‘Հայաստանն ատոմային ռումբի ստեղծման եզրին’

2949

Քանի որ մինչև 2018 թվականը մեծն առաջնորդ Սերժ Սարգսյանը կլինի իշխանության, և նրա առաջնորդությամբ՝ Հայաստանը կշարունակի նվաճել նորանոր բարձունքներ՝ ինչպես տնտեսական, այնպես էլ` քաղաքական բնագավառում, իսկ այդ նույն ժամանակահատվածում Ադրբեջանը կունենա բոլոր բնագավառներում պարտություններ, անհրաժեշտ է այսօրվանից մտածել, թե ինչպես անել, որ 2018 թվականից հետո Հայաստանը չկորցնի տարածաշրջանում իր ամենահզոր երկիրը լինելու դիրքերը:

Կա երկու ձև. կամ այնպես անել, որպեսզի Սահմանադրությունը փոխելու ճանապարհով երկարաձգվի մեծն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, որպեսզի Հայաստանի առաջընթացը չար ու դավադիր մութ ուժերի կողմից որևէ կերպ չկասեցվի, կամ հայտնաբերել մի այնպիսի միջոց, որը թույլ կտա Սերժ Սարգսյանի իրավահաջորդին նույնպես կարողանալ տարածաշրջանում ունենալ առաջատարի դիրքեր:

Ցավոք սրտի՝ մութ ու դավադիր ուժերը թույլ չտվեցին, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած «Արմենիկում» ունիկալ դեղամիոցը դառնա աշխարհում բոլոր մահացու հիվանդների բալասան, և միլիոնավոր մարդկանց կյանքի գնով այնպես արեցին, որպեսզի հրաշագործ «Արմենիկում»-ից որևէ մեկը չօգտվի` դրանով իսկ չհարստանա Հայաստանը ու տարածաշրջանային լիդերից չվերածվի համաշխարհային լիդերի: Սակայն դեռևս բոլոր միջոցները սպառված չեն:

Հայաստանը, ունենալով գիտատեխնիկական անսահման պաշար և ունենալով Մեծամորի Ատոմակայանը, հնարավորություն ունի մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը ստեղծել ատոմային ռումբ, որի շնորհիվ Հայաստանը կմտնի ատոմային երկրների տասնյակի մեջ: Ի վերջո, ինչո՞վ է մեր մեծ առաջնորդը զիջում մեկ այլ  մեծ առաջնորդ Կիմ Չեն Ընին: Ոչնչով:  

Իհարկե, ՄԱԿ ԱԽ անդամ երկիր Հայաստանը դժվար թե կարողանա դառնալ, քանզի ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանը և Մեծ Բրիտանիան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում սահմանել են այնպիսի կարգ, որ  միայն իրենք պաշտոնապես կարող են լինել ատոմային երկիր, սակայն Հայաստանը հնարավորություն ունի ոչ պաշտոնապես դառնալ ատոմային երկիր՝ Հնդկաստանի, Պակիստանի և Իսրաելի նման: Հյուսիսային Կորեայի բռնած ճանապարհն այս հարցում պետք է օրինակելի լինի մեզ համար:

Ու այդ դեպքում պետք չէ վախենալ տարբեր տեսակի միջազգային ճնշումներից ու Հայաստանի դատարկման մասին սուտ ու դավադիր լուրերից: Լինելով նախաձեռնողական քաղաքականության ռահվիրան` պետք է տարածաշրջան բերել նոր ռազմական մշակույթ:

Լեո Փանջունի

Նախորդ հոդվածը‘ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին կառաջարկի հրաժարվել «գենդերային» վիճահարույց ձեւակերպումներից’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայել ՀՀ Զինված ուժերում’