‘Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը բյուջետային ճգնաժամը չի խափանել’

1087

Ինչպես Մեդիամաքս-ին հաղորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի խոսնակ Թագուհի Ջահուկյանը, դեսպանատունը բաց է հյուպատոսական ծառայությունների, այդ թվում` մուտքի արտոնագրերի և ԱՄՆ քաղաքացիներին արտակարգ ծառայությունների տրամադրման համար:

«Բացի այդ, դեսպանությունը շարունակում է իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք կապված են ԱՄՆ շահերի պաշտպանության հետ: Այնուամենայնիվ, կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման ժամանակահատվածում հնարավոր է վերանայվեն դեսպանության ծախսերը և որոշ միջոցառումներ կարող են կրճատվել»,- ասել է Թագուհի Ջահուկյանը:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 1-ից, երբ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հրաժարվեց հաստատել նոր ֆինանսական տարվա բյուջեն, Միացյալ Նահանգների պետական մարմինները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը: Ստորին պալատում մեծամասնություն կազմող հանրապետականների ներկայացրած բյուջեի նախագիծը փոխկապակցված է առողջապահության ոլորտում նախագահ Օբամայի առաջարկած բարեփոխումների կրճատման կամ հետաձգման հետ: Օբամայի աշխատակազմը և Կոնգրեսի ստորին պալատի անդամները փորձում են բյուջետային ճգնաժամից դուրս գալու ելք գտնել, սակայն առայժմ նրանց չի հաջողվել փոխզիջման հասնել:

Նախորդ հոդվածը‘Մատրի. «Եթե գրավեմ «Յուվենտուսի» դարպասը, ապա այն կնշեմ»’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա’