‘Հայաստանում տեղի Է ունեցել ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերի գլխավոր վարժանքը’

1136

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ)  «Փոխգործակցություն-2012» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում սեպտեմբերի 17-ին անցկացվել Է զորքերի պրակտիկ գործողությունների մշակման գլխավոր վարժանքը, հաղորդում է «Արմենպրեսը»:

Վարժանքի ընթացքում մարտական հրաձգության փուլում դրա մասնակիցները օգտագործել են զինամթերքի 30 տոկոսը, ներառյալ օդուժի ռմբանետումը, հրետանու, տանկերի և հետևակի մարտական մեքենաների կրակը, շարժական զենիթահրթիռային համալիրների արձակումները:

Գլխավոր վարժանքի ընթացքում զորավարժությունների ղեկավարությունը նշել Է ԱԱՀՈւ-ի ստորաբաժանումների, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ՆԳ և արտակարգ իրավիճակների նախարարությունների հատուկ նշանակության ուժերի միջև գործակցության բարձր մակարդակը:

Զորավարժությունների եզրափակիչ ակտիվ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին: Դրա ընթացքին կհետևեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի միջազգային դիտորդները:

Լուսանկարը՝ Ֆոտոլուր

Նախորդ հոդվածը‘Մեսիի հերթական ռեկորդը’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ-ն կտեղափոխվի. ԱԳՆ մամլո խոսնակ’