‘Հայաստանյան քաղաքականության բորխեսյան դիալեկտիկան’

3954

Կորած մետաղադրամների նույնությունն ու տարբերությունը

Հետևելով Հայաստանում քաղաքական խոսքին՝ դժվար չէ նկատել, որ այն արտաբերող քաղաքական գործիչների ու վերլուծաբանների մի զգալի մասի համար յուրաքանչյուր առանձին վերցրած տեքստ կապ չունի իր իսկ արտաբերած նախորդ տեքստ(եր)ի հետ. ամեն հաջորդ տեքստ սովորաբար հնչում է վակուումում՝ ասես իբրև հենց նոր ասպարեզ իջած անձի տեսակետ, որը չունի պատմություն և դուրս է ժամանակային չափումից:

Գրեթե համատարած այդ երևույթը բացատրելու համար կօգտվեմ Բորխեսի «Tlön, Ucbar, Orbis Tertius» պատմվածքում նկարագրված աշխարհի՝ Tlön-ի փիլիսոփայությունից: Դրա առանձնահատկությունն այն է, որ նրանում բացակայում է դեպքերի և իրերի պատճառահետևանքային կապերի ընկալումը, ինչն անհնար է դարձնում որևէ գիտության գոյությունը, քանի որ «մի դեպքի բացատրությունը (կամ սահմանումը) նշանակում է այն կապել այլ դեպքերի հետ. Tlön-ում այդ կապը սուբյեկտի հաջորդ վիճակն է և չի կարող ազդել կամ լուսաբանել նախորդ դրությունը»:

Իրերի՝ ժամանակային առանցքի մեջ գոյության ու նույնականության ընկալումը հեշտացնելու համար Տլյոնի աղանդապետերից մեկը հորինել էր պղնձե ինը դրամների սոփեստությունը.

«Երեքշաբթի օրը X-ը անցնում է ամայի մի ճանապարհով և կորցնում է պղնձե ինը դրամները: Հինգշաբթի օրը Y-ը ճանապարհին գտնում է չորեքշաբթի օրվա անձրևից մի քիչ ժանգոտած չորս դրամներ: Ուրբաթ օրը Z-ը ճանապարհին գտնում է երեք հատը: Ուրբաթ առավոտյան X-ը իր տան միջանցքում գտնում է երկու հատ» [1]:

Սրանով աղանդապետը փորձում էր բացատրել գտնված ինը դրամների գոյության ան-ընդհատությունը և նույնությունը:

Սակայն «Tlön-ի լեզուն դժվարությամբ բանաձևեց այդ պարադոքսը, շատերը չհասկացան: Չափավորության կողմնակիցները … պնդեցին, որ դա … ամեն մի տրամաբանության համար անընդունելի և օտար՝ «գտնել» ու «կորցնել» բայերով կազմված բառային մի կեղծիք է, որը հենց սկզբից ենթադրում է ինն առաջին և վերջին դրամների նույնությունը»:

Բանն այն է, որ «մի բան է նույնությունը, մեկ այլ բան՝ հավասարությունը»: Սոփեստության քննադատները փաստեցին, որ աղանդապետը դրանում «երբեմն ժխտում է բազմազանությունը, իսկ մեկ-մեկ էլ՝ հաստատում այն»: Այսինքն՝ «եթե հավասարությունը պարունակում է նույնությունը, ապա պետք է ընդունենք, որ ինը պղնձադրամները մեկ հատ են»:

Այլ կերպ ասած՝ եթե երեքշաբթի «կորած» և հինգշաբթի «գտնված» մետաղադրամները նույնն են, ապա հետևողական լինելու դեպքում պիտի ենթադրենք նաև, որ ինը մետաղադրամներն էլ մեկ եզակի մետաղադրամ են, իսկ քանի որ ակհայտ է, որ դրանք բազմաքանակ են, ուստի «կորած» և «գտնված» մետաղադրամները նույնպես միևնույնը չեն:

Հենց այս փիլիսոփայությունն է, որ մեծամասամբ ընկած է հայաստանյան քաղաքական խոսքի հիմքում, և որի  կանոնները գործում են հետևյալ կերպ:

 

  1. Տարածականը ժամանակայինի փոխարեն

 

Միևնույն մարդու արտաբերած ամեն առանձին տեքստ չունի անցյալ, չունի հետագիծ և չունի կապ նրա նախորդ տեքստերի հետ, քանի որ հայաստանյան Տլյոնում տեքստը «սուբյեկտի հաջորդ վիճակն է և չի կարող ազդել կամ լուսաբանել նախորդ դրությունը»: Ավելին՝ տեքստը չի կարող դիտարկվել նախորդ տեքստերի հետ կապի մեջ, պարունակել դրանց հղում և ամենակարևորը՝ փոխակերպումների բացատրություն, քանի որ այն արտաբերող սուբյեկտը չի պատկանում շարունակականությանը. ժամանակային առանցքն այս առումով գործում է ոչ թե որպես անցյալից-ներկա կապի՝ իրերի ան-դադար-ության թել, այլ փոխակերպվում է տարածական ուղղի (գծի), որի վրա սուբյեկտի «կետային» տեղադրությունների անվերջ քանակությունը վերածվում է տարածական դիրքավորումների բազմության, ուստի անհնար է դառնում պնդել, թե այդ բազմությունը պատկանում է միևնույն սուբյեկտին, քանի որ միևնույն սուբյեկտը չի կարող տարածության բազմաթիվ կետերում գտնվել:

Վերոբերյալի տրամաբանական դրսևորումն այն է լինում, որ տեքստը զուրկ է դառնում բացատրությունից, քանի որ եթե այն գոյություն ունի «վակուումում», ապա ինքնաբավ է և չի կարող «անհիմն» կապի մեջ դրվել այլ (նախկին) տեքստերի հետ [2]:

 

2008թ. փետրվարի 21

Հնարավոր է՝ նախագահի ընտրությունները առանց բացերի չեն անցել, հնարավոր է՝ եղել են ինչ-ինչ խախտումներ: Բայց դրա համար կա դատարան: Նա՛ պետք է որոշի և պատժի խախտողներին: Հանրահավաքները, բողոքի ցույցերը, փողոցային երթերը նման հարցերի լուծման լավագույն միջոցը չեն (!):

 

2012թ. հունվարի 10

Ընտրությունները չեն լուծում ավտորիտար համակարգի վերացման խնդիրը, քանի որ դրանց արդյունքում հին ավտորիտար ղեկավարությունը կարող է փոխարինվել նորով:

2012թ. մայիսի 16

Վախի մեջ ապրող հասարակությունը չի կարող ազատ լինել: Ըստ ձեզ՝ վախեցած մարդիկ կարո՞ղ են ընտրել մեկին, բացի Սերժ Սարգսյանից:

2013թ. մարտի 2

Ամբողջ հայությունը նայում է այս հրապարակին, սպասում է՝ արդյոք ունե՞նք այն կամքը, որ կարողանանք հաղթանակն ավարտին հասցնել: Այո, մենք … ունենք այդ կամքը, բոլորս դառնում ենք մի բռունցք, և այդ բռունցքը ջարդում է քրեաօլիգարխիկ համակարգի ողնաշարը (ելույթ հանրահավաքից — Գ.Ղ.):

 

  1. Աֆորիզմն ընդդեմ սիլլոգիզմի

 

Տեքստերը ոչ միայն չի կարելի կապել սուբյեկտի նախորդ դրսևորումների հետ, այլև տեքստերում արծարծվող խնդիրները չի կարելի կապել միևնույն տիրույթում գտնվող այլ խնդիրների հետ՝ հաստատելու համար ժամանակի մեջ հաջորդական փաստերի միջև որևէ պատճառահետևանքային կապ:

Ոչ-տլյոնյան՝ «սովորական» փիլիսոփայության և գիտության մեջ նույնպես փաստերի հաջորդականությունը պատճառականության բավարարար ցուցիչ չէ, սակայն տլյոնյան փիլիսոփայության մեջ այն ժխտված է հիմնովին, ինչով էլ բացառված է որևէ գիտության գոյությունը, որի առաջնահերթ խնդիրը՝ դեպքերի բացատրությունը կամ սահմանումը, կատարվում է դեպքերը միմյանց հետ կապակցելով:

Այս կանոնի գործադրմամբ էլ հայաստանյան քաղաքական Տլյոնի տեքստերը զրկվում են պատճառահետևանքային կապերից, փաստարկումներից ու հիմնավորումներից, ինչի արդյունքում ստանում են աֆորիզմային բնույթ՝ ի տարբերություն սիլլոգիզմի:

«Սիլլոգիզմը խոսք է, որում եթե որևէ բան ենթադրվել է, ապա դրանից անհրաժեշտաբար բխում է մեկ այլ բան՝ այն հիմքով, որ ենթադրվածը գոյություն ունի» (Արիստոտել): Այսինքն սիլլոգիստական միտքն անհրաժեշտաբար պահանջում է դատողությունների կապ՝ ապացուցողական հիմքով:

Մինչդեռ աֆորիզմային մտքերի բնութագրականն այն է, որ դրանք զուրկ են համատեքստից, «անցյալից» [3], չեն պահանջում հիմնավորում կամ ապացույց և բավարարվում են նկարագրական ու մետաֆորիկ դարձվածքներով՝ կրելով որոշակի հուզականություն և ապավինելով ինքնըստինքյան հասկանալի «իմաստնություններին»: Աֆորիզմի առաջացրած հիմնական պատկերն է. մարդն ընթերցում է աֆորիստիկ տեքստը և խոհուն հայացքով տմբտմբացնում գլուխը: Աֆորիզմն ընթերցողի գլխին կախում է իրեն «բնազդով», «ներսով» հասկանալու պահանջ՝ հակառակ դեպքում սպառնալով կասկածի դնել ընթերցողի հոգու խորությունն ու իրեն հասկանալու համար ենթադրաբար անհրաժեշտ խորաթափանց գիտելիքների իմացությունը: Սրանով էլ ընթերցողին գցում է ինչպես խոցելի վիճակի, այնպես էլ կախվածության մեջ:

Հայաստանյան Տլյոնի քաղաքական տեքստերում աֆորիզմային ոճը, այլ կերպ ասած՝ խոսքում հիմնավորումների ու փաստարկումների բացակայությունը կատարում է հոգեբանական գերակայության և ճնշման գործառույթ, ինչով տեքստի հետ համաձայնելը դառնում է հրամայական՝ հակառակ դեպքում սպառնալով կասկածի տակ դնել ընթերցողի լայնախոհությունը և հեգնել անբավարար «ֆայմը»՝ ըմբռնելու խոսքի «ինքնըստինքյան հասկանալիությունն» ու դրա «գլոբալ» մասշտաբին անհարիր՝ ապացույցներ ունենալու «մանրուքությունը»:

 

2013 թ. մարտի 26

Չի լինելու կոալիցիոն կառավարություն մեր մասնակցությամբ, կոալիցիան ուրիշ բան է, մեր մոտեցումներով կարող ես լինել ընդդիմություն և մաս կազմել պետական կառավարման համակարգին (չկա բացատրություն, թե ինչպես է դա հնարավոր և ինչպես դա չի հակասում պարզ տրամաբանությանը — Գ.Ղ.):

 

2008թ. հուլիսի 28

Հայաստանում անցել է հանրահավաքների ժամանակաշրջանը, և պայքարը պետք է իրականացնել քաղաքակիրթ բանավեճերի միջոցով (մի կողմ թողնելով այն, թե ինչ սահմանմամբ է հանրահավաքը ոչ քաղաքակիրթ, եթե ամրագրված է Սահմանադրությամբ, հարց է առաջանում, թե ինչ գիտելիքի հիմքով է հռչակվում «հանրահավաքների ժամանակաշրջանի» ավարտը, երբ դրանք ընթանում են խոսքի արտաբերման պահին իսկ և ընդհուպ մինչ օրս — Գ.Ղ.):

 

