Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը․ Մաս 4

1213

Մաս 1 Մաս 2 Մաս 3

Հայոց նորագույն պատմության կեղծման հանցավոր փաստի վրա ուշադրություն հրավիրելու եւ այն դասագրքերում շուտափույթ շտկելու համար շարունակաբար ներկայացնում ենք Աշոտ Սարգսյանի՝ «Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը, 1988-1998 թթ., Երեւան, 2015) աշխատությունը։ Այն վերաբերում է մասնավորապես ԵՊՀ հրատարակած «Հայոց պատմություն» դասագրքին (Երեւան 2012)։

«Պատմության կեղծարարներին պետք է կախել,

ինչպես կեղծ դրամ կտրողներին»:

Սերվանտես

1990-1998 թթ.իրողություններն ու քաղաքական արդյունքները

1. Հայաստանն անկախության շրջափուլ մտավ ծանրագույն խնդիրներով ու մարտահրավերներով.

— 1988-ի երկրաշարժից մեկ երրորդով ավերված երկիր՝ կես միլիոնի չափ անօթեւաններով,

— 300.000-ի չափ մազապուրծ բռնագաղթվածներ,

— տնտեսական խուլ շրջափակում, ու դրա հետեւանք՝ էներգետիկ սուր ճգնաժամ,

— ըստ էության՝ օկուպացված Լեռնային Ղարաբաղ, փաստական պատերազմական վիճակ, քիչ անց՝ իրական պատերազմ,

— խիստ սահմանափակ ռեսուրսներ։

Այս խնդիրներից յուրաքանչյուրը լուրջ մարտահրավեր կարող էր համարվել անգամ եվրոպական միջին կարգի մի պետության համար։ Միակ ռեսուրսը, որով Հայաստանը գերազանցում էր մյուս հանրապետություններին, նյութական չէր։ Դա հաղթած ժողովրդի բարձր բարոյահոգեբանական մակարդակն էր, հասարակության ոգեւորությունը, անկախությանը նախապատրաստվածության աստիճանը, նոր իշխանության նկատմամբ ժողովրդի վստահությունը։

Սահմանադրական ճանապարհով, օրենքի տառի պահպանմամբ, ընտրությունների միջոցով իշխանության հասած Համաժողովրդական շարժման քաղաքական կառույցը՝ Հայոց համազգային շարժումը, հետեւողականորեն ապավինելով իր քաղաքական ծրագրին եւ հռչակած սկզբունքներին, ձեռնամուխ եղավ անկախ պետականության ստեղծմանը եւ նրա կառույցների շինարարությանը։ 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Անկախության հռչակագիրը՝ հայտարարելով անկախության գործընթացի սկիզբը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին համաժողովրդական հանրաքվեով հռչակվեց Հայաստանի անկախությունը,սեպտեմբերի 25-ին ընդունվեց «Անկախ պետականության հաստատման մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, իսկ հոկտեմբերի 16-ին, 83,4 % ձայներով Հանրապետության նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Հայաստանը միակ հանրապետությունն էր, որն անկախության հասավ բացառապես ԽՍՀՄ օրենքների շրջանակներում ու դրանով իսկ ապահովեց ապագայում, երբեւէ, որեւէ իրավիճակում իր անկախության իրավական անխոցելիությունը։

2. Առաջին հետկոմունիստական՝ Հայոց համազգային շարժման իշխանությունն օժտված էր բարձր օրինակարգությամբ, հեղինակությամբ եւ հասարակական վստահությամբ։ Այն հենվում էր, մի կողմից՝ շուրջ երկուսուկեսամյա Հայկական ժողովրդավարական շարժման վաստակի, մյուս կողմից՝ նոր իշխանության վստահ եւ արդյունավետ քայլերի ու գործողությունների վրա։ Հասարակական այդ վստահությունից օգտվելով եւ վճռականություն ցուցաբերելով՝ հենց սկզբում՝ 1990 թ. ամռանը, նոր իշխանությունը կարողացավ չեզոքացնել Խորհրդային Միության հոգեվարքի անկառավարելի շրջանում, որպես կանոն՝ բոլոր հանրապետություններում ազգայնականության հիմքի վրա գոյացած զանազան խմբավորումների եւ զինված բանդաների վտանգը։ Հայաստանում դա, այսպես կոչված, ՀԱԲ-ն էր, ու նաեւ այլ, ավելի մանր, նույնաբնույթ զինված խմբավորումները։ Պատկերացնելու համար դրա վտանգավորությունը, պետք է ընդամենը աչքի առաջ ունենալ հարեւան Ադրբեջանի եւ Վրաստանի օրինակը, որտեղ դա չհաջողվեց անել, ինչի հետեւանքը եղան այդ երկրներում անիշխանության, ընդհուպ՝ քաղաքացիական պատերազմի կործանարար երեւույթներ եւ, վերջին հաշվով, տարածքային կորուստներ։ Չափազանց կարեւոր այդ խնդրի լուծմամբ ապահովվեց ինչպես երկրի ներքին կայունությունը, կարգուկանոնի հաստատումը, այնպես էլ առաջիկա պետերազմում հաջողությունները։

3. Պետականության կայացման, կառուցման գործում առանցքային դեր խաղաց իշխանության եկած ուժի քաղաքական որակը։ Ի տարբերություն մյուս նորանկախ հանրապետությունների, Հայաստանում իշխանության եկած նոր քաղաքական ուժը հաջողությամբ խույս տվեց պետական պաշտոնները միայն իր կուսակիցներին տալու, կուսակցապետություն ստեղծելու գայթակղությունից։ Ազգային ժողովի նախագահի տեղակալի, վարչապետի, ՀՀ փոխնախագահի, տարբեր ոլորտների նախարարների պաշտոններ վստահվեցին Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների, գիտության եւ արտադրության ոլորտի ոչ կուսակցական կարող անձանց, ինչպես նաեւ Սփյուռքի մի շարք ներկայացուցիչների։ Փաստ է, որ ՀՀՇ իշխանության օրոք գործած երեք կառավարություններից յուրաքանչյուրում թվով 36-38 նախարարներից ՀՀՇ անդամ են եղել հինգ կամ վեց հոգի։ Հարաբերակցությունը նույնն էր նաեւ միջին պաշտոնեության մակարդակում։ Նրանցից շատերը հաջողությամբ կարողացան իրացնել իրենց մասնագիտական, կազմակերպական եւ այլ կարողությունները՝ ի նպաստ հայկական պետականության կայացման։ Բնականաբար, եղան նաեւ իրենց նկատմամբ վստահությունը չարդարացնողներ։ Լայն կադրային բազայի ապահովումը նույնպես կարեւոր դեր խաղաց երկրի ներքին կայունության ապահովման ու հասարակական վստահության համար, մի բան, որ կենսականորեն անհրաժեշտ էր փաստական պատերազմի մեջ գտնվող երկրին։

90-ականների իշխանությունը, նաեւ մինչեւ Սահմանադրության ընդունումն էլ, գործում էր իշխանությունների լիակատար տարանջատման սկզբունքով, յուրաքանչյուր ոլորտի ղեկավար լիակատար ազատ էր իր իրավասությունների շրջանակներում որոշումներ ընդունելու տեսակետից։ Այս հանգամանքը եւ առանցքային քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդկանց քաղաքական պատասխանատվությունն ապահովում էին աշխատանքի արդյունավետությունն ու ներդաշնակությունը, ծագած խնդիրների ռացիոնալ լուծումը։ Նկատի ունենք,առաջին հերթին,պետականության չորս հիմնասյուները. Հայաստանի՝ օրենսդրական աշխատանքի փորձ չունեցող պատգամավորներից ձեւավորված Գերագույն խորհուրդը (ապա՝ Ազգային ժողովը), Բաբեկեն Արարքցյանի ղեկավարությամբ, ոչ միայն կայացավ որպես բազմարդյուն օրինաստեղծ մարմին, այլեւ ամենասուր քաղաքական քննարկումների ասպարեզ՝ առ այսօր իր որակով անհասանելի հաջորդ խորհրդարանների համար, Կառավարությունը՝ Հրանտ Բագրատյանի ղեկավարությամբ, որ համարձակորեն իրականացրեց հիմնական արմատական վերափոխումները, բարեփոխումները, պաշտպանության բնագավառը, որտեղ Վազգեն Սարգսյանին հաջողվեց բանակի հիմքում համատեղել ու ներդաշնակել բնույթով ֆիդայական ջոկատների, պրոֆեսիոնալ զինվորականության եւ նորակոչիկների ռեսուրսը, եւ ներքին գործերը, որ կոմունիստական իշխանության վերջին տարիներին բարոյալքվել եւ անզոր էր դարձել ամեն տեսակ կրիմինալի դեմ, կարճ ժամանակում իրեն վերագտավ ու հասարակական կարգի պահպանության իր գործառույթը լիակատար իրականացրեց Վանո Սիրադեղյանի ղեկավարությամբ։

Փաստ է, որ նորանկախ հանրապետություններում իշխանության եկած ժողովրդավարական շարժումները,այդ թվում՝ մերձբալթյան շարժումները, չկարողացան հաղթահարել իշխանության փորձությունը եւ 1-2 տարի հետո կորցրին իշխանությունը։ Հայկական ժողովրդավարական շարժումը միակն էր, որը կարողացավ հաղթահարել իշխանության փորձությունը՝ միաժամանակ լուծելով երկրին բաժին ընկած տասնապատիկ ծանր խնդիրները, հարատեւեց ութ տարի։ Դա տվյալ քաղաքական ուժի որակի եւ հասունության ապացույցն է։

4. Հայաստանի իշխանությունը բարձր հեղինակությամբ էր օժտված նաեւ երկրի սահմաններից դուրս։ 1991 թ. օգոստոսին՝ Մոսկվայում ռեակցիոն ուժերի իրականացրած պետական հեղաշրջման օրերին, թերեւս, ամենամեծ վտանգի առաջ էր կանգնած Հայաստանը՝ խորհրդային կենտրոնի «աչքի փուշը»։ Իշխանությունը ոչ միայն կարողացավ բացառիկ ճկունությամբ խուսափել այդ վտանգից, այլեւ ամեն ինչով օժանդակել Ռուսաստանի ժողովրդավար ուժերին՝ ծագած դավադրությունը տապալելու գործում։ Դրանից հետո Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ առանցքային դերակատարություն ունեցավ խորհրդային կենտրոնական իշխանության վերակենդանացմանը միտված փորձերը կանխելու, ԽՍՀՄ անցնցում կազմաքանդումն ապահովելու գործում։ Այդ օրերին նրա ելույթներից մեկի խոսքերը՝«Կենտրոնը մեռած է, Կենտրոնն ինքնասպան եղավ։ Եւ հիմա վերակենդանացնել այդ մեռյալին, նշանակում է վերստեղծել այն աղետի վտանգը, ինչ տեղի ունեցավ»՝ աշխարհի բազմաթիվ առաջատար թերթեր որպես վերնագիր էին օգտագործում տվյալ թեմայով իրենց հրապարակումների համար։

Հայաստանի նախագահը առանցքային դերակատարում ունեցավ նաեւ Ռուսաստանում կոմունիստների իշխանության վերականգնման երկրորդ վտանգը կանխելու գործում 1996 թվականին։ Նրա ձեւակերպած բանաձեւի տակ է, որ դրվեցին ԱՊՀ երկրների խորհրդաժողովի մասնակիցների ստորագրությունները, մի փաստաթուղթ, որը կարեւոր դեր խաղաց նախագահական ընտրություններում Ելցինի հաղթանակն ապահովելու գործում։

5. Նորանկախ Հայաստանի իշխանության քաղաքական օրակարգի առաջին տեղում, բնականաբար, շարունակեց մնալ Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ադրբեջանի դեմ ջոկատային կռիվները շուտով վերածվեցին իրական լայնամասշտաբ պատերազմի, որը պետք է խլեր հազարավոր մարդկային կյանքեր եւ հանրապետության՝ առանց այն էլ սուղ ռեսուրսների առյուծի բաժինը։ Ըստ էության՝ Հայաստանի վրա էր նաեւ Ղարաբաղի տնտեսական, սոցիալական ապահովումը։ Տարածքային, մարդկային, տնտեսական ռեսուրսներով մի քանի անգամ գերազանցող հակառակորդի դեմ պատերազմն ավարտվեց հաղթանակով, 1994 թվականի մայիսի 12-ին հայկական կողմի համար հնարավոր ամենաշահեկան վիճակում կնքվեց զինադադար։

Ադրբեջանի կողմից, ըստ էության՝ օկուպացված Ղարաբաղը ոչ միայն ազատագրվեց, այլեւ նրա շուրջ ստեղծվեց տարածքային լայն ու ապահով անվտանգության գոտի։ Ո՛չ Հայաստանում, ո՛չ Լեռնային Ղարաբաղում 1988-ից ի վեր, երբեւէ ոչ մեկը չէր պատկերացրել եւ չէր երազել նման արդյունք։

Ադրբեջանի նյութական, ռեսուրսային եւ այլ գերազանցությունները հնարավոր եղավ չեզոքացնել ու նրա նկատմամբ հաղթանակ ապահովել մի շարք հանգամանքների շնորհիվ.

Ա) Հակառակորդի նկատմամբ առաջանցիկ տեմպերով անկախ պետականության կառույցների կայացումը, բանդիտիզմի վտանգի ժամանակին կանխումը, ներքին կարգուկանոնի հաստատումը.

Բ) Առաջանցիկ տեմպերով կանոնավոր բանակի ստեղծումը, հնարավոր բոլոր ռեսուրսների համախմբմամբ զինված ուժերի հմուտ կազմակերպումը եւ ղեկավարումը.

Գ) Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակում ջերմ հարաբերությունների ստեղծումը, զենքի եւ զինամթերքի ավելի շուտ ձեռքբերումը.

Դ) Արմատական բարեփոխումների շնորհիվ միջազգային ասպարեզում, որպես ժողովրդավարական երկիր, Հայաստանի հեղինակության ապահովումը.

Ե) Ճկուն եւ արդյունավետ արտաքին քաղաքականությունը, հաղթանակների ձեռքբերման ու դրանց արդյունքների պահպանման դիվանագիտական ապահովումը.

Զ) Ողջ ժողովրդի՝ Շարժման տարիներից եկած ու պահպանվող բարոյահոգեբանական գերազանցությունը հակառակորդի նկատմամբ, բանակում դրանից բխող մարտական ոգին ու զինվորների քաջությունը.

Է) Իշխանության նկատմամբ ժողովրդի չսասանվող հավատը։

Կարծես թե՝ այս ամենը դժվար է ուրիշ մեկին վերագրել, քան, առաջին հերթին, ժամանակի իշխանությանը։

6. Պատերազմ մղող երկրում սովորաբար գործում են պատերազմական օրենքներ. դադարեցվում են ամեն կարգի բարեփոխումները, սահմանափակվում են մարդկանց որոշակի իրավունքներ, ազատություններ եւ այլն։ Նման բաները նախատեսում են անգամ ամենաժողովրդավարական երկրների սահմանադրությունները։ Հայաստանն, իրական պատերազմի մեջ գտնվելով հանդերձ, չէր կարող գնալ այս ճանապարհով։ Պետք է աշխարհին ներկայացվեր, որ պաշտոնապես պատերազմող կողմը Լեռնային Ղարաբաղն է, այլապես Հայաստանը կճանաչվեր ագրեսոր՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով եւ, առաջին հերթին, հենց Ղարաբաղի կորստով։

Պատերազմի տարիներին չսահմանափակվեց ոչ մի ժողովրդավարական նորմ ու մարդու իրավունք։ Անգամ պատերազմի ամենածանր ու պատասխանատու օրերին Ազատության հրապարակն ու Բաղրամյան պողոտան ազատ էին ընդդիմության ամեն կարգի հանրահավաքների ու ցույցերի համար։ Զանազան ընդդիմադիր խմբավորումներ լայնորեն օգտվում էին այդ հնարավորությունից՝ հաճախ դրանով մեծապես վնասելով ռազմաճակատում մեր հաջողություններին։ Մամուլը եւ զանգվածային լրատվության այլ միջոցներ բացարձակ ազատ էին իրենց հրապարակումներում ու հաղորդումներում։ Հենց այդ տարիներին իրականացվեցին հիմնական ժողովրդավարական ու տնտեսական վերափոխումները։ Հենց այդ տարիներին էր, որ միջազգային ասպարեզում Հայաստանի համար օգտագործվում էր «ժողովրդավարության կղզյակ» բնորոշումը։

7. Ռազմաճակատում առարկայացած հաղթանակները, մասնավորապես՝ ազատագրված տարածքների տեսքով, տեսանելի ու շոշափելի են բոլորին։ Ռազմաճակատում հաղթանակները, նաեւ դրանց արդյունքների ամրագրումն ու պահպանումը, սակայն, անհնար են առանց դիվանագիտական նախապատրաստության եւ ապահովման։ Պատերազմը միայն դաշտային ռազմաճակատը չէ։ Իր նշանակությամբ ու կարեւորությամբ նույնպիսի մի ռազմաճակատ է արտաքին հարաբերությունները։ Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընդհանուր ղեկավարությամբ, հարեւանների համեմատությամբ առաջանցիկ տեմպերով, կայացավ հայկական դիվանագիտական դպրոցը եւ կառույցը՝ հընթացս արձանագրելով փայլուն հաջողություններ։

Հասարակությունը դիվանագիտական ճակատում քիչ բան է տեսնում, շատ բաներ մնում են տասնամյակներով փակ փաստաթղթերում, շատ բաներ էլ ընդհանրապես փաստաթղթերի չեն վերածվում։ Առանց դիվանագիտական նախապատրաստության՝ ռազմաճակատում ու պատերազմում չեն կարող լինել հաղթանակներ ու ամրագրվել հաղթանակների արդյունքները։ Ուստիեւ՝ Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակների ու շահեկան վիճակում հրադադարի արձանագրման տակ դրված են դիվանագիտական ճակատում ահռելի աշխատանք, շատերին անհայտ տասնյակ ու հարյուրավոր հաջողություններ ու հաղթանակներ։

Դրանցից այստեղ հիշատակենք ամենակարեւոր, ֆունդամենտալ երկու հաջողություն, որոնք իրենց նշանակությամբ հավասարազոր են ռազմական հաղթանակներին։

Առաջին. ապահովվեց, որ ընթացող պատերազմի մասին միջազգային ամենաբարձր ատյանների փաստաթղթերում չլինեն այնպիսի ձեւակերպումներ, որոնք կարող էին Հայաստանի նկատմամբ սանկցիաների հիմք հանդիսանալ։ Մասնավորապես, 1993 թ.ՄԱԿ-ի 822, 853, 874, 884 բանաձեւերում արձանագրվեց, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմն ընթանում է Ադրբեջանի եւ «տեղական հայկական ուժերի» (որ նշանակում է՝ Ղարաբաղի ուժերի) միջեւ։ Սա նշանակում էր բացառել Հայաստանն ագրեսոր համարելու մեղադրանքը։ Սա կենսականորեն կարեւոր էր Ղարաբաղի ներկայի, ռազմական հաջողություններին չխոչընդոտելու իմաստով։ Սա, ըստ էության, նաեւ կարեւոր հիմք էր ավելի ուշ՝ Լեռնային Ղարաբաղը ոչ թե որպես հակամարտության օբյեկտ, այլ հակամարտություն սուբյեկտ (կողմ) արձանագրելու համար։

Երկրորդ.Լեռնային Ղարաբաղի համար ձեռք բերվեց հակամարտության կողմի միջազգայնորեն ճանաչված մանդատ։ Դա տեղի ունեցավ1994 թվականի Բուդապեշտի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում եւ վերահաստատվեց Պրահայի հաջորդ տարվա գագաթնաժողովում: Դրանով Ղարաբաղը լիարժեք, որպես հավասար կողմ՝ մասնակցում էր հակամարտության գործընթացի կարգավորմանը։ Դա հայկական կողմին նաեւ ճկունության մեծ հնարավորություն էր ընձեռում։ Եւ վերջապես՝ դա, ըստ էության, բացառում էր ինքնորոշման խնդիրը տարածքային վեճի վերածելու ու այդ հիմքի վրա հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ, ինչին ինքնամոռաց ձգտում էր Ադրբեջանը։ Հակամարտության կողմի այդ մանդատը ձեռք էր բերվել հայկական դիվանագիտության քառամյա ամենանուրբ, համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ձեռք էր բերվել՝ հաղթահարելով ոչ միայն Ադրբեջանի համառ դիմադրությունը, այլև միջազգային հանրության հասկանալի չկամությունը(նրա համար տարածքային ամբողջականության հիման վրա որեւէ հակամարտության կարգավորումն ավելի դյուրին է)։Ղարաբաղի՝ միջազգայնորեն ճանաչված մանդատի ձեռքբերումը հակամարտության որեւէ կարգավորման դեպքում անհնար էր դարձնում ինքնորոշման իրավունքի սկզբունքի ստորադասումը տարածքային ամբողջականության սկզբունքին, անշրջանցելի էր դարձնում Ղարաբաղի ինքնորոշման հեռանկարը։ Այսինքն՝ դա կենսականորեն կարեւոր էր Ղարաբաղի ապագայի իմաստով։ Հենց որպես այդպիսին էլ այն Հայաստանի արտաքին քաղաքական հաջողությունների պսակն էր, Ղարաբաղի ապագայի երաշխիքը։ Եռանախագահները կարգավորման որեւէ ծրագիր ներկայացնում էին միաժամանակ երեք կողմերին՝ Հայաստանին, Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղին, որոնցից յուրաքանչյուրը «վետոյի» հավասարազոր իրավունք ուներ։

8. Ինչպես ասվեց, Հայաստանի դիվանագիտությունը Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի անխոցելիությունն ապահովող այս հաջողություններին հասել էր նաեւ հաղթահարելով միջազգային հանրության չկամությունը։ 1996 թ. դեկտեմբերին փորձ արվեց հետ մղել Հայաստանին այդ դիրքերից։ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում, որին մասնակցում էին 54 երկրների ղեկավարներ, ներկայացվեց մի բանաձեւ, որտեղ որպես կարգավորման հիմք՝ միասին նշվում էին ինչպես Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքները միաժամանակ։ Ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների՝ որպես կարգավորման հիմք՝ միատեղ հիշատակման դեպքում նշանակում է՝ առաջինը պետք է տեղավորվի երկրորդի մեջ։ Այլ կերպ անհնար է։ Այսինքն՝ դրանով կանխորոշվում էր Ղարաբաղի կարգավիճակը, նշանակում էր, որ մեկի (Ղարաբաղի) ինքնորոշումը կարող էր լինել մյուսի (Ադրբեջանի) տարածքային ամբողջականության շրջանակներում։

Լեւոն Տեր-Պետրոսյանը, հակադրվելով բոլորին, վստահորեն վետո դրեց ԵԱՀԿ բանաձեւի այդ կետի վրա։

Նման քայլ իրեն կարող էր թույլ տալ երկրի օրինակարգ, անձնապես լիակատար անխոցելի, պետական գործչի մտածելակերպով օժտված, միջազգային ասպարեզում որոշակի կշիռ եւ համարում ունեցող երկրի նախագահը, որը նաեւ խնդիր չուներ նման քայլով հարուցելու անձամբ իր նկատմամբ աշխարհի հզորների դժգոհությունը։

9. Հայաստանի արտաքին քաղաքականության երկրորդ կարեւորագույն խնդիրը բոլոր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալն էր։ Դա կարեւոր է երկրի անվտանգության իմաստով՝ ընդհանրապես, իսկ տվյալ դեպքում առաջնահերթ գործնական նշանակություն ուներ շրջափակման՝ տնտեսության համար կործանարար պայմանների վերացման համար։ Խնդիրը վերաբերում էր, մասնավորապես, Թուրքիային՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության հարցը։

Հարաբերությունների հիմքում դրվեց նման դեպքերի համար միջազգային պրակտիկայում հայտնի «համաձայնություն տարաձայնությունների մասին» բանաձեւը։ Արձանագրվում էր երկու իրողություն. Հայաստանը համարում է, որ 1915 թվականին Թուրքիայում ցեղասպանություն է իրականացվել հայերի դեմ, Թուրքիան համարում է, որ նման բան չի եղել։ Առայժմ լուծման չտրվող այս խնդիրը մի կողմ դնելով՝ երկու պետությունների հարաբերությունները կարգավորվում են։

Այս հիմքի վրա հայ-թուրքական հարաբերությունները հաջողությամբ մոտենում էին վերջնական կարգավորման եզրագծին։ Հայաստանի համար ամենածանր շրջանում Թուրքիան բացեց սահմանը, եւ Հայաստանը նրա ճանապարհներով ցորենի մեծ խմբաքանակ ստացավ։ Կարգավորման գործընթացը կանգ առավ հայկական ուժերի՝ Քարվաճառ մտնելուց հետո։ Եւ այնուամենայնիվ, Թուրքիայի հետ հարաբերությունների վերոհիշյալ բանաձեւը շարունակեց պահպանվել՝ պատերազմի եւ հետագա տարիներին ըստ հնարավորի ապահովելով Թուրքիայի չեզոքությունը։

***

(Ծանոթագրություն.1998 թվականին կատարված պետական հեղաշրջումից հետո տրամագծորեն, 180 աստիճանով փոխվեց Հայաստանի արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը եւ ուղղությունը։ Դրա հիմքում դրվեցին ամբողջ մի տասնամյակ մերժված ավանդական պատկերացումները, հայդատականությունը, պատմական իրավունքի վրա հենված պահանջատիրությունը, իսկ ավելի ճիշտ՝ դրանց խրտվիլակը։ Արդեն հարյուր տարուց ավելի այդ ամենը ծառայել էր որպես ժողովրդի մեջ էժան հեղինակություն ու համարում ձեռք բերելու, անձնական կամ խմբային հարցեր լուծելու, ոչ օրինակարգ իշխանության կամ ազդեցության հաստատման միջոց՝ անհամար փորձանքներ ու արհավիրքներ բերելով նույն այդ ժողովրդին։ Բնականաբար, այն նույնպիսի հետեւանքների պիտի հանգեցներ նաեւ արտաքին քաղաքական վերոհիշյալ երկու հիմնական հարցերում։

Հայ-թուրքական հարաբերություններում. 1998 թ. սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Ռ. Քոչարյանը Ցեղասպանության մասին ելույթով ազդարարեց այդ անցումը։ Այդ պահին հայ հասարակության՝ քաղաքական նրբություններին անտեղյակ շրջանակները, ու մանավանդ՝ Սփյուռքը, բուռն ծափահարություններով ընդունեցին «հերոսական» այդ ելույթը։ Հաջորդ պահին կամ տարիներին, սակայն, նրանք մոռացան, որ այդ ելույթին չհետեւեց խնդիրը որպես այդպիսին ՄԱԿ-ի օրակարգ մտցնելու գործողությունը՝ երկիրը միջազգային ասպարեզում դարձնելով ծիծաղի առարկա։ Եւ այս ելույթի քաղաքական միակ արդյունքը եղավ այն, որ Թուրքիան հիմք ստացավ սեղանին դնելու Ցեղասպանության լինել-չլինելու հարցով «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու առաջարկը։ Ավելի ուշ, արդեն Ս. Սարգսյանը դրա տակ դրեց Հայաստանի ստորագրությունը։ Քաղաքական իմաստով դա այլ բան չէր, քան Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու, ուրանալու խայտառակ փաստ։ 100 տարվա ընթացքում ավելի մեծ վնաս Հայոց ցեղասպանության խնդրին ոչ մեկը չէր տվել։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բուն խնդիրը մտավ վայրիվերումների փուլ եւ դարձավ շատ ավելի անհեռանկար, քան եղել էր երբեւէ։

Լեռնային Ղարաբաղի հարցում. Ռ. Քոչարյանի եւ նրա հաջորդ Սերժ Սարգսյանի օրոք ու նրանց ձեռքով ի չիք դարձան նաեւ Ղարաբաղի հարցում հայկական դիվանագիտության երկու կարեւորագույն ձեռքբերումները։ 1999 թ. նոյեմբերի 19-ին Ռ. Քոչարյանը ստորագրեց ԵԱՀԿ Ստամբուլի խարտիան, որով, ըստ էության, ճանաչվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղյան հակամարտությունը՝ որպես Ադրբեջանի ներքին գործ։

Հաջորդ քայլով Ռ. Քոչարյանը զրկեց Լեռնային Ղարաբաղին հակամարտության կողմի միջազգային մանդատից՝ համարելով, որ ինքը, որպես ծագումով ղարաբաղցի, կարող է կարգավորման գործընթացում ներկայացնել ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը։ Միաժամանակ նա կատարեց, ըստ էության՝ դավաճանական քայլ՝ բանակցությունների սեղանին դնելով Մեղրին Լաչինի հետ փոխանակելու ծրագիրը։ Այս քայլերը, կարծես թե, պայմանավորված էին մեկից ավելի հանգամանքներով, այն է՝ քաղաքական տկարամտության ու գավառամտության դրսեւորում, միջազգային հանրությանը դուր գալու, Հոկտեմբերի 27-ը մարսելու, չունեցած ներքին օրինակարգությունն արտաքին օրինակարգությամբ լրացնելու ձգտում։ Սա նաեւ յուրատեսակ տուրք էր հայդատականության՝ պահանջատիրության գաղափարախոսությանը, ըստ որի՝ Հայաստանը պետք է պահանջի եւ ստանա իր պատմական հողերը, ինչին տրամագծորեն հակադիր էր Ղարաբաղի խնդիրը ինքնորոշման իրավունքի վրա լուծելու գործընթացը։ Բոլոր դեպքերում՝ Ադրբեջանը ստացավ երկու նվեր, որոնց մասին չէր կարող անգամ երազել։ Դրանով լիակատար փոխհատուցվեցին 1991-94թթ. նրա դիվանագիտական ծանր պարտությունները։ Շուտով միջազգային զանազան փաստաթղթերում, պաշտոնյաների հայտարարություններում սկսեցին օգտագործվել «օկուպացված տարածքներ», «գրավյալ տարածքներ», «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» եւ այլ վտանգավոր ձեւակերպումներ։

