‘Հայաստանում մեկնարկեց աշնանային զորակոչը ‘

993

Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին iLur.am-ին տեղեկացնում են նախագահի գրասենյակից:

Հրամանագրի համաձայն, որոշվել է 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: Որոշվել է նաև 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

Նախորդ հոդվածը‘Համաշխարհային մամուլի առաջին էջերը՝ Ջոբսի մահվան մասին (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի եւ Դարիո Սրնայի հանդիպումը ուսանողների հետ (ֆոտոշարք)’