‘Հայաստանի տարածքում 50 նոր արագաչափ սարքեր, իսկ Երեւանում` 30 տեսախցիկներ կտեղադվեն’

2164

Հանրապետության տարածքում այս տարվա ընթացքում կտեղադրվի 50 արագաչափ սարք, իսկ Երևան քաղաքում` 30 տեսախցիկ: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման, վերլուծության բաժնի տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, փոխգնդապետ Արմեն Սարգսյանը, արագաչափերն ու տեսախցիկները կտեղադրվեն առավել վտանգավոր և գերհագեցած մայրուղիներում, ավտոճանապարհներին և խաչմերուկներում: «Ճանապարհային ոստիկանությունը դեռևս չի որոշել, թե երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը  կոնկրետ որտեղ կտեղադրվեն: Շուտով կգործարկվի նաև Արմավիրի մարզում տեղադրված, բայց դեռևս չշահագործված արագաչափը, ինչի մասին կհայտարարենք»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նախորդ տարվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում տեղադրվել է 65 արագաչափ սարք, իսկ Երևանում` 50 տեսախցիկ: Արագաչափերը հիմնականում տեղադրվել են Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում:

Սկզբնական շրջանում տեսախցիկները տեղակայվել են Աբովյան-Կորյուն, Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծ, Խանջյան-Սայաթ Նովա, Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում: Արագաչափ սարքերը տեղակայվել են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան, Լենինգրադյան փողոցներում և Սևան-Երևան ավտոճանապարհին (Երևան մուտք գործող ուղղության վրա): Հետագայում արագաչափ սարքերի ու տեսախցիկների թիվը գնալով ավելացավ:

Երևան քաղաքում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվել են 2012 թ. հունվարի 16-ից: Դրանց նպատակը երթևեկությունը բանուկ փողոցներում ու խաչմերուկներում կարգավորելն ու վտանգը կանխելն է:

Նախորդ հոդվածը‘Յուրի Կրասնոժան. Այդպես էլ չհասկացա իմ պաշտոնանկության պատճառները’
Հաջորդ հոդվածը‘Որակազրկված դատավորը հաղթել է Ուկրաինայի դեմ հարուցված դատական գործը’