2013 թ. հունվարի 14

Սակայն վերջին տարիներին Հայաստանում տեղի են ունեցել որոշ դեպքում տեսանելի, սակայն առավելապես խորքային փոփոխություններ…: Կարելի է ասել, որ այդ խորքային գործընթացներն ընթանում են հիմնականում առանց քաղաքական դասի և հասարակության մասնակցության (հետագա շարադրանքում բերված չէ խորքային փոփոխության որևէ օրինակ, ավելին՝ այն հռչակված է «անտեսանելի» ի հակադրություն «տեսանելիի», ուստի անհասկանալի է՝ ինչպես է հեղինակն այն տեսել — Գ.Ղ.):

 

  1. «Նենգությունն» ընդդեմ «բարու»

 

Ավելին՝ ըստ տլյոնյան մտածողության՝ իրերի և երևույթների (այդ թվում սուբյեկտների) շարունակականությունը պնդելը, ուստիև «պատճառահետևանքության» ու փաստարկման համար դաշտ բացելը նենգություն է:

Տլյոնյան փիլիսոփայության ներկայացուցիչները, հերքելու համար աղանդապետի սոփեստությունը, «ցույց տվեցին «չորեքշաբթի օրվա անձրևից մի քիչ ժանգոտած» արտահայտության նենգությունը», որը ենթադրում էր «հինգշաբթի և երեքշաբթի օրերի միջև գտնված ժամանակահատվածում չորս պղնձադրամների գոյությունը»:

«Կորած» և «գտնված» մետաղադրամների նույնությունն աղանդապետի կողմից ընդունված էր իբրև փաստ, որի հիմքով փորձ էր արված ստեղծել ազդեցության մասին պատմող պատում՝ անձրև, որից կարող էին ժանգոտել դրամները: Աղանդապետը խնդրի մեջ մտցրել էր հավելյալ գործոն՝ անձրևի ազդեցությունը՝ բացատրելու համար մետաղադրամների արտաքին փոփոխության պատճառը, մինչդեռ տլյոնյան փիլիսոփայության մեջ մետաղադրամների՝ հինգշաբթի օրը ժանգոտած, իսկ երեքշաբթի օրը չժանգոտած լինե՛լն էր դրանց նույնության մերժման հիմքը՝ շարունակականության չգոյության վառ ապացույցը:

Ուստի «խարդախություն» կարելի էր պիտակել ոչ-նույնության ամենահնչեղ ապացույցը (մետաղադրամների արտաքին տարբերությունը) ազդեցության գործոնի (անձրևից ժանգոտած լինելու) «նենգափոխելու» աղանդապետի ջանքերը:

Հետևաբար, տեքստերում հիմնավորումների, այսինքն՝ երևույթների միջև պատճառահետևանքային կապերի, որոշ երևույթների՝ ժամանակի մեջ նույնության, բայց փոխակերպումների կամ ազդեցությունների ենթարկվելու հատկության ցուցանումը, ըստ այս մոտեցման, հարկավոր է նենգություն համարել: Այն ական է, որը պայթեցնում է գոյության ֆրագմենտարության՝ անպատասխանատվության իդիլիան:

Բացատրող խոսքը «նենգ» է ու «չար», աֆորիզմայինը՝ «բարի» է, «սիրող», «պարկեշտ»:

Փաստարկված խոսքը կռիվ է գցում, քանի որ թույլ է տալիս քննել խոսքի հիմքերն ու ստուգել ամրությունը:

Աֆորիզմայինն անվիճարկելի է, քանի որ զուրկ է փաստարկումից:

Հիմքեր ունեցող խոսքը գայթակղում է «նենգության» ու «խարդավանքի», քանի որ դնում է բաժանարար գծեր, հյուսում պատճառահետևանքային «սարդոստայններ», որոնցում «մեղավոր» են դուրս գալիս ինչ-ինչ երևույթներ, դեպքեր, սուբյեկտներ, որոնցում կապվում են ինչ-ինչ երևույթներ, դեպքեր, սուբյեկտներ՝ իրենց կամքից անկախ, երբեմն ի հեճուկս իրենց ցանկության, և առաջացնում պաշտպանվելու, վիճելու ցանկություն:

Փաստարկված խոսքը «վիրավորում» է նրանց, ովքեր կամ ինչերը բաժանարար գծերից դուրս կամ ներս են մնում:

