‘«Հայաստանի փոքր բիզնեսը կգրանցվի «Կարմիր գրքում»»’

1302

Հայաստանի շուկան դեռ երբեք չէր եղել նման ծանր վիճակում: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարել է փոքր ձեռներեցությամբ զբաղվողների միության նախագահ Ստեփան Ասլանյանը: 

Ասլանյանի կարծիքով, փոքր բիզնեսի ոլորտում իրավիճակի վատթարացման գլխավոր գործոններից է քաղաքի կենտրոնում մեծ սուպերմարկետների բացումը, ինչը բացասականորեն անդրադարձավ ոչ մեծ խանութների գործունեության վրա: Ըստ տվյալների, միայն վերջին 2 տարիներին հանրապետությունում փակվել է ավելի քան 10 հազար խանութ: Հաջորդ գործոնը, նշել է Ասլանյանը, դրամի արժեզրկումն է:

Ըստ Ասլանյանի, կառավարությունը հստակ քայլեր չի ձեռնարկում փոքր բիզնեսի զարգացման ուղղությամբ, ծանրաբեռնելով նրանց ծանր հարկերով:

ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում Ասլանյանը նշել է, որ փոքր բիզնեսում շրջանառությունից հավաքագրված հարկերը կազմում են ՀՀ հարկային բյուջեի ընդամենը 1%-ը, և այդ ցուցանիշը տարեցտարի մոտենում է զրոյին: Ասլանյանի կարծիքով, նման ոչ մեծ թվերի պարագայում պետությունը պետք է փոքր ձեռնարկություններին տրամադրի հարկումից ազատելու ժամանակավոր իրավունք: Եթե այսպես շարունակվի, Հայաստանի փոքր բիզնեսը կգրանցվի «Կարմիր գրքում», կարծում է Ասլանյանը:

 «Ներկայումս ողջ հասարակությունը, ինչպես ձեռներեցները, այնպես էլ սովորական քաղաքացիները, գտնվում են շփոթության մեջ»,-հայտարարել է Ասլանյանը, հավելելով, որ հաջորդ տարվա հունվարից փոքր ձեռներեցությամբ զբաղվողների միությունն առավելագույնս կուժեղացնի իր ակտիվությունը երկրի փոքր բիզնեսը փրկելու ուղղությամբ ակցիաների անցկացումով:

Նախորդ հոդվածը‘Ահմեթ Թյուրք. Ասորիները, հայերն ու եզդիները «Քուրդիստանի» իրական տերերն են’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ-ն 4 մլն դոլարը վաճառել է 570.58 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով’