‘Հայաստանի և Արցախի սահմաններում իրավիճակը վերահսկելի է. Սեյրան Օհանյան’

865

Հայաստանի և Արցախի սահմաններում իրավիճակը վերահսկելի է, և ժողովրդի մոտ որևէ մտահոգություն չպետք է լինի, որովհետև մեր զինվորականները պատշաճ կերպով կատարում են իրենց խնդիրը: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ներկայացնելով վերջին օրերին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: «Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն գործողությունների անհաջող փորձից հետո, երբ հակառակորդն Արմեն Հովհաննիսյանի հմուտ գործողությունների շնորհիվ կրեց զոհեր և վիրավորներ, Ադրբեջանի դիրքերում որոշակի լարվածություն կա` արտահայտված կրակոցներով և որոշակի խուճապահար գործողություններով, որովհետև մտահոգություն կա, որ մենք պատասխան կտանք»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ` ասել է Օհանյանը:  

Նախարարը միաժամանակ հիշեցրել է, որ հայկական կողմն անկանոն կրակոցներին չի  պատասխանում, պատասխանում է միայն նպատակային և դիպուկարահարների կրակոցներին:

Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես համայնքները հունվարի 22-ի գիշերը` 20:30-23.00-ի սահմաններում, եղել են ադրբեջանական կրակահերթի տակ, որն աննախադեպ էր մեծ ծավալի առումով: Հրադադարի ռեժիմը խախտվել է 300 անգամ, ինչը գերազանցում է նախորդ երկու օրերի խախտումների քանակը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի կառավարությունը հաստատել է ՄՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզի գործողությունների ժամանակացույցը ‘
Հաջորդ հոդվածը‘Նոր տարին՝ նոր փոփոխություններով’