‘ Հայաստանն ու ԱՄՀ պայմանավորվել են 125 մլն դոլարի նոր վարկերի տրամադրման շուրջ’

1172

Արժույթի միջազգային հիմնադրամը և Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) 38-ամսյա ծրագրի հայտի շուրջ, որը սատարելու է կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) 2014-2017 թթ. ֆինանսատնտեսական ծրագիրը:

Ինչպես նշվում է ԱՄՀ Երևանի ներկայացուցչությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաղորդագրությունում, ծրագրի շրջանակում Հայաստանը կկարողանա ԱՄՀ-ից ներգրավել մինչև 82.21 միլիոն ՓՀԻ (մոտավորապես 125 միլիոն ԱՄՆ դոլար) չափով վարկ՝ ելնելով կիսամյակային վեց ստուգումների արդյունքներից:

«Անցյալ տարվա հուլիսին ավարտված՝ ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի նպատակները հիմնականում իրագործվել են: Դրանց թվում էին՝ հարկաբյուջետային և արտաքին կայունության վերականգնումը, ֆինանսական կայունության պահպանումը, տնտեսական աճի վերականգնումը և աղքատության կրճատումը», — հայտարարել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը: Նրա ասելով՝ հիմնական ձեռքբերումներից էին՝ 2009 թ. 14 տոկոս անկումից հետո տնտեսական աճի վերահաստատումը, բյուջեի և արտաքին ընթացիկ հաշվի պակասուրդների զգալի կոնսոլիդացման ապահովումը և մի շարք ոլորտներում կառուցվածքային բարեփոխումների խորացումը:

Հիշեցնենք, որ ԱՄՀ գործադիր խորհուրդը 2013 թվականի հուլիսի 1-ին հավանություն էր տվել Հայաստանին 84 մլն դոլարի (55 մլն SDR) հերթական (յոթերորդ և վերջին) տրանշի տրամադրմանը, ասվում է կազմակերպության կայքում: Հաշվի առնելով յոթերորդ տրանշը` ԱՄՀ փոխառությունների ընդհանուր գումարը, պայմանավորվածություններին համապատասխան, կազմել է 407,2 մլն դոլար (266,8 մլն SDR). Հայաստանի համար ԱՄՀ EFF/ECF եռամյա ծրագիրը, որի ընդհանուր ծավալը 266,8 մլն SDR է, հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել էր 2010 թվականի հունիսին, և այն ժամանակ տրամադրվել էր 36.2 մլն SDR (շուրջ 53,6 млн դոլար) գումարի առաջին տրանշը: 

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում մի խումբ հայեր փորձել են բանկոմատ գողանալ’
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգությունը» կողմ է գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն’