‘ Հայաստանի քաղաքացիները Շվեյցարիայի վիզա կարող են ստանալ Լեհաստանի դեսպանատանը’

1241

Հայաստանի քաղաքացիները Շվեյցարիայի վիզա կարող են ստանալ Լեհաստանի դեսպանատանը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Հայաստանում Լեհաստանի դեսպանության մամուլի ծառայությունից,  2014 թվականի մարտի 1-ից դեսպանությունը ստանձնում է Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին Շվեյցարիայի Համադաշնության մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը: Գործառույթը վերաբերում է միայն Շենգեն` C տեսակի արտոնագրերին, որոնք թույլ են տալիս 180 օրվա ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով գտնվել Շենգեն գոտում: Այս կերպ ՀՀ քաղաքացիների համար վերանում է Թբիլիսիում Շվեյացրիայի դեսպանություն դիմելու անհրաժեշտությունը, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն էր առաջացնում դիմումատուների համար: Բացառություն են կազմում ազգային` D տեսակի արտոնագրերը:

Վիզաների հարցերում փոխադարձ ներկայացուցչության վերաբերյալ Լեհաստանի և Շվեյցարիայի միջև համապատասխան պայմանագիրը 2014թ-ի հունվարի 27-ին ստորագրել են Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին և Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը:

Նախորդ հոդվածը‘Լուսային և ձայնային ազդանշաններն անհարկի օգտագործող վարորդները այսուհետեւ կտուգանվեն’
Հաջորդ հոդվածը‘Վանաձորի ավագանու անդամը՝ գործընկերներին. Մասնակցե՛ք հանրահավաքին (տեսանյութ)’