‘Հայաստանում իրենց զավակներին ամենաշատը Նարե և Դավիթ են անվանակոչել’

948

Հայաստանում ծնողներն իրենց երեխաներին նախորդ տարվա ընթացքում ամենաշատն անվանակոչել են Նարե և Դավիթ: Նախորդ տարի ծնված 19 հազար 618 աղջիկներից 945-ին անվանել են Նարե, իսկ 22 հազար 715 տղաներից 1283-ին` Դավիթ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների համաձայն` ցուցակի երկրորդ տեղում Միլենա և Նարեկ անուններն են, համապատասխանաբար, 868 և 1129 երեխա: Ամենակիրառված անուններից են նաև Մարին և Գոռը: Ողջ տարվա ընթացքում իրենց դստերը Մարի են անվանել 773 հոգի, իսկ Գոռ անունով կոչել են 813 փոքրիկի: Մանեն և Հայկը կրկին արդիական անուններից են: Նրանք իրենց կիրառելիությամբ եղել են չորրորդ հորիզոնականում:

Ըստ ԱՎԾ-ի` ցանկի հինգերորդ հորիզոնականում Անի և Էրիկ անուններն են: Նախորդ տարվա ընթացքում վեցերորդ հորիզոնականում գտնվող Անահիտ ու Ալեքս անունները գրեթե հավասարաչափ են կիրառվել, յոթերորդ հորիզոնականում Էլեն և Տիգրան անուններն են: 2012թ-ին երեխաներին ամենաշատը տրված անուններից են նաև Մարիամն ու Արմանը, իսկ Աննա և Սամվել անուններն իրենց կիրառելիությամբ` ցանկի իններորդ հորիզոնականում են: Հանրապետությունում արդիական անուններ են նաև Մարիա և Ալեն անունները, որոնք գտնվում են տասներորդ հորիզոնականում:   

2011թ-ին ամենաշատ կիրառված երեք անունները եղել են համապատասխանաբար` Նարեկ, Դավիթ, Գոռ և Մանե, Միլենա, Անի անունները: Սրանք նախորդ տարվա ցանկի առաջին տասնյակում պահպանվել են` աննշան փոխելով դիրքը: 

\"\"

Նախորդ հոդվածը‘Արամ Հարությունյանն ինքնաբացարկ հայտնեց’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլիի զինակիցը սպառնացել է պայթեցնել Ստալինի հուշարձանը’