Վերջապես, որպես այս ամենի հետեւանք՝ ծնվեցին «Մադրիդյան սկզբունքները», որում առանցքային դրույթը հետեւյալն է. հակամարտության կարգավորում՝ Ադրբաջանի տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հիման վրա միաժամանակ։ Հայաստանը, ի դեմս Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի, ոչ միայն համաձայնել են սրան, այլեւ այն տարփողում են որպես Ղարաբաղի հարցում կարեւորագույն ձեռքբերում։ Բայց դա բառացի հենց այն դրույթն էր, որի վրա, չնայած միջազգային հանրության, այդ թվում ՝ ԱՄՆ-ի բուռն ճնշումներին, 1996 թ. վետո էր դրել Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում։ Որովհետեւ, կրկնենք, երկու սկզբունքների համատեղ հիշատակումն այլ բան չի նշանակում, քան Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Որովհետեւ «տարածքային ամբողջականությունը» քարտեզով ամրագրված կոշտ հասկացություն է, «ազգի ինքնորոշումը»՝ առաձգական՝ սկսած մշակութային ինքնավարությունից մինչեւ լիակատար անկախություն։ Հասկանալի է, որ այս երկու սկզբունքների համատեղ հիշատակումը նշանակում է, որ «առաձգականը» պետք է տեղավորվի «կոշտի» մեջ։ Եւ դա՝ անկախ այն բանից, թե ուրիշ էլ ինչ է գրված Մադրիդյան փաստաթղթում։

Այս ամենը, կարծես թե, ավելի բարդ չէ, քան երրորդ դասարանի թվաբանական խնդիրը)։

10. Հաջողությամբ լուծվեց Հայաստանի արտաքին քաղաքական երրորդ կարեւորագույն՝ անվտանգության համակարգի անդամ դառնալու խնդիրը։

1991 թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահ Բ. Ելցինի նախաձեռնությամբ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ուկրաինան ստորագրեցին Բելովեժյան համաձայնագիրը ԽՍՀՄ-ի՝ որպես միջազգային սուբյեկտի գոյության դադարեցման եւ միջազգային համագործակցության նոր սուբյեկտ՝ Անկախ պետությունների համագործակցություն կազմավորելու մասին։

Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջինը Հայաստանի անդամակցության հայտ ներկայացրեց այդ համագործակցությանը։ Հետաքրքիր է, որ նա դրանից դեռ մոտ մեկ տարի առաջ կանխատեսել էր ոչ միայն Խորհրդային Միության այդօրինակ վախճանը, նշել այն սկզբունքները, որոնցով պիտի նրա տեղում կառուցվեր համագործակցության եւ անվտանգության նոր համակարգը, այլեւ, իր բնորոշմամբ՝ ճշգրիտ գտել հետխորհրդային այդ կառույցի անունը. «…Խորհրդային Միության ապագան մենք պատկերացնում ենք հետեւյալ կերպ. միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող անկախ պետությունների համագործակցություն, որտեղ բացառվում է միութենական կառավարության, ընդհանուր Սահմանադրության եւ միասնական օրենսդրության գոյությունը» (տե՛ս՝ «Ընտրանի», էջ 175)։

Հայաստանի անվտանգության իմաստով կարեւորագույն նշանակություն ունեցան 1993 թ. Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերին ռազմաբազայի կարգավիճակ տալը, 1997 թվականին կնքված Հայ-ռուսական մեծ պայմանագիրը, Իրանի եւ Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը։

11. Հայտնի է, որ երկրի հասարակական, տնտեսական կյանքում արմատական վերափոխումների, բարեփոխումների իրականացումը յուրաքանչյուր իշխանության համար ոչ միայն քաղաքական կամք, այլ նաեւ ռիսկ է պահանջում։ Քանզի այդ բարեփոխումները, տվյալ ոլորտում արդեն գործող մեխանիզմների խախտում լինելով, դրական արդյունքներն ի հայտ են բերում ոչ անմիջապես, այլ տարիներ անց, հաճախ՝ հաջորդ իշխանության օրոք։ Իսկ իրականցման շրջանում եւ առաջին տարիներին դրանք, նախ եւ առաջ, անխուսափելի դժվարություններ հարուցող գործոններ են՝ ամենեւին ոչ դրական ազդեցությամբ տվյալ իշխանության հասարակական վարկանիշի վրա։ Ասել է թե՝ լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնող քաղաքական ուժն առաջնորդվում է ոչ թե այդ պահին սեփական վարկանիշի բարելավման եւ իշխանության պահպանման մղումով, այլ պետական մտածողությամբ քաղաքական կամք ու ռիսկ է դրսեւորում՝ ելնելով պետության ու ժողովրդի ապագայի շահերից։

Անկախ Հայաստանի առաջին ժողովրդավար իշխանությունը 1990 թվականից ի վեր երկրում, նորանկախ այլ հանրապետությունների համեմատությամբ՝ առաջանցիկ տեմպերով, իրականացրեց ամենաարմատական վերափոխումներ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ ելնելով Անկախության հռչակագրի դրույթներից։ Հաստատվեց բազմակուսակցական համակարգ։ Դեռ 1990 թ. նոյեմբերին ապագաղափարախոսականացվեց եւ ապաքաղաքականացվեց երկրի հասարակական կյանքը՝ կուսակցությունների գործունեության համար սահմանելով միայն տարածքային սկզբունքը։ Առանձին օրենքներով եւ որոշումներով ապահովվեց մարդու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքների եւ ազատությունների լիակատար գործողությունը։ Լեզվի մասին օրենքով ապահովվեց հայոց լեզվի գործառությունը որպես պետական լեզու՝ ինչպես կրթության, այնպես էլ գործավարության մեջ։ Անհատույց սեփականաշնորհվեց հողը եւ պետական բնակարանային ողջ ֆոնդը։ Մանր եւ միջին ձեռնարկություններից սկսվեց սպասարկման եւ արտադրական ձեռնարկությունների սեփականաշնորհումը։ Ազատականացվեց շուկան, հաստատվեց մրցակցային սկզբունքը։ Սկսվեցին սպասարկման եւ արտադրական օբյեկտների սեփականաշնորհման, շուկայի ազատականացման ծանրագույն բարեփոխումները։

Հասարակական ու մանավանդ տնտեսական կյանքում իրականացված բարեփոխումների ընթացքի եւ արդյունքների մասին օբյեկտիվ գնահատականները պետք է փնտրել ոչ թե ժամանակի դեղին մամուլում, այլ բարձրակարգ մասնագիտական վերլուծություններում ու հետազոտություններում, միջազգային ֆինանսական կառույցների տված գնահատականներում։ Իսկ դրանցում տրված են միմիայն դրական, խրախուսական գնահատականներ։ Այլ բան է, որ 1998 թվականից հետո, Հայաստանում հաստատված բոլորովին այլ համակարգի պայմաններում, այս բարեփոխումներն ու դրանց բնականոն ընթացքը խեղվեցին ու խեղաթյուրվեցին։

12. Յուրաքանչյուր ժողովրդի համար կարեւոր նշանակություն ունեն տարբեր առարկայական գործոններ՝ տարածքը, ժողովրդագրությունը (թվաքանակը), ռեսուրսները, աշխարհագրական դիրքը եւ այլն։ Բայց ոչ պակաս, երբեմն՝ հենց առաջնային նշանակություն է ձեռք բերում սուբյեկտիվ՝ ժողովրդի բարոյա-հոգեբանական գործոնը։ Հանգամանքների բերմամբ պատմության շատ տեւական մի շրջան հայ ժողովրդի մեջ ձեւավորվել էին բարդույթներ, որոնք նրա զարգացման ու առաջընթացի համար միայն կաշկանդիչ, խոչընդոտող դեր կարող էին խաղալ։ Դրանք, մի կողմից՝ առաջացել էին դարավոր անազատության մեջ գտնվելու վիճակից, մյուս կողմից՝ հենց այդ վիճակի ներգործությամբ ստեղծված պատմագրական, գրական, պատմագիտական գրականության ազդեցությամբ։ Այս ամենի անհերքելի ապացույցն է, ասենք՝ Փոքր Մհերին ժայռում փակելը, օտար լծից ազատվելու համար «Ֆռանկ թագավորին» սպասելը, «ռուսի ոտքը մեր աշխարհը մտնելու սհաթն օրհնելը», մեր առաջին հիմնի համար ընտրված՝ «Մեր հայրենիք, թշվառ, անտեր» խոսքերը, «մի խուլ Աստծու դատաստանի» սպասելը  եւ այլն։ Մյուս կողմից, որպես այդ բարդույթների բնազդական-ինքնապաշտպանական հակազդեցություն, պատմության ինչ-ինչ դրվագների խիստ չափազանցմամբ կամ անհատների գերհերոսականացմամբ ի հայտ էր գալիս քաղաքական իմաստով նույնքան վտանգավոր՝ ազգային սնապարծությունը։ Լրջագույն քաղաքական խնդիրներ լուծելու համար ազգային հոգեբանությունից անհրաժեշտ էր բացառել թե՛ մեկը, թե՛ մյուսը։

Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման երկուսուկես տարիները`նման խնդիր լուծելու համար պատմականորեն չափազանց կարճ մի շրջան, էականորեն ջարդեցին հայ ժողովրդի մեջ ազգային հատկանիշի վերածված դարավոր բարդույթները, ազգային մտածողության իռացիոնալիզմը։ Յուրաքանչյուր հզոր հանրահավաք, փոքր ու մեծ յուրաքանչյուր նվաճում քայլ առ քայլ հայ մարդու մեջ նոր հոգեբանություն ու մտածողություն էր ներարկում, ազգային ինքնության ու մտածողության նոր որակներ։ Ինքնանվաստացման բարդույթների ու մտածողության իռացիոնալիզմի վերացման այս գործընթացը նույն ինտենսիվությամբ շարունակվեց նաեւ Շարժման հաղթանակից հետո, նրա ձեւավորած իշխանության տարիներին։

Այսօրվա հասարակության դեռ կեսից ավելին այն սերունդն է, որը շատ լավ է հիշում այն զգացողությունները, որ ունենում էր՝ լսելով «Շուշիի ազատագրման», «Լաչինի բացման», «Աղդամի գրավման», տասնյակ այլ հաղթանակների լուրերը։ Պատմության շատ-շատ հեռավոր էջերում վերջին անգամ հայկական բանակների համար օգտագործված «հաղթանակ», «ազատագրել» բառերը առաջացնում էին զգացումներ, որ չէին ունեցել նրա նախորդ տասնյակ սերունդներ։ Եւ նա պատրաստակամ գնում էր հնարավոր ամեն կարգի զոհողությունների՝ այդ հաղթանակների անմիջական կամ միջնորդավորված մասնակիցը լինելու, դրանցում ներդրում ունեցած լինելու հպարտության զգացում ապրելու համար։ Այսօրվա հասարակության դեռ կեսից ավելին կազմող սերունդն ամբողջությամբ ունեցավ այդ ներդրումը՝ անմռունչ ու գլուխը բարձր կրելով պատերազմի տարիների բոլոր դժվարությունները։

1988-ից ի վեր, ընդամենը մի տասնամյակ՝ պատմականորեն չափազանց կարճ մի շրջան, հայ ժողովրդի մեջ դարերով ամրացած նվաստալի բարդույթներին փոխարինելու եկան ինքնավստահությունը, սեփական ուժերին ապավինելու ու վստահելու մտածողությունը, ազգային արժանապատվության բոլորովին այլ մի զգացում, արժեքային բոլորովին այլ մի համակարգ՝ ամենաբարձր աստիճանում դնելով Ազատությունը՝ ոչ թե որպես տեսական գաղափար, այլ արդեն ձեռքբերված գերագույն արժեք։

13. Հայ իրականության մեջ առաջին անգամ ոչ թե դրսում կամ դրսի ազդեցությամբ, այլ Հայաստանում եւ լիակատար ինքնուրույն ստեղծվեց պատմության մեջ հետագիծ թողած քաղաքական մի ուժ՝ ի դեմս «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի» եւ նրա նախաձեռնած «Հայոց համազգային շարժման»։

