունակեց ղեկավարել Շարժումը»։ Գուցե վեցամսյա բանտարկության ընթացքո՞ւմ է, որ նրանք բոլորովին այլ որակներ էին ձեռք բերել։

Ինչ վերաբերում է Աղետի գոտի եկած շինարարներին «քշելու» կեղտոտ հերյուրանքին՝ ըստ էության, ապա ասենք, որ «Ղարաբաղ» կոմիտեին, ապա ՀՀՇ-ին ամեն տեսակ մեղքերի մեջ ժամանակին մեղադրել են խորհրդային իշխանությունները, նրա մոլի քաղաքական հակառակորդները, ադրբեջանցիները, սակայն սրանց տասնյակ մեղադրանքներից ու հերյուրանքներից ոչ մեկը նման անհեթեթության չէր հասել։ Նախ՝ Կոմիտեն երկրաշարժից ընդամենը 3 օր հետո ձերբակալվեց։ Իսկ ավելի ուշ՝Շարժման պահանջը մեկն էր՝ երկրաշարժի գոտում շինարարական աշխատանքներում առավելագույնս ներգրավել նախ Աղետի գոտու գործազուրկ մնացած եւ Ադրբեջանից բռնագաղթված հայ բնակչության նույնքան որակյալ մի քանի հարյուր հազարանոց գործազուրկ բանվորական եւ մասնագիտական աշխատուժը՝ նկատի ունենալով, որ այդ կերպ կլուծվեր շատերի զբաղվածության հարցը, եւ հարյուր հազարավոր մարդիկ աշխատանք եւ ապրուստ չունենալու պատճառով չէին բռնի Հայաստանից հեռանալու ճանապարհը։

(Ծանոթագրություն – Դպրոցական դասագիրքը 11 հոգուց բաղկացած Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն ասպարեզից ընդհանրապես հանելու շատ ավելի օրիգինալ ձեւ է գտել. վերցրել-այդ անունը դրել է Շարժման առաջին օրերին Ի. Մուրադյանի նախագահությամբ ձեւավորված «Կազմկոմիտեի» վրա, ու վերջ։ Եւ ստացվում է, որ հենց այդ մարմինն էլ գործել է ու ղեկավարել Շարժումըմինչեւ վերջ։ Դասագրքի «պատմական հասկացությունների եւ եզրերի բառարան» բաժնում ««Ղարաբաղ» կոմիտե» բառահոդվածը ներկայացված է հետեւյալ կերպ.

«Ղարաբաղ» կոմիտե – Արցախյան շարժումը գլխավորելու եւ ճիշտ ուղղորդելու նպատակով ստեղծված մարմին, կազմակերպություն, որի աշխատանքները համակարգում էին Իգոր Մուրադյանը, Սամսոն Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Վազգեն Մանուկյանը, Ալեքսան Հակոբյանը, Մանվել Սարգսյանը, Արթուր Մկրտչյանը եւ այլք։ 1988 թ. փետրվարի 23-ի հանրահավաքում հրապարակվեց «Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտեի», իսկ ավելի կարճ՝ «Ղարաբաղ» կոմիտեի 21  հոգուց բաղկացած կազմը։ Մարտի 21-ին հրապարակվեց առաջին թռուցիկը, որի ներքո ստորագրված էր «Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտե» («Հայոց պատմություն», 9-րդ դասարանի դասագիրք, «Զանգակ» հրատ., Եր., 2014 թ., էջ 184)։

Ասենք, որ 1988 թ. մարտ ամսին Շարժման ղեկավար մարմնի կողմից մի քանի թռուցիկներ են հրապարակվել. մարտի 19-ին՝ «Մեր քաղաքական սկզբունքները» վերնագրով, մարտի 25-ին՝ «Հայաստանի խաղաղմայրաքաղաքը զորք է մտել» սկսվածքով, եւ երկուսի տակ էլ ստորագրված է «Ղարաբաղ» շարժման կազմկոմիտե»։ Ապրիլին եւ մայիսին հրապարակված երկու թռուցիկները ստորագրված են «Ղարաբաղյան շարժման մասնակիցներ»։ Մարտի 21-ի թռուցիկ՝«Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտե» ստորագրությամբ մեզ հայտնի չէ)։ Եթե անգամ նման բան լիներ, դա չէր կարող նշանակել, թե Շարժումը մինչեւ վերջ ղեկավարած «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն» այն 21հոգուց բաղկացածն էր, որ գործում էր առաջին երեք ամիսներին)։

6. «Երկար վիճաբանությունների, պատգամավորների զգալի մասի անհամաձայնության եւ հոգեբանական ճնշումների պայմաններում Գերագույն խորհրդի նոր նախագահ ընտրվեց  ՀՀՇ վարչության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը»(էջ 734)։

«Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամներից միան Լեւոն Տեր-Պետրոսյանն է արժանանում հանվանե հիշատակվելու, բայց այն էլ՝ միայն 1990 թ. օգոստոսին, երբ արդեն, ֆորմալ առումով, Շարժումն ավարտվել էր, ավարտվել էր նրա քաղաքական կառույցի՝ Հայոց համազգային շարժման՝ ընտրություններում տարած հաղթանակի եւ իշխանության գալու փաստով։ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշատակվում է օգոստոսի 4-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելու առիթով։

Ըստ էության՝ հենց դա էր Հայաստանում 70-ամյա կոմունիստական իշխանության վերջին օրը, ավարտը։ Բանն այն է, որ նորընտիր խորհրդարանում կոմունիստները զգալի ներկայություն ունեին, որն իրենց թեկնածուին անցկացնելու ռեալ հնարավորություն էր տալիս, ինչը, սակայն, չկարողացան իրականացնել։ Այսինքն՝ պատմական այդ փաստն այլ բան չէր, քան բռնապետական, հակաժողովրդավարական պատմական մի դարաշրջանի ավարտ եւ պատմական մի այլ՝ ժողովրդավարական դարաշրջանի սկիզբ, Հայաստանի՝ 20-րդ դարի ամենաառանցքային տարեթվերից, փաստերից մեկը։

Դա Հայաստան պետության առաջին դեմքի առաջին ժողովրդավարական ընտրությունն էր մրցակցային հիմունքով, եւ, անշուշտ, պիտի առաջադրված թեկնածուներին լինեին կողմեր եւ դեմեր։ Առավել եւս, որ դա ոչ թե քաղաքական ուժի ներսում պաշտոնի, այլ, ինչպես ասացինք, հակադիր քաղաքական ուժերի միջև իշխանության, ավելին՝ պատմական էպոխայի հարց էր վճռվում։ Այդ ընտրությունը, որպես երկուսուկեսամյա պայքարի վերջին ու վճռական դրվագ, այո, անցավ բուռն բանավեճերի շատ լարված մթնոլորտում։ Եւ այլ կերպ չէր կարող լինել։ Ավելին, չնայած կեսգիշերին, անցավ դրսում հավաքված բազմահազար ժողովրդի բուռն ճնշմամբ եւ պաշտպանությամբ։ Իր քաղաքական նշանակությամբ դա համակարգ փոխող  այն հեղափոխությունն էր, որ կարող էր նաեւ տեղի ունենալ նաեւ փողոցներում, Հայաստանում տեղի ունեցավ օրենսդիր մարմնի նիստում։ Հիշեցնենք նաեւ, որ ընտրությունների 4-րդ փուլում Լեւոն Տեր-Պետրոսյանը ջախջախիչ հաղթանակ տարավ կոմկուսի թեկնածու Մովսիսյանի նկատմամբ՝ ստանալով 140 ձայն՝ վերջինիս ստացած 76 ձայնի դիմաց։

Եւ դրա մասին խոսել որպես մեղադրանք կամ դրանով փորձել ստվեր գցել ընտրության վրա՝ ասելով, թե ընտրությունն անցավ «պատգամավորների զգալի մասի անհամաձայնության եւ հոգեբանական ճնշումների պայմաններում»՝ այլ բան չէ, քան կարեւորագույն պատմական իրողությունը նսեմացնելու մարմաջով գիտական ու քաղաքական անմեղսունակության՝ զավեշտի հասնող մի դրսեւորում։

Կոմիտեի մյուս անդամները՝ Բաբկեն Արարքցյան, Վազգեն Մանուկյան, Ռաֆայել Ղազարյան, Աշոտ Մանուչարյան, Վանո Սիրադեղյան, Սամվել Գեւորգյան, Ալեքսան Հակոբյան, Դավիթ Վարդանյան, Համբարձում Գալստյան, Սամսոն Ղազարյան՝ չկան, չեն եղել 1988-1990 թթ։ Էլ չխոսած՝ Կոմիտեի գաղտնի կազմի, հսկայական նպաստ ունեցած տասնյակ այլ գործիչների մասին։ Նրանք չկան նաեւ հետագա՝ պետականության կայացման, բարենորոգումների անցկացման, պատերազմի տարիներին վերաբերող շարադրանքում։ Նույն 1990 թ. Հայոց համազգային շարժման պաշտպանությամբ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր ընտրված Սերժ Սարգսյանը, Գեորգի Պետրոսյանը, Համլետ Գրիգորյանը, Արկադի Մանուչարյանը, Ռոբերտ Քոչարյանը կան, Մոսկվայում հացադուլի միացած տաջիկ Ռոստոմ Շուքուրովն ու ուզբեկ Սուրաբ Շարաֆուդդինովը «Հայոց պատմության» մեջ կան, բայց գեթ արձանագրման կարգով նորանկախ պետության 2-րդ եւ 3-րդ դեմքերի՝ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանի, Հայաստանի Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, վարչապետ Հրանտ Բագրատյանի անունները չկան։ Բնականաբար, չկա խորհրդային վերջին տարիներին կազմաքանդված ու բարոյալքված միլիցիան կարգի բերած եւ երկրում ներքին կարգուկանոնն ու ապահովությունը վերականգնած Վանո Սիրադեղյանի, պետականության կայացման գործում կարեւոր դեր խաղացած այլ գործիչների անունները։ Չկան, չեն եղել։

Բնականաբար, նույնպիսի՝ անտեսման, ուրացման ու հերյուրանքի է արժանացել նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարած Հայկական ժողովրդավարական շարժման քաղաքական կառույցը՝ Հայոց համազգային շարժումը։ Եւ եթե մեկ-երկու անգամ հիշատակվել է, ապա միայն իրողությունների խեղմամբ,  խիստ բացասական կոնտեքստում՝ կեղծ մեղադրանքներով ու հերյուրանքներով։ Ստորեւ՝ դրանցից երկուսը։

7. «Ազատագրական պայքարին նվիրված բոլոր ուժերը համախմբելու համար ձեւավորվեց Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կազմակերպությունը, որի հիմնադիր համագումարը տեղի ունեցավ 1989 թ. նոյեմբերին։ Սակայն ՀՀՇ-ն չկարողացավ ամբողջությամբ իր շուրջը համախմբել ազգային շարժման բոլոր ուժերը եւ երբեք համազգային չդարձավ»(էջ 730)։

Կեղծիք է։ Նախ՝ չկա այնպիսի մի փաստաթուղթ, որը վկայի, թե Հայոց համազգային շարժումը մտահղացվել է «ազգային շարժման բոլոր ուժերը համախմբելու» նպատակով կամ երբեւէ նման նպատակ է դրել իր առջեւ։ Ո՛չ Կոմիտեն, ո՛չ նրա նախաձեռնած քաղաքական կառույցը երբեք քաղաքական պրիմիտիզմով ու էժան ամբոխահաճությամբ չեն տառապել՝ իրենց առջեւ նման սին ու անիմաստ նպատակ դնելու համար։ Երկրորդ, երբ «Ղարաբաղ» կոմիտեն մտահղացավ Շարժման կառույցի ստեղծումն այս անունով (1988 հուլիս-օգոստոս), ասպարեզում, Ղարաբաղյան շարժումից բացի, որ արդեն իսկ համազգային բնույթ էր ստացել (իր մեջ ընդգրկելով բնապահպանության, լեզվի եւ այլ հարցերով պայքարող խմբերին), ուրիշ բան չկար էլ, որ «համախմբեր»։ Կոմունիստական կուսակցությունը նրա քաղաքական հակառակորդն էր։ Քիչ անց պարզվեց, որ Սփյուռքում գործող կուսակցությունները (վաղուց գործելով ՊԱԿ-ի ազդեցության դաշտում – այս մասին կան արխիվային փաստաթղթեր եւ ՊԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների վկայություններ) կոմկուսի հավատարիմ դաշնակիցներն են։ «Համախմբելու» ուրիշ բան չկար ընդհուպ մինչեւ 1989 թ. մայիսի վերջին «Ղարաբաղ» կոմիտեի՝ բանտից ազատվելը։ Դրանից հետո է, որ բոլորը առյուծ կտրեցին, մեկը մյուսի հետեւից հնչեղ անուններով մի քանի տասնյակ «կազմակերպություններ» ստեղծվեցին։ Բայց սրանք բոլորը մի բանով էին զբաղված՝ ժամանակ առ ժամանակ «միավորվել» այս կամ այն անվամբ եւ, բոլորը միասին չունենալով Հայոց համազգային շարժման պոտենցիալի, կշռի անգամ 1%-ը,  մեղադրել նրան «ազգը պառակտելու» մեջ։ Չորս տասնյակից ավելի, ի սկզբանե կասկածելի ծագումով այս «ուժերը» 1990  թվականի խորհրդարանական ընտրություններից հետո անհետ չքացան ասպարեզից։

