‘Հայաստանում Ուկրաինայի դեսպանը Հայոց ցեղասպանությունը համեմատել է 30-ական թթ. Հոլոդոմորի հետ’

832

Ուկրաինան` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների մասնակցելու հրավեր դեռ չի ստացել:

«Առայժմ մենք նման հրավեր չենք ստացել`առնվազն մեր դիվանագիտական ուղիներով հրավեր չի ստացվել: Բայց դեռ ժամանակ կա: Կարծում եմ`հրավերը կստացվի»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան`«ցեղասպանություն» տերմինի փոխարեն օգտագործելով «ողբերգություն» բառը:

Դիվանագետը դժվարացել է ասել նաև, թե ով է ներկայացնելու պաշտոնական Կիևը հրավեր ստանալու դեպքում:

Միաժամանակ Ուկրաինայի դեսպանը գտնում է, որ ուկրաինացի և հայ ժողովուրդները նման են իրենց ողբերգություններով:

«Խորհրդային տարիներին Ուկրաինայում ստալինյան ռեժիմի զոհ է դարձել 4- 4, 5 մլն մարդ: Ստալինյան ռեժիմը գիտակցաբար Հոլոդոմոր` ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն է իրականացրել: Դուք գիտեք, որ մենք միջազգային կազմակերպություններում բարձրացնում ենք 1932-1933 թթ. իրադարձությունները միջազգային մակարդակով ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն ճանաչելու հարցը: Կարծում եմ, որ թե՜ Հայաստանը, թե՜ Ուկրաինան ամեն բան անելու են, որպեսզի այդ երկու ողբերգությունները մոռացության չմատնվեն»,- եզրափակել է նա:

Նախորդ հոդվածը‘Բեկենբաուերը քննադատել է Գվարդիոլային’
Հաջորդ հոդվածը‘Հաջորդ շաբաթ Երևան կժամանի ԱՄՆ նոր դեսպանը’