Հայ իրականության մեջ առաջին անգամ ոչ թե արտասահմանում, այլ Հայաստանում կազմվեց ազգային ազատագրման տանող եւ անկախ պետականության ստեղծման՝ գործողության մեջ դրված քաղաքական մի ծրագիր՝ ի դեմս Հայոց համազգային շարժման ծրագրի։

Եւ հայ իրականության մեջ առաջին անգամ այդօրինակ քաղաքական մի ծրագիր իրականություն դարձավ իր բոլոր կետերով։

Սրանք անհերքելի ու պատմության մեջ պարտադիր արձանագրելի փաստեր են։

Յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ իշխանություն գնահատվում է իր գործունեության որոշակի շրջանում գրանցած քաղաքական արդյունքներով, աշխարհում այլ չափանիշ չկա։ Արդ, սակավագույն ռեսուրսների եւ ծանրագույն իրավիճակի պայմաններում, աննախադեպ համաժողովրդական համախմբմամբ ու քաղաքական հմտությունների գործադրմամբ, 1988-1998թթ. գրանցվեցին արդյունքներ, որոնց համարժեքը դժվար է գտնել հետխորհրդային որեւէ հանրապետությունում։

Դրա համարժեքը դժվար է գտնել Հայոց պատմության վերջին հազարամյակի պատմության որեւէ տասնամյակում։ Դրա համար պետք է ճանապարհորդել պատմության խորքերը։

Հայոց համազգային շարժումն իր դասական քաղաքական որակներով, կայացվածությամբ եւ գործելակերպով շեշտակի առանձնացավ Հայաստանի քաղաքական դաշտի մյուս բոլոր հին ու նոր միավորներից։ Տասնյակ օրինակներից հիշենք միայն ամենահայտնին. 1998 թ. փետրվարի 3-ին քաղաքական այս ուժի առաջնորդ, Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց ոչ թե ընդդիմության ճնշմանը կամ ժողովրդի դժգոհությանը տեղի տալով։ Նա հրաժարական տվեց մաքուր քաղաքական հիմքի վրա՝ երբ Հայաստանի քաղաքական օրակարգի ամենակարեւոր՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրա ծրագիրը հավանության չարժանացավ առանցքային պաշտոններ զբաղեցնող մի քանի անհատների՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության եւ Հայաստանի ուժային կառույցների ղեկավար՝ նրա թիմակիցների կողմից։ Իշխանությունից այս կերպ, զուտ քաղաքական հիմքի վրա հեռանալը հատուկ է պետականության եւ քաղաքական կյանքի դարավոր ավանդույթներ ունեցող երկրներին։

Իշխող ուժի կայացածության ու դասական քաղաքական բնութագրի մասին է խոսում նաեւ այդ հրաժարականին հետեւած երկու փաստ։

Երկրի Նախագահի հետ հրաժարական տվեցին նրա քաղաքական թիմակից տասնյակ հանգուցային պաշտոնյաներ. Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը, փոխնախագահներ Արա Սահակյանը եւ Կարապետ Ռուբինյանը, խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահներ Սամվել Գեւորգյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Տեր-Հուսիկ Լազարյանը, Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը, Տարածքային կառավարման նախարար Գալուստ Գամազյանը, Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը, Արմավիրի մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը, «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Փափազյանը, Հանրապետության նախագահի խորհրդականներ Վահագն Խաչատրյանը, Նիկոլ Շահգալդյանը, Կարեն Շահինյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանը, մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանը, կադրերի բաժնի վարիչ Ժոզեֆ Ավետիսյանը, Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արշակ Բանուչյանը,Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Աշոտ Անտինյանը, «Ռեսպուբլիկա Արմենիա» պաշտոնաթերթի խմբագիր Արմեն Խանբաբյանը, Երեւանի քաղաքապետարանի բարձրաստիճան աշխատակիցներ Սամսոն Ղազարյանը եւ Վարդան Հարությունյանը։

Ընդ որում՝ նրանց բոլորին առաջարկվեց, շատերին խնդրեցին  շարունակել իրենց պաշտոնավարումը։

Ազգային ժողովում Հայոց համազգային շարժման գլխավորած 115 հոգանոց «Հանրապետություն» խմբակցությունից (վեց կուսակցությունների դաշինք, նաեւ անկուսակցականներ), դուրս եկավ եւ նոր կազմավորվող իշխանական խմբակցություն տեղափոխվեց մեծագույն մասը, եւ դուրս չեկավ Հայոց համազգային շարժման անդամ 45 պատգամավորներից եւ ոչ մեկը։

Այս ամենը վայել է ու բնութագրում է կայացած քաղաքական ուժին։

Համեմատության եզր կա՞ հայ իրականության մեջ եղած եւ առկա որեւէ այլ քաղաքական ուժի հետ։

Քանի՞ մարդ կհետեւեր Ռ. Քոչարյանին կամ Ս. Սարգսյանին նման դեպքում։

***

Բնական հարց կառաջանա. իսկ այդ ընթացքում (1988-1998թթ.) չե՞ն եղել սխալներ, չե՞ն եղել թերացումներ, բաց թողնված շանսեր,«ստվերոտ կողմեր», իշխանության որեւէ օղակում պաշտոնեական դիրքի չարաշահումներ եւ այլն։

Անշուշտ՝ եղել են, ինչից անհնար է, որ խուսափի հատկապես նորանկախ որեւէ երկրի իշխանություն ամենախառնակ ժամանակներում։ Ճիշտ այնպես, ինչպես ամեն մի շինարարությունից, այնպես էլ պետության կառուցումից գոյանում է երկու բան՝ կառույցը եւ շինարարական աղբը։ Կառույցը մնում է, օգտագործվում, հիշվում, գնահատվում, դառնում պատմական փաստ, աղբը հեռացվում է ու մոռացվում։ Ոչ թե հակառակը։

(շարունակելի)

Աշոտ Սարգսյան

Հուլիսի 12

2018

Նախորդ հոդվածըՖրանսիան Լուկաշենկոյի ազգականներին մեղադրում է անօրինական ներգաղթ կազմակերպելու համար
Հաջորդ հոդվածըԲելառուս․ Ուժայինները մարդկանց նվաստացնելով՝ ստիպում են ներողություն խնդրել տեսախցիկի առաջ