‘«Հայաստանն առայժմ մտադիր չէ ռազմական գործողություններ ծավալել Լուսնի վրա»’

1616

Ռաֆայել Թեյմուրազյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Հիմա ինչ կգրեմ՝ իրականություն է: Դեպքը տեղի է ունեցել երեկ:

Սերժ Սարգսյանն ԱԺ-ի հավանությանն է ներկայացրել ինչ-որ համաձայնագիր: «Սա բավականին ծանրակշիռ և լուրջ ոլորտ է»,- գտնում է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը: «Սա շատ լուրջ պրիորիտետ խնդիր է ՀՀ համար»,- վստահեցնում է 90%-անոց փակ սահմաններով երկրի տրանսպորտի փոխնախարարը: «Սա լրջագույն հնարավոր նախաձեռնություններից մեկը կարող է լինել»,- համոզված է ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը:

Խոսքը «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագրի մասին է:

Համաձայնագիրը, բնականաբար, պետք է քննարկվեր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում (Լուսնի հետ գործերն արտաքի՛ն հարաբերություններ են):

Հարցով հիմնական զեկուցողը ՀՀ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանն է: Այ, էս պահը մի քիչ հասկանալի չէ, որովհետև պարզվում է, որ համաձայնագիրը կարգավորում է մասնավորապես Հայաստան-Լուսին ռազմական հարաբերությունները, ավելի կոնկրետ՝ այն ապահովագրում է Լուսնին Հայաստանի հարձակումից: Այս պարագայում, կարծում եմ՝ ավելի տրամաբանական կլիներ, որ հիմնական զեկուցողը լիներ մեր երկրի ռազմական գերատեսչությունից, սակայն դա այդպես չէ:

Թերևս այդ հանգամանքով է պայմանավորված Լուսնի հարցում Հայաստանի մի տեսակ պարտվողական դիրքորոշումը: Տրանսպորտի փոխնախարարը վստահեցրել է, որ «Հայաստանն այսուհետ Լուսինը կարող է օգտագործել միայն խաղաղ նպատակներով»:

Միանգամայն հասկանալի է, որ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար շռայլություն է երկրորդ ճակատ բացելը, այն էլ՝ Լուսնի վրա, սակայն փոխնախարարի պատասխանում մի հետաքրքիր բառ կա՝ այսուհետ: Ի՞նչ ոչ խաղաղ նպատակներով է Հայաստանն օգտագործել Լուսինը մինչ այս պահը, որ փոխնախարարն ընդգծում է «այսուհետ» բառը: Գուցե Սերժն իր անհայտացած պահերին Լուսնի վրա է՞ ապաստան գտել:

Համաձայնագիրը, ի դեպ, կարգավորում է ոչ միայն Լուսնի, այլև՝ երկնային այլ մարմինների հետ կապված հարցերը: Բաց է մնում հարցը, թե համաձայնագիրը կարգավորում է հարաբերությունները բոլո՞ր գալակտիկաների երկնային մարմինների հետ, թե խոսքը միայն Ծիր Կաթինի մասին է:

Ինչևէ, Լուսինը կարող է մի քիչ շունչ քաշել. հանձնաժողովը միաձայն «կողմ» է քվեարկել համաձայնագրին: Հայաստանն առայժմ մտադիր չէ ռազմական գործողություններ ծավալել Լուսնի վրա»:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Բորբոսնած հայրենասերի մեկ օրը ‘
Հաջորդ հոդվածը‘Տրանսսեքսուալ Աննա Գրոդսկան կառաջադրվի Լեհաստանի նախագահի պաշտոնում’