8.ՀՀՇ-ի՝ մեկը մյուսին հետեւող վնասակար ձեռնարկումները ծանր հետեւանքներ ունեցան ժողովրդական տնտեսության եւ լայն առումով՝ ժողովրդի համար։ Այսպես՝ ՀՀՇ-ի համառ ջանքերով, շրջակա միջավայրի մաքրությունը հոգալու պատճառաբանությամբ 1989 թ. դեկտեմբերին փակվեց «Նաիրիտ» գիտա-արտադրական միավորումը… Իշխա նությունը վերցնելուց հետո նույն ՀՀՇ ղեկավարությունը 1991 թ. վերագործարկեց «Նաիրիտը»՝ մոռանալով նրա վնասակար հետեւանքները։ Նույն ճակատագրին արժանացան Ալավերդու լեռնաքիմիական կոմբինատը, Վանաձորի քիմիական գործարանը, Հայկական ատոմակայանը, որոնց փակումը աղետաբեր եղավ…»(էջ 730-731)։

«Նաիրիտի» թեմայով, 1988-ից ի վեր, սպառիչ բացատրությունները հազար անգամ տրվել են։ Այստեղ հիշեցնենք պարզապես, որ «Նաիրիտի» խնդիրը ժամանակագրորեն ավելի հին էր, քան Ղարաբաղյան շարժումը, «Ղարաբաղ» կոմիտեն եւ ՀՀՇ-ն։ Դա 1986-87 թվականներին ողջ ԽՍՀՄ-ում լայն թափ ստացած բնապահպանական շարժման առաջին հարցն էր Հայաստանում։ Իմիջիայլոց՝«Նաիրիտի» (ինչպես նաեւ մյուս թունավոր արտադրությունների) փակման թիվ 1 ջատագովն ու գաղափարախոսն էլ այս դասագրքում բազմիցս հիշատակվող Զորի Բալայանն էր (տե՛ս 1987 թվականին «Լիտերատուրնայա գազետա» թերթում նրա հրապարակած «Օրհաս» եւ «Երեւանը դժբախտության մեջ է» ծավալուն հոդվածները)։ Բնապահպանական պայքարի մյուս հայտնի գործիչներից էին Կարինե Դանիելյանը, Հակոբ Սանասարյանը։ Այս խնդիրների շուրջ էր ձեւավորված «Գոյապայքար» երիտասարդական միությունը։ 1987 թ. աշնանը Գրողների միության դահլիճը պայթում էր այս թեմայով շաբաթը մեկ հրավիրվող հանրահավաք-ժողովներից։

Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման օրակարգում, բացի Ղարաբաղի հիմնական խնդրից, այո, ներառվեցին հասարակությանը հուզող, բայց դրա համեմատ երկրորդական, երրորդական հարցեր էլ՝ այնքանով, որքանով դրանք, նախ՝ հուզում էին հասարակությանը, եւ ապա՝ անմիջականորեն կամ միջնորդավորված, կարող էին սպասարկել, նպաստել, որպես լծակ ծառայել հիմնական խնդրի լուծման համար։ «Նաիրիտը» Շարժման համար ոչ միայն կամ ոչ այնքան բնապահպանական հարց էր, որքան ընդամենը այդ լծակներից մեկը, որով կարելի էր ճնշում գործադրել Մոսկվայի վրա, ստիպել նրան զիջումների գնալու Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եւ այդ լծակը չէր կարելի չօգտագործել։

Ինչ վերաբերում «Նաիրիտին»՝ որպես բնապահպանական խնդիր, ապա ինքը՝ կոմունիստական իշխանությունը, ժամանակին (ՀԽՍՀ Բնության պահպանության պետական կոմիտեն) կազմել էր մի մասնագիտական ընդարձակ զեկուցագիր։ Այն ներկայացվեց Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում դեռ 1989 թ. հունիսի 25-ին, որտեղ, մասնավորաբար, արձանագրվում էր. «Նաիրիտը» արդեն ավելի քան 40 տարի գործում է պայթյունալի արտադրության անթույլատրելիորեն մեծ քանակությամբ վնասակար արտանետումներով եւ չմաքրված կեղտաջրերով», «ձեռնարկությունը փաստորեն չունի սանիտարական գոտի», «գործիմաց հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումն ի վիճակի չէ ապահովել աղտոտվող նյութերի արտանետումների նորմատիվները, իսկ հանրապետական եւ միութենական պատասխանատուներն այդ ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկում» (տե՛ս «Խորհրդային Հայաստան», 27.06.1989)։ Ու հենց այդ զեկուցագրի հիման վրա Գերագույն խորհուրդը որոշեց  մինչեւ 1989 թ. վերջը փակել գործարանը։Իսկ 1989 թ. դեկտեմբերին, երբ պետք է փակվեր «Նաիրիտը», կոմկուսի հսկայածավալ քարոզչամեքենան ամեն օր դա ներկայացնում էր որպես բնակչության նկատմամբ իր բացառիկ հոգատարության մի դրսեւորում (տե՛ս դեկտեմբերի մամուլը)։

Հիմա ի՞նչ. եթե ՀՀՇ-ն «Նաիրիտի» այդ հարցով չզբաղվեր, չպիտի՞ մեղադրվեր հենց չզբաղվելու համար։ Եթե Մոսկվայի վրա Ղարաբաղի հարցում ճնշում գործադրելու համար այդ լծակը չօգտագործեր, չպիտի՞ մեղադրվեր դրա համար։

Ասել է թե՝ եթե «Նաիրիտի» փակումն ունի հեղինակներ, ապա ՀՀՇ-ի կողքին, ըստ տասնյակ փաստաթղթերի, դրանում անհամեմատ ավելի մեծ «երախտիք» ունեն «բնապահպան» Զորի Բալայանը եւ ժամանակի կոմունիստական իշխանությունը։ Եւ եթե ՀՀՇ-ի հիմնական շարժառիթը «Նաիրիտը» Ղարաբաղի խնդրին ծառայեցնելն էր, ապա որո՞նք էին մյուս երկուսի շարժառիթները։

Հիմա Հայկական ատոմակայանի մասին։ Այդ խնդիրը նույնպես Ղարաբաղյան շարժումը ժառանգել էր բնապահպանական շարժումից եւ արձանագրել իր ծրագրում։ Սակայն ատոմակայանը փակվեց բոլորովին այլ հանգամնքներում, եւ Շարժման դերակատարությունը այդ դեպքում, ի տարբերություն «Նաիրիտի», ըստ էության, զրոյական էր։

Ատոմակայանի աշխատանքի անհուսալիության եւ վտանգավորության մասին միայն 1988թ. ապրիլի 18-ից մինչեւ մայիսի 3-ը հանրապետական ՊԱԿ-ի կողմից «հույժ գաղտնի» գրիֆով չորս զեկուցագրեր են ներկայացվել ՀԿԿ ԿԿ: Դրանցից առաջինը վերաբերում է ատոմակայանի հակահրդեհային անվտանգության «էական թերություններին»: Թվարկվում են երկու տասնյակ նման թերություններ, որոնց մասին ատոմակայանի ղեկավարությունը 1986-ից թեեւ տեղյակ է պահվել, սակայն դրանք չեն վերացվել (տե՛ս ՀՔԿՊԿԱ 1.87.13, թ. 62-64): Հաջորդ փաստաթղթում 11 «էական թերություններ» են նշվում ռադիոակտիվ թափոնների տեղափոխման եւ թաղման բնագավառում (տե՛ս ՀՔԿՊԿԱ 1.87.13, թ. 76-77): Երրորդ զեկուցագրից հայտնի է դառնում, որ ատոմակայանի տարածքը նախապես ծառայել է որպես ռազմական պոլիգոն եւ բավարար չափով չի հետազոտվել եւ վտանգազերծվել: Եւ, ահա, այնտեղ պատահաբար հայտնաբերվել է ֆուգասային մի ռումբ, որի պայթյունը անկանխատեսելի հետեւանքների կարող էր հանգեցնել(տե՛ս ՀՔԿՊԿԱ 1.87.13, թ. 131): Եւ վերջապես՝ չորրորդ զեկուցագիրը վերաբերում էր ատոմակայանի կաբելային տնտեսության անմխիթար վիճակին՝ այս բնագավառում արձանագրելով եւս մեկ տասնյակ թերություններ(տե՛ս ՀՔԿՊԿԱ 1.87.13, թ. 70-71):

Անշուշտ, այս ամենը, ու շատ ավելին, լավ գիտեին նաեւ Մոսկվայում։ Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունից հետո դա զգաստացնող հանգամանք էր։

Դեռ 1988թ. սեպտեմբերի 13-ին ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ս. Հարությունյանը ԿԿ-ի պլենումում հայտարարեց ատոմակայանի հարցի նկատմամբ «նոր վերաբերմունքի» մասին, դրա կառուցումը համարեց «անհեռատես տեխնաքաղաքականության արգասիք» եւ ասաց, որ կենտրոնական իշխանության առջեւ հարց է բարձրացված առաջիկա երեք տարվա ընթացքում փակել ատոմակայնը։ Դեկտեմբերի 7-ի ահավոր երկրաշարժը սարսափեցրեց իշխանությանը, որը, ինչպես ասացինք, շատ լավ գիտեր ատոմակայանի վիճակը եւ աչքի առջեւ ուներ Չեռնոբիլի ատոմակայանի ոչ վաղ անցյալի աղետը։ 1989 թ. հունվարի 17-ին ԽՍՀՄ կառավարության նախագահ Նիկոլայ Ռիժկովը հայտարարեց Հայկական ատոմակայանը շուտափույթ փակելու՝ կենտրոնական իշխանության մտադրության մասին: Իսկ նույն՝ 1989 թ. մարտին ատոմակայնը փակվեց Մոսկվայի՝ ԽՍՀՄ կառավարության որոշմամբ։

Ավելացնենք, որ Հայկական ատոմակայնի փակման մասին կայացված որոշումների շրջանում 1988 թ. դեկտեմբերից մինչեւ 1989 թվականի հունիս, «Ղարաբաղ» կոմիտեն գտնվում էր բանտերում։ Եւ, բնականաբար, Շարժման թիվ 1, եթե չասենք՝ միակ օրակարգը նրանց ազատության խնդիրն էր։ Ատոմակայանի համար ժամանակ չկար։

Այո, իր իշխանության տարիներին Հայոց համազգային շարժումը վերաբացեց «Նաիրիտը», որովհետեւ այն այլեւս Ղարաբաղի հարցի համար որպես քաղաքական լծակ չէր կարող ծառայել, եւ որի ողջ օգուտը արդեն ոչ թե պիտի գնար Մոսկվա, այլ մնար Հայաստանում։ Ավելին, Գերագույն խորհրդի համապատասխան որոշման (1991 թ. ապրիլի 14) 5-րդ կետով նախատեսվում էր «Նաիրիտ» ԳԱՄ-ի գործունեությունից ստացված ամբողջ շահութահարկն ուղղել Երեւան քաղաքի հարավային արդյունաբերական շրջանի եւ հարակից բնակավայրերի բնակչության սոցիալ-կենցաղային հարցերի լուծմանը»։ Եւ բացեց՝ նախապես այն էկոլոգիապես անվտանգ դարձնելով, ինչը չէր անում խորհրդային իշխանությունը։ Նույն կերպ՝ բացեց նաեւ Հայկական ատոմակայանը՝ հսկայական ներդրումներ կատարելուց ու նրա աշխատանքն անվտանգ դարձնելուց հետո, ինչը նույնպես այդպես էլ ժամանակին չարեց խորհրդային իշխանությունը։ Եւ, բանականության հարթության վրա, այս ամենը տվյալ քաղաքական ուժի ու նրա իշխանության համար, կարծես թե, ոչ թե պարսավանքի ու չարախնդալու (ինչ արվում է դասագրքում), այլ գնահատանքի ու փառավորման հիմք է։

Սրանք փաստեր են, իրողություններ՝ կրկին հաստատված ամենաարժանահավատ ու բարձրակարգ աղբյուրներով ու փաստաթղթերով։ Այս ամենի մասին, ինչպես ասացինք, բազմիցս նաեւ գրվել է, եւ անգամ պարտադիր չէ պատմաբան լինել՝ դրանք իմանալու համար։ Ուստիեւ, կրկին բացառելով դասագրքի հեղինակների եւ մյուս պատասխանատուների չիմացության, տգիտության կանխավարկածը, մնում է հնարավոր երկրորդ տարբերակը. նրանք բացահայտ ստախոսությամբ, միջոցների մեջ խտրություն չդնելով, դեղին մամուլի մակարդակով, ամենաողորմելի ձեւով կեղծել, նենգափոխել են պատմությունը։

Հիմա հռետորական ու ամփոփիչ մի քանի հարց՝ «Ղարաբաղ» կոմիտեի ու նրա ղեկավարած Հայոց համազգային շարժման թեմայով։

Ստացվում է՝ «Ղարաբաղ» կոմիտեն ու համաժողովրդական շարժման նրա ղեկավարած կառույցը՝ ՀՀՇ-ն, այդքան հզոր էին, որ կարողացան՝

Ա)Հայաստանից «դուրս քշել» Աղետի գոտին վերականգնելու եկած՝ ԽՍՀՄ տարբեր հանրապետությունների շինարարական ջոկատներին,

Բ)փակել միութենական նշանակության, ԽՍՀՄ-ում միակ՝ քլորոպրենային կաուչուկ արտադրող եւ Մոսկվայի համար միլիարդներ ապահովող հսկա արտադրական միավորումը՝ «Նաիրիտը»,

Գ)փակել տալ Հայկական ատոմակայանը։

Հարցեր.

—         Ո՞րն էր Կոմիտեի ու ՀՀՇ-ի այդ հզորության աղբյուրը, հիմքը։

—         Ինչպե՞ս է, որ հզորագույն այս ուժը ամբողջ երկուսուկես տարվա թոհուբոհում «Հայոց պատմության» մեջ արձանագրման արժանի ուրիշ ոչ մի բան չի արել, որ չի հիշատակվում։

—         Եթե նրա գործունեությունը, դատելով հիշատակման արժանի համարված 3-4 դեպքերից, միայն վնաս ու չարիք է բերել Հայաստանին, ժողովուրդը տխմա՞ր էր, որ 1990 թ. մայիսի ընտրություններում նրան անվիճելի հաղթանակ պարգեւեց, 1991 թ. սեպտեմբերին նրա կոչով միաձայն քվեարկեց Անկախության օգտին, նույն թվականի հոկտեմբերի 16-ին, գործնականում՝ միաձայն (83,4 % ձայնով), Հանրապետության նախագահի պաշտոնը վստահեց այդ ուժի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին։

Հարցերը հռետորական են ընթերցողի համար։ Դասագրքի պատասխանատուները՝ Էդիկ Մինասյանից մինչեւ Սերժ Սարգսյան, գուցե պատասխանեն դրանց։

9. Բայց Ղարաբաղյան շարժման տարիներին, այնուամենայնիվ, եղել են իրողություններ եւ իրադարձություններ, որոնք, մի կողմից՝ անհնար էր շրջանցել, չհիշատակել, մյուս կողմից՝ անհնար էր դրանք բացասական լույսի տակ ներկայացնել։ Եւ դրանք արձանագրվել են, բայց… առանց դրանց հեղինակքաղաքական ուժի անունը տալու։ Ահա նման երեք բնորոշ դեպք.

Ա) «Չնայած բռնաճնշումներին՝ շարունակվում էին հանրահավաքները, որոնց մասնակիցներն այժմ պահանջում էին հրավիրել Հայաստանի Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան եւ ընդունել Արցախը մայր հայրենիքին միավորելու մասին որոշում… Սկսվեցին նստացույցեր, հացադուլներ, նույնիսկ կազմակերպվեցին անցանկալի գործադուլներ։Վերջապես, 1988 թ. հունիսի 15-ին Հայաստանի իշխանությունները հարկադրված հրավիրեցին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջան, որը որոշեց հավանություն տալ մարզը Հայաստանի կազմի մեջ ներառելու մասին ԼՂԻՄ մարզխորհրդի խնդրանքին» (էջ 718-719)։

Այս նստաշրջանի հրավիրումը եւ դրա օրակարգը պարտադրվել էր նորակազմ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմակերպական հսկայական աշխատանքի եւ ջանքերի շնորհիվ։ Հունիսի 4-ի հերթական բազմամարդ հանրահավաքից հետո հրապարակվեց Կոմիտեի՝ «Առաջիկա գործողությունների ծրագիր» վերնագրով մի թռուցիկ, որտեղ ներկայացվում էր, թե ինչ պետք է անի Շարժման յուրաքանչյուր մասնակից այդ խնդիրն իրականացնելու համար։ Հենց այդ ծրագրով աշխատեց Շարժման հսկայական մեքենան՝ ընդամենը 3 օրվա ընթացքում ապահովելով անհրաժեշտ թվով պատգամավորների (մոտ 130) միջնորդագրերի հավաքումը համապատասխան օրակարգով նստաշրջանը հրավիրելու պահանջով։ Չնայած դրան, մինչեւ վերջին պահը իշխանությունն ամեն միջոցի դիմում էր՝ խուսափելու համար Շարժման պահանջները կատարելուց։ Առանց համազգային հզոր գործադուլի՝ անհնար պիտի լիներ հասնել խնդրո առարկա որոշման ընդունմանը։ Այսօրվա Ամերիկյան համալսարանի շենքը (այն ժամանակ՝ Շահումյանի անվան քաղլուստուն), որտեղ տեղի էր ունենում նստաշրջանը, ավելի քան 100.000 ցուցարարները թողեցին միայն այն բանից հետո, երբ քվեարկության դրվեցին եւ անցան որոշումների այն նախագծերը, որոնք վերջնական խմբագրվել, տեսքի էին բերվել Կոմիտեի անդամ  Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից։ Դրանցից մեկը վերաբերում էր ԼՂԻՄ մարզխորհրդի՝ փետրվարի 20-ի դիմումին համաձայնություն տալուն, մյուսը՝ սումգայիթյան ոճրագործության դատապարտմանը։ 

Եւ այսպես, Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, իր ձեւավորումից հետո ընդամենը 15-20 օրվա ընթացքում, հզորագույն համաժողովրդական ճնշման կազմակերպմամբ կարողացավ լուծել այն խնդիրը, որը փետրվարյան հանրահավաքների հիմնական հարցն էր եւ 4 ամիս շարունակ կախված էր օդում։ Դա Շարժմանառաջին առարկայական ձեռքբերումն էր։

Ինչպես տեսնում ենք, դասագրքից բերված համապատասխան քաղվածքում Կոմիտեի մասին խոսք չկա։ Բայց կա մի շատ հետաքրքիր հոգեբանական նրբերանգ։ Հեղինակը շատ լավ գիտի իրականությունը՝ Կոմիտեի խաղացած դերը։ Ու, վերջինիս անունը չտալով անգամ, ճգնել է Շարժման փառահեղ այս դրվագի վրա էլ ինչ-որ ստվեր գցել՝«անցանկալի գործադուլներ»արտահայտությամբ։

Բ) «1988 թ. նոյեմբերին, հակառակ իշխանությունների համառ դիմադրության, ժողովրդի պահանջով գումարվեց ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան, որը որոշում ընդունեց այն մասին, որ Հայաստանում կարող են կենսագործվել կենտրոնական իշխանության միայն այն որոշումները, որոնք Հանրապետության Գերագույն խորհուրդը կհամարի նպատակահարմար»(էջ 720)։

Ի տարբերություն նախորդի, նույն թվականի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի այս նստաշրջանը հրավիրվել էր ոչ միայն Կոմիտեի կազմակերպած համաժողովրդական ճնշմամբ, այլեւ՝ նախաձեռնությամբ՝ ի հեճուկս իշխանության արգելքի, Օպերային թատրոնի դահլիճում։ Գերագույն խորհրդի նիստերը, դրանցում քննարկվող հարցերը, խորհրդային իրականության մեջ պարտադիր հրահանգվում, թույլատրվում էին Կոմունիստական կուսակցության Կենտկոմից, անգամ՝ եթե համաժողովրդական ճնշման տակ դրանք հրավիրվում էին ստիպված։ Այս դեպքում կար հակառակ հրահանգը. նոյեմբերի 22-ին հրավիրված ԳԽ նստաշրջանը, որտեղ պետք է քննարկվեին նաեւ այս հարցերը, իշխանության հատուկ կազմակերպած մի պրովոկացիայով ընդհատվել էր անորոշ ժամանակով։ Եւ պատգամավորները Կոմիտեի կոչով եւ Շարժման կառույցների աշխատանքի շնորհիվ էր, որ, ի հեճուկս իշխանության արգելքի, նոյեմբերի 24-ին եկան Թատերական (Ազատության) հրապարակ եւ Օպերային թատրոնի շենքում շարունակեցին նստաշրջանը։ Դրանով հանրապետությունում առկա տեւական երկիշխանությունը, ըստ էության, վերածվում էր Կոմիտեի մենշխանության։ Այստեղ ընդունված որոշումներն էլ, ըստ էության, քայլ էին դեպի անկախություն։ Նման բան ԽՍՀՄ 70-ամյա պատմության մեջ չէր եղել։

Եւ, այդուամենայնիվ, այս դեպքում էլ Կոմիտեն չկա որպես դերակատար։ Դեռ լավ է, որ կա անորոշ «ժողովրդի պահանջը»։

Գ) «Արցախահայության ազատագրական պայքարին նոր ուժով սատար կանգնելու նպատակով 1989 թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության վերամիավորումը» (էջ 731)։

Այդ նստաշրջանը եւս պարտադրվել էր Կոմիտեի ղեկավարությամբ կազմակերպած համաժողովրդական ճնշմամբ։ Կազմակերպական ողջ աշխատանքը՝ իշխանության դիմադրությունը ու հարուցած խոչընդոտները հաղթահարելը, խարդավանքները չեզոքացնելը,նստաշրջանի օրակարգը կազմելը (այստեղ քննարկվեցին նաեւ այլ հարցեր), որոշումների նախագծերը նախապատրաստելու ողջ աշխատանքը կատարել էր «Ղարաբաղ» կոմիտեն։ Կոմիտեն եւ նրա ղեկավարած Հայոց համազգային շարժումն էր ապահովել նաեւ Ղարաբաղի Ազգային խորհրդի բոլոր անդամների ներկայությունը (ԳԽ ղեկավարությունը, խաբեության դիմելով՝ հրավիրել էր միայն երեք հոգու)։ Մինչդեռ մեջբերված տեքստից ստացվում է, թե հենց ՀԽՍՀ իշխանությունն է իր բարի կամքով կազմակերպել այս ամենը եւ ընդունել հիշյալ որոշումը։ Այստեղ անգամ «ժողովրդի պահանջը» չկա։

Աշոտ Սարգսյան

Հուլիսի 7

2018

Նախորդ հոդվածըՎանոյին. ց’պահանջ․ ՉԻ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» առաջարկ կանի Յուրգեն Կլոպին