‘Հայաստանի 2012 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Արսեն Ջուլֆալակյանը’

1076

Հայաստանի 2012 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Արսեն Ջուլֆալակյանը:

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան ամփոփում է անցնող մարզական տարին: Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը 294 միավորով ճանաչվել է ընթացիկ տարվա լավագույն մարզիկ: Երկրորդ տեղում կրկին հունահռոմեկան ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն է, իսկ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը եզրափակում է լավագույն եռյակը 226 միավորով:

Տասնյակում ընդգրկված են նաև շախմատի օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանը (203 միավոր), հրաձիգ Երջանիկ Ավետիսյանը (131 միավոր), ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը (97 միավոր), միջազգային կարգի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը (95 միավոր), մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը (74 միավոր), թեքվոնդիստ Արման Երեմյանը (68 միավոր), իսկ տասնյակը եզրափակում սամբիստ Վաչիկ Վարդանյանը (64 միավոր):

Արսեն Ջուլֆալակյանը ծնվել է Գյումրիում, 1987 թվականին: Աշխարհի և օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանի որդին է: Հոր ղեկավարությամբ 1998 թվականից սկսել է զբաղվել ըմբշամարտով: 2001, 2003, 2004թթ. դարձել է Հայաստանի պատանեկան չեմպիոն: 2002թ. պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի պատանեկան առաջնության կրկնակի մեդալակիր (2003, 2004թթ): 2004թ. ճանաչվել է Եվրոպայի լավագույն պատանի մարզիկ: Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե (2005) և արծաթե (2006) մեդալակիր: 2007թ. աշխարհի պատանեկան առաջնության հաղթող:

Հիշեցնենք, որ այսօր հայտնի լրագրող Արմեն Նիկողոսյանը, որը վարում է նաև «Հայկական ժամանակի» մարզական էջը, բաց նամակով կոչ է արել քաղաքական ու մարզական իշխանություններին, մարզական լրագրողներին` չնսեմացնել մեր մարզիկների նվաճումները, չդասակարգել դրանք:

«Հայաստանի նման փոքր երկրի համար մեր մարզիկների նվաճած բոլոր մեդալները թանկ են… Կոչ եմ անում` հետևել մի շարք երկրների օրինակին ու հրապարակել «Տարվա 10 լավագոիյն մարզիկների» ցանկը, առանց համարակալելու ու հորիզոնականներ սահմանելու»,- գրել է Նիկողոսյանը:

Նախորդ հոդվածը‘Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմը կաշխատի նաև տոնական օրերին’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական ռեկտորը տարին տարվա վրա կատարելագործում է իր՝ կաշառք վերցնելու մեխանիզմները’