Մինչդեռ աֆորիզմային խոսքն անբանավեճ է, «անջալունջ» [4]: Այն հատկապես բացառում է որևէ պատասխանատվություն, քանի որ վերջինս, կրկին, սուբյեկտի շարունակականություն և ժամանակի մեջ նույնություն է ենթադրում. հասկացություններ, որոնք բացակա են Տլյոնում:

 

Աֆորիստիկ ստվերների թատրոնը

 

Աֆորիզմային տեքստերը դառնում են փաստարկված տեքստերի նկատմամբ գերիշխող՝ շնորհիվ մի շարք առավելությունների։ Դրանք թույլ են տալիս.

  1. Խուսափել բանավեճից՝ դրա առարկայական հիմքերի բացակայության շնորհիվ:
  2. Խուսափել պատասխանատվությունից բոլոր հարթություններում՝ սկսած նախորդ և ներկա տեքստերի միջև բովանդակային կապի բացակայության և հաճախ հակասության բացատրությունից, վերջացրած տեքստերի իրականանալ-չիրականանալու իմաստավորումից: Վերջինը նաև որակազրկման հարց է առաջացնում, ինչը, սակայն, սուբյեկտի ֆրագմենտարության փիլիսոփայության մեջ վերանում է. ինչպե՞ս որակազրկես մի վերլուծաբանի կամ գործչի, որի նախկին տեքստերն ընդունված է իրենը չհամարել կամ լռելյայն անտեսել՝ որպես սուբյեկտի նախորդ վիճակ, որի փոխակերպումները բացատրության ենթակա չեն:

 

2012 թ. մայիսի 24

—      Կասկած չեմ ունեցել և հիմա էլ կասկած չունեմ, որ կոալիցիա լինելու է: Եվ այսօր խոսք է գնում բացառապես ԲՀԿ-ի՝ կոալիցիայի մեջ մնալու շուրջ առաջարկների մասին:

—      ԲՀԿ-ն հենց նոր հայտարարել է, որ կոալիցիա չի կազմում…

—      Մտնի, թե չմտնի կոալիցիա ԲՀԿ-ն, իր դիրքերը փոխելու հնարավորություն չունի, և ոչինչ չի փոխվելու:

  3. Կառուցել իրավիճակային սցենարներ միևնույն սուբյեկտների մասնակցությամբ, ինչպես թատրոնում/կինոյում են միևնույն դերասանները խաղում բազմազան դերեր՝ առանց պատասխան տալու նախորդ դերերում արածների համար. նրանցից ոչ մեկը պատասխանատու չէ, որ «տաղանդավոր պարոն Ռիպլին» (դերակատարը) իր արժանի պատիժը չի կրում, երբ որպես շարքային Ռայան հայտնվում է նրանց ձեռքում [5]: Նման պահանջ չի էլ ենթադրվում: Ուստի հնարավորություն է ստեղծվում ամեն առանձին իրավիճակում (դրվագում) ստանձնել որոշակի պրագմատիկ դեր և կառուցել համապատասխան տեքստը, իսկ սցենարի տապալման կամ ինչ-ինչ գործոնների փոփոխության պարագայում լքել նախորդ դերն ու տեքստը և հաջորդ սցենարում փորձ անել կրկին ստանձնել մի պրագմատիկ դերակատարություն՝ արդեն ա՛յս դերին համապատասխան տեքստերի արտադրությամբ, և այսպես շարունակ՝ որևէ պարագայում չտալով բացատրություն տեքստերի տրամաբանական անհամապատասխանության, ստանձնած դերերի հակասականության և հատկապես նախորդ տեքստի տրամաբանությունից բխող ենթադրյալ վարքի և ներկա դերակատարության միջև առկա հակասության առնչությամբ:  

 

2008 թ. փետրվարի 21

«Ես կարծում եմ «A»-ն ինչ-որ չափով հասել է իր նպատակին: Նա հավաքել է ավելի շատ ձայներ, քան «B»-ը և «C»-ը: Սա ցույց է տալիս, որ մեր հասարակությունում որոշակի բացասական միտումներ կան, այսինքն՝ բնակչության մի մասի շրջանում ռեվոլյուցիոն տրամադրությունները գերակայում են էվոլյուցիոնի նկատմամբ (!): (Անունները քողարկված են — Գ.Ղ.):

 

2013թ. մարտի 2

«Մենք խնդիր ունենք հազար հեղափոխության, յուրաքանչյուր գյուղ պետք է դառնա հեղափոխության օջախ» (ելույթ հանրահավաքից — Գ.Ղ.):

 

Հենց այս պատճառով էլ ֆրագմենտար (դրվագային) աշխարհայացքի շրջանակներում ժամանակային չափում (անցյալ ու շարունակականություն) մտցնող ցանկացած տեքստ առաջացնում է անընկալունակություն և հատկապես թշնամանք, քանի որ «բազում չկապակցված սուբյեկտների» տարածական ուղիղը փոխակերպում է ժամանակային առանցքի՝ ինքն իր հետ կապակցված և պարզապես ժամանակի մեջ փոփոխություն կրող մեկ սուբյեկտի, որով քաղաքական խոսքի դաշտ են մտնում վերոնշյալ «անցանկալի» և «խուսանավելի» երևույթները, ինչպես հետևողականությունը, փաստարկումը և մասնավորապես՝ պատասխանատվությունը:

Սրանց ներմուծումը քաղաքական խոսքի (և նաև քաղաքական վարքի) դաշտ փոշիացնում է իրավիճակային սցենարներին համահունչ տեքստերի արտադրության լեգիտիմությունը, ինչպես նաև այլընտրանք է մտցնում քաղաքական խոսքի տլյոնյան «անկապակցության» մենիշխանության մեջ՝ կատարելով ականի դեր և քանդելով հայաստանյան քաղաքական Տլյոնի անմարտահրավեր իդիլիան:

 

  1. Խ.Լ.Բորխեսի «Tlön, Ucbar, Orbis Tertius» ստեղծագործությունից այս և հետագա մեջբերումները՝ ըստ 1992 թվականի հրատարակության («Ապոլոն» հրատարակչություն):
  2. Օրինակները բազմաթիվ են, սակայն նյութի սեղմության համար ամեն կարևոր կետի վերաբերյալ կբերենք մեկ-երկու օրինակ:
  3. Աֆորիզմի հիմքում ընկած միտքը կարող է ունենալ (և հիմնականում ունի) և՛ համատեքստ, և՛ անցյալ՝ լինել որևէ պատումից հատված, սակայն այն վերածվում է զուտ աֆորիզմի, երբ կտրվում է դրանցից՝ ձեռք բերելով ինքնաբավ գոյություն:
  4. Ջալունջ (challenge) — «դատական բողոք, գանգատ», որից ջալնջել «դատարանին բողոքել», ջալնջօղ «գանգատաւոր», անջալունջ «առանց դատական բողոքի». Հայերեն արմատական բառարան, Հր. Աճառյան: Կիլիկյան հայերեն է ներմուծվել է 13-րդ դարում Սմբատ Գունդստաբլի կողմից՝ «Անսիզք Անտիոքայ» աշխատության ֆրանսերենից արված թարգմանությամբ: Այստեղ օգտագործված է «challenge» բառի «մարտահրավեր» իմաստով, այսինքն՝ «անմարտահրավեր», «ձեռնոց չնետող», «անվիճարկելի» (unchallengeable):

           5. «Տաղանդավոր պարոն Ռիպլին» և «Փրկելով շարքային Ռայենին». կինոնկարներ Մեթ Դեմոնի դերակատարությամբ, որոնցից առաջինում մարդասպան է, որը կարողանում է                                          թաքցնել իր հանցանքները՝ մնալով անպատիժ, իսկ երկրորդում՝ Երկրորդ աշխարհամարտի խիզախ զինվոր:

Գայանե Ղազարյան

ՀԱԿ վերլուծական կենտրոն

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Էլի՞ կարծենք, որ սա ազնիվ ընդդիմադիր պայքար է, այլ ոչ թե՝ «ռահվիրայի գիտակցված կամ անգիտակից քարոզչություն» ‘
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ. Պռոշյանի գյուղապետի սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի’