‘Հայաստանի ՍԴ-ին շտապ 62 մլն դրամ արժողությամբ նոր պատուհաններ են հարկավոր և 2 ավտոմեքենա’

881

Հայաստանի Սահմանադրական դատարանին շտապ 62,2 մլն դրամ արժողությամբ նոր պատուհաններ են հարկավոր: Այդ մասին հայտարարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը 2014 թվականի բյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական քննարկումների ընթացքում:

Նրա ասելով, 2014 թվականին հենց այդքան գումար է կպահանջվի ՍԴ շենքի պատուհանների փոխարինման և վերանորոգման համար: Ի դեպ, այն բանից հետո, երբ այդ հարցը դահլիճում բուռն քննարկումների պատճառ է դարձել, Հակոբյանն, ի պատասխան պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի` համապատասխան բացատրություն տալու պահանջների, չգիտես ինչու, լռել է: Այն բանից հետո, երբ Հարությունյանը բացատրություն է պահանջել ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից, վերջինս, ընդհանրապես, հայտարարել է, թե այդ նախաձեռնության նախահաշիվների մասին անձամբ իրեն ոչինչ հայտնի չէ, քանի որ դրանք Ֆինանսների նախարարություն չեն ներկայացվել: Դրանից հետո վրդովվել է արդեն Հակոբյանը, հայտարարելով, թե ՍԴ հարցման հիմնավորումն արդեն վաղուց ներկայացվել է Ֆինանսների նախարարություն, և մնում է լուծել միայն պատուհանների մեկուսացման հարցը: Նրա ասելով, ՍԴ նիստերի եռահարկ դահլիճի պատուհաններն անմխիթար վիճակում են, և վաղուց ժամանակն է զբաղվել դրանցով: Ինչից հետո Հակոբյանը լրացուցիչ պահանջել է ևս երկու ծառայողական ավտոմեքենա ՍԴ համար:

Ավելացնենք, որ միայն ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի բնակչության շուրջ 32 տոկոսը կամ շուրջ միլիոն մարդ ապրում է աղքատության նշագծից ցածր, ընդ որում այդ ցուցանիշը տարեցտարի աճում է:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի դեսպանը խոսել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հավանականության մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Ինձագին կարող է փոխարինել Ալեգրիին «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում’